ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-572-17.03.2009-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

Ներկայացված Նախագծերի փաթեթը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա լրացումներ կատարել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի ստեղծում:

1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1.1. Նախագծի 2-րդ հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

1.2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով, որի «2-րդ կետով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2-րդ մասով» բառերով:

2. «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

2.1. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածում կատարել որոշակի փոփոխություններ եւ լրացումներ: Նշենք, որ Ազգային ժողովում արդեն ընթերցմամբ ընդունվել էեւս մի նախագիծ (փաստաթղթային կոդ` Կ-5262-03.02.2009-ՖՎ-010/0 ), որով նախատեսվում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Ուստի այս երկու օրենքների նախագծերը 103-րդ հոդվածի առումով հստակեցման կարիք ունեն:

2.2. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը լրացնել նոր 103.1-րդ հոդվածով, որի 8-րդ մասով սահմանված է. «Ազգային ժողովում քննարկվելուց հետո Հայաստանի Հանրապետության դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում … »: Առաջարկում ենք այս դրույթը քննարկել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ս. Յուզբաշյան

Մ. Հակոբյան