ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի
(փաստաթղթային կոդ` Կ-593-14.04.2009-ՏՏ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

1. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծի 1-ին հոդվածը լրացուցիչ հստակեցման եւ պարզաբանման կարիք ունի: Միաժամանակ` «պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը սոցիալական եւ բարեգործական ծրագրեր իրականացնելու դեպքերում կարող են տրամադրվել անհատույց» դրույթն անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ եւ 685-րդ հոդվածների պահանջների հետ:

Այսպես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի համաձայն` նվիրատվության պայմանագրով մի կողմը մյուս կողմի սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կամ իրեն, կամ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք, կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից, իսկ որեւէ մեկին գույք կամ գույքային իրավունքներ անհատույց հանձնելու կամ որեւէ մեկին գույքային պարտականությունից ազատելու խոստումը համարվում է նվիրատվության պայմանագիր, եւ պարտավորեցնում է խոստացողին, եթե խոստումը տրվել է պատշաճ ձեւով ու պարունակում է կոնկրետ անձին գույք կամ իրավունք ապագայում անհատույց հանձնելու կամ նրան գույքային պարտականությունից ազատելու մասին պարզ արտահայտված ցանկություն:

Իսկ նույն օրենսգրքի 685-րդ հոդվածով սահմանվում է, որ գույքի անհատույց oգտագործման պայմանագրով (փոխատվության պայմանագիր) մի կողմը (փոխատուն) պարտավորվում է գույքը հանձնել կամ հանձնում է մյուu կողմի (փոխառուի) անհատույց ժամանակավոր oգտագործմանը, իuկ վերջինu պարտավորվում է այդ գույքը վերադարձնել նույն վիճակում` հաշվի առնելով դրա բնականոն մաշվածքը, կամ պայմանագրով որոշված վիճակում:

2. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծի 1-ին հոդվածում օրենսդրական տեխնիկայի կանոնների պահանջներից ելնելով, առաջարկում ենք « … ..Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված դեպքերում» արտահայտությունը հստակեցնել, նշելով համապատասխան հոդվածը կամ հոդվածները:

Նախագծերի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Կ. Հարությունյան

Ա. Գալստյան