Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-632-27.05.2009-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Օրենքի նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է փորձաքննության արդյունքները:

1. Ներկայացված Օրենքի նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում: Այն համահունչ է Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության 1994 թվականի Մաքսերի եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի Մարաքեշի Արձանագրությանը, ինչես նաեւ Մաքսերի ու առեւտրի գլխավոր Համաձայնագրին եւ միջազգային այլ իրավական ակտերին:

3. Օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

4. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագիծը հստակեցման կարիք ունի:

Այսպես, Օրենքի նախագծի 1 հոդվածով ամրագրված է, որ` «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի 2000 թվական, ՀՕ-83) 102-րդ հոդվածի աղյուսակում, ըստ ԱՏԳ ԱԱ-ի համապատասխան տողերի, կատարել հետեւյալ լրացումները»: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի «Մաքսատուրքի դրույքաչափերը» վերնագրով 102 հոդվածը բաղկացած է 5 մասերից եւ վերջինիս 1-ին եւ 4-րդ մասերում առկա են երկու (2) տարբեր աղյուսակներ:

Չնայած այն հանգամանքին, որ Օրենքի նախագծի 1 հոդվածով հստակ սահմանված չէ ներկայացված լրացումների կոնկրետ դրույթը, սակայն առաջարկվող լրացումները, մեր կարծիքով, տրամաբանորեն վերաբերվում են Օրենսգրքի 102 հոդվածի 1-ին մասի աղյուսակին, ուստի Օրենքի նախագիծն«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36 եւ 45 հոդվածների դրույթներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ իրավադրույթների բովանդակային տրամաբանական կապը հստակեցնելու եւ տարաբնույթ ընկալումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք Օրենքի նախագծի 1-ին հոդվածում «102-րդ հոդվածի աղյուսակում» բառերը փոխարինել «102-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում» բառերով:

5. Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Օրենքի նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Գ. Կիրակոսյան

Ա. Քոչարյան