Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-645-18.06.2009-ԳԿ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Օրենքի նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
1.Օրենքի նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2.Օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում: Սակայն, անհրաժեշտ ենք համարում նշել այն փաստը, որ 1966 թվականից սկսած Շախմատի համաշխարհային Ֆեդերացիայի (FIDE) կողմից հուլիսի 20-ը հռչակված է որպես շախմատի միջազգային օր: Այդ Ֆեդերացիային Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 1992 թվականից:
3.Օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից որեւէ խնդիր չի առաջացնում:
4.Օրենքի նախագիծի տեքստը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի, 39-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:
Քանի որ, «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման օր է ամրագրվում 2001 թվականի հուլիսի 24-ը, այլ ոչ թե օգոստոսի 6-ը, ուստի առաջարկում ենք Օրենքի նախագծի 1-ին հոդվածում «օգոստոսի 6-ի» բառերը փոխարինել «հուլիսի 24-ի» բառերով:
5.Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածի պահանջներին:
Օրենքի նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`Ա.Դանիելյան
Ա. Քոչարյան