Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-653.24.06.2009-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը ` (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ինչը պայմանավորված է հետեւյալ հիմնավորմամբ.

Նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգը ընդհանրապես հանել եւ ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով: Նկատի ունենալով նշվածը, կարծում ենք` Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու համար թերեւս կպահանջվի պատգամավորության թեկանածուի կողմից որեւէ կուսակցության անդամակցություն, ինչը ենթադրում է մարդու` ընտրվելու իրավունքի որոշակի սահմանափակման խնդրի առկայություն: Այս իմաստով առաջարկում ենք դիտարկել Նախագծով առաջարկվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ, 30.2-րդ, 43-րդ եւ 64-րդ հոդվածների համատեքստում քննարկելու հարցը:

Նախագիծը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Չնայած այն հանգամանքին, որ Նախագծին կից ներկայացված է տեղեկանք այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում, այնուամենայնիվ նշենք, որ Նախագծի ընդունման հետ մեկտեղ անհրաժեշտ է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ որոշակի օրենքներում, մասնավորապես` նույն` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածի 6-րդ մասում, 118-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերում, 119-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերում, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում, ՀՀ քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

Միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից օրենքի նախագիծը առաջացնում է որոշակի խնդիրներ, որոնք կրում են սկզբունքային բնույթ, ուստի անհրաժեշտ ենք համարում դրանք ներկայացնել ստորեւ.

1. Օրենքի նախագծի 20-րդ հոդվածի 4-րդ մասով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 35-րդ հոդվածի 4-րդ կետը վերաշարադրել հետեւյալ` նոր խմբագրությամբ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է դառնում խորհրդարանական ընդդիմադիր առավել թվով տեղեր ունեցող խմբակցության կողմից առաջադրված անդամը»:

Հարկ ենք համարում ուշադրության հրավիրել այն փաստը, որ վերոգրյալ դրույթը հակասում է 2002 թվականին Քիշնեւում ընդունված «Անկախ ՊետություններիՀամագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների եւ ազատությունների չափանիշերի մասին» Կոնվենցիայում (այսուհետ` Կոնվենցիա) ամրագրված դրույթներին, մասնավորապես` Կոնվենցիայի «Ընտրությունների անցկացումը ընտրական մարմինների (ընտրական հանձնաժողովների) կողմից» վերնագրով 11-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերին:

Այսպես, Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ ամրագրված է, որ չի թույլատրվում այլ համակարգերի, մարմինների կամ կազմակերպությունների գործունեությունը, որոնք փոխարինում են ընտրական մարմիններին կամ մասամբ իրականացնում են նրանց գործառույթները կամ խոչընդոտում կամ ապօրինաբար միջամտում են նրանց օրինական գործունեությանը կամ յուրացնում են նրանց կարգավիճակը եւ լիազորությունները:

Կոնվենցիայի 11 հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Կողմերն ընդունում են թեկնածուին, թեկնածուների ցուցակ առաջադրած քաղաքական կուսակցությանը (դաշինքին)` թեկնածուին(թեկնածուների ցուցակը) գրանցած ընտրական մարմնում եւ ստորադաս ընտրական մարմիններում` իր նշանակած թեկնածուին, քաղաքական կուսակցությանը (դաշինքին) ներկայացնող ընտրական մարմնի խորհրդակցական ձայնի իրավունքով մեկական անդամ նշանակելու իրավունք ընձեռելու հնարավորությունը օրենքով նախատեսված կարգով»:

Չնայած Կոնվենցիայի հետ արդեն իսկ առկա են հիշյալ հակասությունները, սակայն խնդրո առարկա հանդիսացող հարցի իրավական կարգավորման միջազգային փորձը վեր հանելու նպատակով` մեր կողմից ուսումնասիրության են ենթարկվել նաեւ մի շարք եվրոպական պետությունների ընտրական համակարգերում կենտրոնական ընտրական հանձնաժողվի նախագահի ընտրության մեխանիզմներիիրավական կարգավորումները:

Ուստի, անհրաժեշտ ենք համարում նշել, որ ուսումնասիրության ենթարկված մի շարք երկրների ընտրական համակարգը կարգավորող իրավական ակտերում, մասնավորապես` Էստոնիայում` «Նախագահի ընտրությունները մասին» Օրենքով (1996թ.), Լիտվայում` «Նախագահական ընտրութունների մասին» Օրենքով (2000թ.), Գերմանիայում` Ընտրական Օրենքով (1956թ.), Ավստրիայում` «Ընտրությունների մասին» Օրենքով (1992թ.), Ֆրանսիայում` Ընտրական օրենսգրքով (1964թ.), Լեհաստանում` «Նախագահի ընտրությունները մասին» Օրենքով (2000թ.), Ռումինիայում` «Ռումինիայի նախագահի ընտրությունների մասին» Օրենքով (1992թ.), Ռուսաստանում `«Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների մասին» Դաշնային օրենքով (1999թ.) * առկա չեն եւ, նույնիսկ, ի սպառ բացակայում են այնպիսի կարգավորող դրույթներ կամ իրավական մեխանիզմեր, որտեղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ոչ թե առաջադրվի, ընտրվի, այլ «դառնա», այն էլ միայն խորհրդարանական ընդդիմադիր առավել թվով տեղեր ունեցող խմբակցության կողմից առաջադրված անդամը` ինչպես առաջարկվում է Օրենքի նախագծի20-րդ կետի 4)-րդ կետով:

2. Օրենքի նախագիծը 33-րդ հոդվածի 5)-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 79-րդ հոդվածում ավելացնել 11-րդ կետ, համաձայն որի` նախագահական ընտրությունների արդյունքում 5%-ոց շեմը հաղթահարած թեկնածուների նախընտրական հիմնադրամից կատարված եւ համապատասխան հաշիվ-ապրանքագրերով ու հաշվապահական այլ փաստաթղթերով հիմնավորված ամբողջ ծախսը պետք է փոխհատուցվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` ընտրությունների ավարտից հետո 2 ամսվա ընթացքում:

Համապատասխանաբար, Օրենքի նախագծի 47-րդ հոդվածի 7)-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 112-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ կետով, սակայն վերոգրյալ դրույթի նույնաբովանդակ պահանջն այս դեպքում անմիջականորեն վերաբերվում է խորհրդարանական ընտրություններին:

Մինչդեռ, խնդրո առարկա հանդիսացող հարցի իրավական կարգավորման միջազգային փորձը վեր հանելու նպատակով ուսումնասիրության են ենթարկվել մի շարք պետությունների ընտրական համակարգեր:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ մի շարք երկրների` մասնավորապես` Էստոնիայի, Լիտվայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի Լեհաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի նախագահական, ինչպես նաեւ խորհրդարանականընտրություններն կարգավորող տարբեր իրավական ակտերում առկա չեն այնպիսի իրավական մեխանիզմներ, որտեղ տվյալ երկրի պետական բյուջեից փոխհատուցվի նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների արդյունքում որոշակի շեմը հաղթահարած թեկնածուների նախընտրական հիմնադրամից կատարված եւ համապատասխան հաշվապահական փաստաթղթերով հիմնավորված ամբողջ ծախսը:

«Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվում է ՀՀ Ընտրական օրենսգրքի (Այսուհետ` Օրենսգիրք) 10-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «ինչպես նաեւ այդ համայնքում բնակվող եւ որեւէ համայնքում հաշվառում չունեցող, իսկ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում՝ նաեւ այլ համայնքում հաշվառված քաղաքացիները» բառերը: Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում էՕրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «յուրաքանչյուր ոք» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ այլ համայնքում հաշվառված եւ այդ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված քաղաքացիները» բառերով: Ստացվում է, որ այն անձինք, ովքեր օժտված են ընտրելու իրավունքով, բնակվում են այդ համայնքում, սակայն որեւէ համայնքում հաշվառված չեն, ընդհանրապես զրկվում են ընտրելու սահմանադրական իրավունքից: Մեր կարծիքով այս դրույթը չի թղթակցում ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածով սահմանված դրույթների հետ:

Բացի այդ հոդվածի 1-ին կետի «բառերն ուժը կորցրած ճանաչել» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հանել» բառով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանված է. «Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` …2) բառեր, թվեր կամ նախադաuություններ հանելու միջոցով. 4) բաժինների, գլուխների, հոդվածների, մաuերի, կետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով»: Իսկ, ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի` «Իրավական ակտի գործողությունը դադարում է` 1) իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում …»:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ, որով սահմանվող դրույթները պարտավորություններ է սահմանում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի համար: Մինչդեռ, չի սահմանվում պատասխանատվություն տվյալ պարտավորությունների չկատարման համար: Ուստի տվյալ դրույթն ընդունելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներում:

3. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 14-րդ հոդվածի 4-րդ կետի վերջում ավելացնել «ինչպես նաեւ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, անհատ թեկնածուներին» բառերը: «Անհատ թեկնածու» հասկացությունը Օրենսգրքում սահմանված չէ: Ուստի անհրաժեշտ է կամ սահմանել վերոնշյալ տերմինի հասկացությունը, կամ այն փոխարինել մեկ այլ բառով:

4. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին կետը եւ Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ կետը «սակագների» առումով միմյանց համապատասխանեցման կարիք ունեն:

5. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ինչպես նաեւ նրանց կամ նրանց անդամների կողմից ղեկավարվող իրավաբանական անձանց եւ նրանց ներկայացուցիչներին արգելվում է անձամբ կամ իրենց անունից կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին, համայնքներին, բոլոր տեսակի կազմակերպություններին եւ նրանց աշխատակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Կարծում ենք, որ նման փոփոխության կարիք չկա, քանի որ Օրենսգրքի համապատասխան դրույթը հստակորեն սահմանում է, թե ով չի կարող որոշակի գործողություններ կատարել` ընդհանուր առմամբ եւ, երբ փորձ է արվում տվյալ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց շրջանակը մանրամասնել, ապա պետք է թվարկել վերոնշյալ բոլոր հնարավոր «թեկնածուներին»:

6. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է Օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի վերջում ավելացնել նոր պարբերություն, որի իմաստն անհասկանալի է: Ուստի առաջարկում ենք քննարկել եւ հստակեցնել նախատեսվող լրացումը:

7. Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվող 20.1-րդ հոդվածի վերնագրի «ՀՌԱՀ», ինչպես նաեւ նույն հոդվածի 4-րդ մասի «ԿԸՀ» հապավումներն առաջարկում ենք բացել: Լրացվող հոդվածը հատկապես հոդվածի 8-րդ մասը հակասում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքին, մասնավորապես` 37-րդ հոդվածին, որով հստակ եւ սպառիչ սահմանված են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնախողովի գործառույթները: Ուստի անհրաժեշտ է քննարկել եւ վերախմբագրել 20.1-րդ հոդվածը: Բացի այդ` 1-ին մասի «նույնիսկ մեկ» բառերն առաջարկում ենք փոխարինել «յուրաքանչյուր» կամ մեկ այլ համարժեք բառով: 3-րդ եւ 5-րդ մասերի «մեթոդիկա» բառն առաջարկում ենք փոխարինել «կարգ» կամ այլ համարժեք հայերեն բառով: 7-րդ մասը հստակեցման կարիք ունի, քանի որ նախընտրական գովազդի հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Օրենսգրքի 20-րդ հոդվածով:

8. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 21-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով. «Բոլոր տեսակի քարոզչական պաստառների, նյութերի ու միջոցների պատրաստումը եւ/կամ նպատակային կիրառումը պարտադիր պետք է կատարվեն նախընտրական հիմնադրամի միջոցներով: Հասարակական տրանսպորտը՝ անկախ սեփականության ձեւից, չի կարող  օգտագործվել  նախընտրական  քարոզչության նպատակով, բացառությամբ այն դեպքերի,  երբ մյուս թեկնածուների համար  ապահովվում են հավասար  պայմաններ»: Լրացման 1-ին նախադասությունը կարծում ենք Օրենսգրքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի հետ համադրման կարիք ունի, ըստ որի` հստակ սահմանված է. «Եթե թեկնածուն կամ կուuակցությունը նախընտրական քարոզչության համար, բացի նախընտրական հիմնադրամի միջոցներից, oգտագործում է նաեւ այլ միջոցներ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը կարող է ուժը կորցրած ճանաչել թեկնածուի կամ կուuակցության ընտրական ցուցակի գրանցումը»: Լրացման 2-րդ նախադասության 1-ին եւ 2-րդ մասերը հակասում են միմյանց: Եթե 1-ին մասում սահմանվում է, որ հասարակական տրանսպորտի օգտագործումն արգելվում է, ապա որպես բացառություն չի կարող դիտվել մեկ այլ թեկնածուի կողմից դրանց օգտագործումը, քանի որ օգտագործումն արդեն իսկ արգելված է նախադասության 1-ին մասով:

9. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվում է Օրենգրքի 21-րդ հոդվածը լրացնել նոր 9-րդ եւ 10-րդ մասերով, որոնց «2 քառակուսի մետրից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «երկու մետր քառակուսուց» բառերով կամ «2 մ2» թվով, իսկ «ԿԸՀ» հապավումն անհրաժեշտ է բացել:Ընդհանուր առմամբ 9-րդ եւ 10-րդ մասերի լրացումն անհասկանալի է, քանի որ Օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանված է. «Համայնքի ղեկավարը, ոչ ուշ, քան նախընտրական քարոզչությունն uկuվելուց հինգ oր հետո, համայնքի տարածքում առանձնացնում է հատուկ տեղեր քարոզչական պաuտառներ փակցնելու համար: Այդ տեղերը պետք է հարմար լինեն ընտրողների այցելության համար: Այդպիuի տեղեր յուրաքանչյուր տեղամաuում պետք է լինեն մեկից ոչ պակաu: Թեկնածուներին եւ կուuակցություններին հատուկ տեղերում տրամադրվում է հավաuար մակերեu»:

10. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվում է Օրենգրքի 21-րդ հոդվածը լրացնել նոր` 11-րդ մասով. «Հանրային տարածքներում, ինչպես նաեւ  բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում արգելվում է քարոզչական նյութեր փակցնելը»: Մեր կարծիքով, տվյալ լրացումը պետք է կատարվի Օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում, որով սահմանված է, թե որտեղ կարող են փակցվել քարոզչական պաստառները:

11. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվում է Օրենգրքի 21-րդ հոդվածը լրացնել նոր 12-րդ մասով. «Արգելվում է Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների սեփականություն  հանդիսացող շենքերի վրա քարոզչական նյութեր փակցնելը, բացառությամբ այն դեպքի, երբ դրանք տրամադրված են բոլոր թեկնածուներին հավասար պայմաններով»: Կարծում ենք այս լրացման կարիքը չկա, քանի որ հնարավոր է, որ Օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված «հարմար» տեղերը լինեն հենց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների սեփականություն հանդիսացող շենքերը: Առավել եւս, որ ընտրություններն անցկացվում են հենց այդ շենքերում: Նախադասության երկրորդ մասում կա հակասություն: Եթե սահմանվում է, որ արգելվում է քարոզչական նյութեր փակցնելը, ապա որպես բացառություն չի կարող դիտվել մեկ այլ թեկնածուի կողմից դրանց փակցնելը, քանի որ փակցնելն արդեն իսկ արգելված է:

12. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվում է Օրենգրքի 21-րդ հոդվածը լրացնել նոր 13-րդ մասով. «Այն բարեգործական հիմնադրամները, որոնք կրում են կուսակցությունների, թեկնածուների անվանումները, անունները կամ ունեն դրանց  հետ շփոթեցման հասցնող անուն, անվանում կամ ասոցացվում են որեւէ կուսակցության, կամ թեկնածուի հետ, ընտրությունների ընթացքում դադարեցնում են իրենց գործունեությունը»: «Դադարեցնել» բառն անհրաժեշտ է փոխարինել «կասեցնել» բառով: Բացի այդ, մեր կարծիքով, կասեցման կարգի առումով այս դրույթը չի թղթակցում ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 4-րդ կետի հետ, ըատ որի. «Բացառապեu Հայաuտանի Հանրապետության oրենքներով են uահմանվում` …իրավաբանական անձինք uտեղծելու, դրանց գործունեությունը կաuեցնելու կամ դադարեցնելու կարգը եւ պայմանները»:

13. Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 22.1-րդ հոդվածի ավելացնել նոր նախադասություն. «Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ որպես թեկնածու գրանցված պետական ծառայողները (Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի եւ այլ անկախ հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, պետական կառավարման հանրապետական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, աշխատակազմի ղեկավարներն ու նրանց տեղակալները, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական եւ պետական ու հանրային այլ ծառայողներ), բացառությամբ Հայաստանի Հանրապետության գործող նախագահի, ընտրությունների ընթացքում կասեցնում են իրենց պաշտոնավարությունը` գնալով իրենց հաշվին արձակուրդի, ինչի ժամանակահատվածը հաշվվում է ապահովագրական եւ աշխատանքային ընդհանուր ստաժի մեջ: Նշված անձինք կարող են աշխատանքի վերադառնալ միայն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ` աղետներ, ռազմական դրություն հայտարարելու դեպքերում»: Ներկայացված լրացումն ընդհանուր առմամբ հակասում է ՀՀ հանրային ծառայության ոլորտները կարգավորող օրենքներին, քանի որ այս լրացմամբ նման դրույթներ չեն պարունակում: Ոստի լրացումը խորը քննարկման եւ լուրջ վերախմբագրման կարիք ունի:

14. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով առաջարկվում է Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «կամավոր մուծումներ» բառերը փոխարինել «ֆինանսական եւ ոչ ֆինանսական ներդրումներ» բառերով, իսկ «մուծում» բառը «ներդրում» բառով: Ներդրումն ինքնին առաջացնում է իրավունքներ եւ պարտականություններ ներդնողի համար, որն ընտրական գործընթացի պարագայում անհասկանալի է եւ հստակեցման կարիք ունի: Առավել եւս, որ Նախագծով չի սահմանվում «ֆինանսական եւ ոչ ֆինանսական ներդրուման» հասկացությունը, որը պահանջում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը: ՀՀ ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի համատեքստում անհասկանալի է «ոչ ֆինանսական ներդրում» հասկացությունը:

15. Նախագծի 13-րդ հոդվածի 6-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 25-րդ հոդվածի 11-րդ մասից հետո ավելացնել 12-րդ եւ 13-րդ նոր մասեր, որոնք ձեւակերպման եւ նպատակի արտահայտման առումով խիստ վերախմբագրման կարիք ունեն:

16. Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ 5-րդ եւ 6-րդկետերով առաջարկվում է Օրենսգրքի 26-րդ հոդվածում կատարել որոշակի փոփոխություններ, որով ամբողջովին խեղաթյուրված է եւ հոդվածի միտքը, եւ օրենսդրական տեխնիկայի պահանջները: Ուստի առաջարկում ենք հոդվածն ամբողջովին հստակեցնել եւ վերախմբագրել:

17. Նախագծի 15-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի վերջում ավելացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ. «Այդ նպատակով վստահված անձ դառնալու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի գրանցող մարմնին է ներկայացնում հավաստագիր վերը թվարկված կարգավիճակներից որեւէ մեկին չպատկանելու վերաբերյալ»: Այստեղ անհրաժեշտ է հստակեցնել, որ վստահված անձ դառնալու համար դիմած քաղաքացին հոդվածի 4-րդ մասով սահմանված «կարգավիճակներից» որեւէ մեկին չպատկանելու վերաբերյալ «հավաստագիր» /հավանաբար տեղեկանք/ չի կարող ներկայացնել: Որպես օրինակ` անհրաժեշտ է նկատել, թե քաղաքացին ինչպես պետք է ներկայացնի տեղեկանք, իր` ՀՀ վարչապետ, ՀՀ կառավարության անդամ կամ հոգեւորական չհանդիսանալու վերաբերյալ: Կարծում ենք, որ վերոնշյալ լրացումը պետք է հանվի նախագծից:

18. Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում լրացում կատարել Օրենսգրքի 33-րդ հոդվածի 5-րդ մասում, որի արդյունքում ստացվում է.«Ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն նախապեu` հանձնաժողովի նիստերից առնվազն 24 ժամ առաջ ծանոթանալ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին եւ փաuտաթղթերին, ելույթներ ունենալ հանձնաժողովի նիuտերում, ներկայացնել առաջարկություններ եւ պահանջել, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն, նիuտի մաuնակիցներին տալ հարցեր եւ uտանալ uպառիչ պատաuխաններ»: Հարց է ծագում, եթե հանձնաժողովի անդամները, ըստ Նախագծի, չեն ծանոթացել փաստաթղթերին եւ հարցերին, հանձնաժողովի նիստերից առնվազն 24 ժամ առաջ, ապա ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ, առավել եւս, որ հարց կարող է ծագել նիստից անմիջապես առաջ կամ նիստի ժամանակ:

19. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոփոխությունը եւ լրացումը Օրենսգրքի 41-րդ եւ 42-րդ հոդվածների դրույթներին համապատասխանեցման կարիք ունեն, որոնցով հստակ սահմանված է կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների վերահսկողական գործառույթները:

20. Նախագծի 19-րդ հեդվածի 1-ին կետով նախատեսվում էփոփոխություն կատարել Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1.1-րդ կետում. «1.1 կետի առաջին նախադասությունը վերաշարադրել հետեւյալ բովանդակութ՟յամբ. «Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ կազմակերպում են ԱԺ խորհրդարանական խմբակցություններ ունեցող կուսակցությունները` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով»: Որը, մեր կարծիքով, ենթադրում է նաեւ այլ իրավական ակտերում, մասնավորապես «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքներում համապատասխան փոփոխությունների կատարում, մինչդեռ, Նախագծին կից ներկայացված է տեղեկանք «ՀՀ ընտրական օօրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ:

Մեր կարծիքով «մասնագիտական դասնթացի կազմակերպումը» առաջնահերթ ենթադրում է համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումն այդ գործնթացում, հարց է առաջանում, արդյոք Ազգային ժողովի խմբակցություններ ձեւավորած բոլոր կուսակցություններն իրենց անդամների շարքում ունեն նաեւ ընտրական իրավունքի ոլորտի մասնագետներ, եթե ոչ, ապա ինչպես են դրանք իրականացնելու այդ պարտականությունը:

21. Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվում է Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առաջին պարբերության վերջում ավելացնել հետեւյալ բառերը. «եւ վերջին Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ 3-5% հավաքած կուսակցությունների մշտապես գործող մարմինների համատեղ` ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ նշանակված մեկական անդամից»: Օրենսգրքի դրույթներին համահունչ լինելու համար «3-5%» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Ընտրության արդյունքում վավեր քվեաթերթիկների թվի 3-5% տոկոu կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով:

22. Նախագծի 20-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է դադարեցնել Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերի գործողությունը, համաձայն որի` կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում չեն ընդգրկվելու Հանրապետության Նախագահի, ԱԺ պատգամավորական խմբի որոշմամբ, ինչպես նաեւ ՀՀ դատարենների նախագահների խորհրդի նշանակած մեկական անդամները: Առաջարկում են քննարկել նախատեսվող փոփոխությունը, առավել եւս, որ առաջարկվող տարբերակով կազմավորված կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կազմակերպի նաեւ ՀՀ նախագահի ընտրությունները:

23. Նախագծի 20-րդ հոդվածի 5-րդ կետի «հոդվածի» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասերի» բառով:

24. Նախագծի 20-րդ հոդվածի 7-րդ կետում առաջարկում ենք բացել «ԿԸՀ» հապավումները:

25. Նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է «Օրենսգրքի 36-րդ հոդվածում` …..1-ին կետի նախավերջին նախադասության՝ «ապա այն մինչեւ սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է Հանրապետության Նախագահը» բառերից հետո հանել «` դատական ծառայողների կազմից» բառերը»: Առաջարկում ենք «1-ին կետի նախավերջին նախադասության» բառերը փոխարինել «1-ին մասի 3-րդ պարբերության 2-րդ նախադասության» բառերով: Վերոնշյալ, ինչպես նաեւ հոդվածի 3-րդ կետով նախատեսվող փոփոխությունները անհրաժեշտ է համադրել նախագծի 20-րդ հոդվածին:

26. Նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ կետի «հաջորդ օրը` մինչեւ ժամը 14:00-ն» բառերը փոխարինել «քվեարկությանը հաջորդող 2-րդ օրվա մինչեւ ժամը 14:00-ը» բառերով: Տվյալ փոփոխությունը կատարելու դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել նաեւ Օրենսգրքի 40.2-րդ հոդվածի 7-րդ մասում:

27. Նախագծի 22-րդ հոդվածի 4-րդ կետում «ՏԸՀ» եւ «ԸԸՀ» հապավումներն առաջարկում ենք բացել: 2-րդ նախադասության «նյութերն» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «փաստի կապակցությամբ ստեղծված» բառերը, «դատախազություն» բառն առաջարկում ենք փոխարինել «իրավասու մարմին» բառերով, քանի որ ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով դատախազությանը վերապահված է միայն հսկողություն իրավունք հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ: 3-րդ նախադասությունն առաջարկում ենք ներկայացնել նոր պարբերությամբ` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված պահանջը. «12. Նորմատիվ իրավական ակտում բացատրություններ կամ ծանոթագրություններ չեն տրվում: Բացատրությունների կամ ծանոթագրությունների տեքuտը տրվում է առանձին հոդվածների, մաuերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների տեuքով»: Նախատեսվող լրացման 2-րդ պարբերությունը վերախմբագրման կարիք ունի, այլապես ստացվում է, որ վերահաշվարկի պատասխանատվության համար է վիճակահանություն կատարվում: Իսկ իրականում պետք է կատարվի ճիշտ հակառակը` վիճակահանության միջոցով տարածքային հանձնաժողովի անդամներից պետք է ընտրվի թեկնածու, ով պետք է իրականացնի վերահաշվարկ, որի համար էլ պետք է կրի պատասխանատվություն:

28. Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «այս ժամը» բառերն առաջարկում ենք փոխարինել «սահմանված ժամկետը» կամ այլ համարժեք բառով:

29. Նախագծի 26-րդ հոդվածի 2-ին կետով նախատեսվում է հանել Օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «ամփոփման» բառը, որի արդյունքում ստացվում է. «քվեարկության արդյունքների գործընթաց»: Մեր կարծիքով կարգավորումից դուրս է մնում կոնկրետ գործողությունը, ուստի առաջարկում ենք հանել տվյալ փոփոխությունը:

30. Նախագծի 26-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերը նախատեսում են միեւնույն փոփոխությանը: Ուստի դրանցից մեկն անհրաժեշտ է հանել Նախագծից:

31. Նախագծի 27-րդ հոդվածի 1-րդ կետով նախատեսվում է Օրենսգրքի 48-րդ հոդվածի 5-րդ մասից հանել, ապա 2-րդ կետով նախատեսում է լրացում կատարել նույն հոդվածի 5-րդ մասի վերջում, որոնք բովանդակային առումով կրկնվում են: Ուստի առաջարկում ենք հստակեցնել նախատեսվող փոփոխությունն ու լրացումը:

32. Նախագծի 28-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «անձնագրին փոխարինող փաստաթուղթը» բառերը, որի հետեւանքով այն քաղաքացիները ովքեր դիմել են համապատասխան լիազոր մարմին անձնագրի կորստի, այն փոխարինելու կամ այլ պատճառներով, ունենալով այդ մարմնի կողմից տրված ժամանակավոր փաստաթուղթը զրկվում են ընտրելու սահմանադրական իրավունքից:

33. Նախագծի 29-րդ հոդվածով առաջարկվում է վերախմբագրել Օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը`«Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, որը պետք է լինի գրանցված իր հետ նույն բնակության հասցեում: Այլ պարագայում, եթե տվյալ քաղաքացին ներկայացնում է քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունենալու մասին տեղեկանք այն բժշկական հաստատությունից, որտեղ  հաշվառված է, ապա իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի վստահված անձ: Նույն անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ քաղաքացու: Ընդ որում` օգնող քաղաքացին պետք է լինի տվյալ ցուցակում գրանցված ընտրող ու նրա անուն-ազգանունը եւ անձնագրի սերիան պետք է լրացվեն ընտրողների ցուցակում հատուկ այդ նպատակով առանձնացված սյունակում` այն քաղաքացու անուն-ազգանվան տողի վրա, ում նա օգնել է: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է»:Այս դրույթն ամբողջությամբ հստակեցման եւ քննարկման կարիք ունի, առավել եւս, որ անհասկանալի է, թե ընդամենը քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին ինչպես պետք է կատարի այն բոլոր գործողությունների շարքը, որոնք ամրագրվում են նախատեսվող փոփոխության մեջ:

34. Նախագծի 30-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 4.1-րդ կետով. «քվեարկությունը կատարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված գույնի թանաքից տարբերվող գույնի գրչով»: Կարծում ենք, որ դրույթը քննարկման կարիք ունի, քանի որ կոնկրետ գույն սահմանելու դեպքում ինչպես պետք է կարգավորվի այդ գույնի բազում երանգների հետ կապված խնդիրները:

35. Նախագծի 31-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածը լրացնել «71 կետով»: «Կետով» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասով» բառով, հակառակ դեպքում ստացվում է, որ լրացումը կատարվում է հոդվածի 1-ին մասում: Նախատեսվող լրացման մեջ « …ընդ որում այն պետք է առնվազն 24 ժամ փակցված մնա իր տեղում» արտահայտությունը քննարկամ եւ հստակեցման կարիք ունի, քանի որ անհասկանալի է, թե ով պետք է ապահովի այդ եւ ինչ պատասխանատվություն է նախատեսվում դրա չկատարման համար:

36. Նախագծի 33-րդ հոդվածի 3-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ մասի «իսկ ընտրություններից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն» բառերից հետո ընկած բառերը փոխարինել հետեւյալ բառերով. «օգտագործվում են թեկնածուի հայեցողությամբ», իսկ վերջին նախադասությունը հանել»: Նախատեսվող լրացումից անհրաժեշտ է հանել «իսկ վերջին նախադասությունը հանել» բառերը, քանի որ փոփոխության առաջին մասով այդ հարցն արդեն իսկ կարգավորվում է: Ընդհանուր առմամբ փոփոխությունն առաջարկում ենք քննարկել, քանի որ Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` նախընտրական հիմնադրամ ձեւավորող սուբյեկտները կարծում ենք պետք է նախորոք իմանան, թե նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները ինչպես պետք է օգտագործվեն: Եվ թույլ տալ, որպեսզի թեկնածուն սուբյեկտների գումարները տնօրինի ինքնուրույն, կարծում ենք, ճիշտ չէ:

27. Նախագծի 33-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքի 79-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին նախադասությունում, ըստ որի «Եթե թեկնածուն նախընտրական քարոզչության ընթացքում նախընտրական հիմնադրամի միջոցներից դուրu oգտագործել է այլ միջոցներ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովն, ինչպեսեւ այլ թեկնածուներից որեւէ մեկը, իրավունք ունի դիմել դատարան` թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հայցով»: Ներկայացվող փոփոխությունն առաջարկում ենք համադրել Օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթների հետ:

38. Նախագծի 34-րդ հոդվածով առաջարկվում է` «Օրենսգրքի 80-րդ հոդվածի՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով» բառերով»: Նախատեսվող փոփոխությունն անհասկանալի է, քանի որ Օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով արդեն իսկ սահմանված է. «Վերահuկիչ-վերuտուգիչ ծառայության կազմավորման եւ գործունեության կարգը uահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը»: Նշենք նաեւ, որ «80-րդ հոդվածի» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «1-ին մասի» բառերը:

39. Նախագծի 40-րդ հոդվածում «ԿԸՀ» հապավումն առաջարկում ենք բացել:

40. Նախագծի 51-րդ հոդվածի 1-ին կետով եւ 52-րդ հոդվածով նախատեսվող լրացումներն առաջարկում ենք Նախագծի վերջում սահմանել որպես անցումային դրույթ:

41. Նախագծի 51-րդ հոդվածի 2-րդ կոտով նախատեսվում է Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ` «Լիազորությունները դադարեցրած կին պատգամավորի փոխարեն համամասնական ցուցակից կարող է մանդատ ստանալ միայն կին թեկնածուն»: Այս դրույթը հակասում է Օրենսգրքի նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությանը, համաձայն որի` «Ազգային ժողովի` համամաuնական ընտրակարգով ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատաuխան կուuակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին»:

42. Նախագծի54-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հոդվածները հստակեցման կարիք ունեն, քանի որ, օրինակ` անհասկանալի է, թե ինչու է Նախագծի 47-րդ հոդվածի 2-րդ մասը ներառված, իսկ 1-ինը` ոչ: Անհասկանալի է նաեւ 51-րդ եւ 52-րդ հոդվածների ներառումը:

Նախագիծն ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, մասնավորապես` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին խիստ համապատասխանեցման կարիք ունի:

Անհրաժեշտ է վերախմբագրել նաեւ Նախագծին կից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն բացակայության վերաբերյալ տեղեկանքը, որտեղ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը ներկայացված է որպես «Ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենք:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Մ. Հակոբյան

Ա. Մխիթարյան

Ք. Գեովշանյան

Ա. Քոչարյան

Ա. Մխիթարյան



* տես` http://www.lexadin.nl/wlg/legis/nofr/legis.php ,

  http://www.parliament.am/intranet/document.php?ID=102&department=3&division=23&lang=arm