ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի կարգավիճակի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-544-24.02.2009,16.07.2009-ԳԿ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի, Արմեն Աշոտյանի, Մխիթար Վարագյանի, Լյովա Խաչատրյանի, Սամվել Բալասանյանի, Հակոբ Հակոբյանի, Մանվել Գրիգորյանի, Ռուստամ Գասպարյանի, Միքայել Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Արմեն Մխիթարյանի եւ Գրիգորի Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական կենսաթոշակների մասին», «Ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասին» եւ այլ ՀՀ օրենքներում:

Նախագծի ընդունումը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

2. Հարկ ենք համարում նշել, որ նախագծի կառուցվածքն ամբողջությամբ պետք է համապատասխանեցվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

3. Նախագծի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասին, այն է.

«Նորմատիվ եւ ներքին իրավական ակտերը պետք է ունենան վերնագրեր:

Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատաuխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մաuին», մինչդեռ, Նախագծի վերնագիրը չի արտացոլում Նախագծի բովանդակության վերաբերյալ պատշաճ տեղեկություն:

4. Նախագծի 1-ին հոդվածում «իրավունքների եւ պարտականությունների» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «ֆինանսական գործունեության» բառերը:

5. Նախագծում անհրաժեշտ է լրացնել Նախագծում տեղ գտած հասկացությունները սահմանող դրույթներ:

6. Առաջարկում ենք Նախագիծը հստակեցնել եւ համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ մասերի պահանջներին:

7. Նախագծի 8-րդ հոդվածի`

ա) 1-ին ենթակետից անհրաժեշտ է հանել «գիշերավարձ» բառը, իսկ 3-րդ ենթակետում «փորձակոնստրուկտորական» բառը հստակեցնել` համապատասխանեցնելով այն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասին,

բ) 4-րդ ենթակետում ամրագրված դրույթներն առաջարկում ենք քննարկել ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից,

գ) 6-րդ ենթակետի «ամենամսյա դրամական եկամուտ» հասկացությունը հստակեցման կարիք ունի, առավել եւս որ հաջորդ ենթակետերում նշված աշխատավարձը, դրամական պարգեւը, պատվովճարը, պարգեւատրումը, թոշակը, ըստ էության իրենցից ներկայացնում են դրամական եկամուտ եւ այդ հարաբերությունները պետք է կարգավորվեն նույն հոդվածի 1-ին մասում ամրագրված երկկողմ պայմանագրի շրջանակներում:

Նշենք, որ 8-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «երկկողմ պայմանագիրը» բառակապակցությունը նույնպես պետք է հստակեցվի, քանի որ պարզ չէ, թե ի՞նչ պայմանագրի մասին է հիշատակվում եւ դրանից հետո պարզ կլինի թե կողմերը միմյանց նկատմամբ ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ են ստանձնում:

Նույն հոդվածի 9-րդ ենթակետում թոշակ ստանալու իրավունքն անհրաժեշտ է հստակեցնել, եթե խոսքը գնում է կենսաթոշակի մասին, ապա այդ իրավահարաբերությունները արդեն կարգավորվում են «Պետական կենսաթոշակներիմասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով եւ անհրաժեշտ է նշված դրույթները համապատասխանեցնել հիշյալ օրենքի պահանջներին:

8. Նախագծի 10-րդ հոդվածի`

ա) 2-րդ մասի 1-ին ենթակետից անհրաժեշտ է հանել նաեւ «գիշերավարձ» բառը,

բ) 2-րդ ենթակետում ամրագրված «սպորտային բարձր արդյունքներ» բառակապակցությունը հստակեցման կարիք ունի` այդ արդյունքների գնահատման չափանիշների տեսանկյունից,

9. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում ամրագրված մարզիչների եւ մասնագետների որակաորման բարձրացմանը վերաբերող դրույթն առաջարկում ենք վերանայել եւ հստակեցնել թե որո՞նք են այդ եղանակները եւ ու՞մ կողմից պետք է վերահսկվի եւ անցկացվի այդ որակա

որման գործընթացները:

Նույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերն առաջարկում ենք վերախմբագրել, քանի որ դրանք կրում են հռչակագրային բնույթ:

10. Անհրաժեշտ է ավելացնել նոր հոդված հետեւյալ բովանդակությամբ` «Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

11. Առաջարկում ենք, նաեւ ներկայացված նախագծում ՀՀ հավաքական թիմի անդամներին, մարզիկներին, մարզիչներին, մասնագետներին պարգեւատրվելու, կոչումներ ստանալու եւ այլ խրախուսման ռեժիմներ սահմանելու հարցերը քննարկել տվյալ ոլորտը կարգավորող օրենքներին համապատասխանության տեսանկյունից:

12. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին ենթակետով առաջարկվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված ոչ օլիմպիական եւ սամբո մարզաձեւերի Հայաստանի Հանրապետության հավաքականի թիմի մարզիկները (որոնք համարվում են հասարակական կազմակերպությունների անդամներ)ուսումնամարզական հավաքների եւ միջազգային մրցաշարերին մասնակցության շրջանում ստանալ օրապահիկ, գիշերավարձ, հանդերձանք եւ մարզական համազգեստ, բայց չի նշվում ֆինանսական աղբյուրը:

13. Երկրորդ ենթակետով ասվում է որ, վերոհիշյալ մարզիկները կարող են օգտվել ազգային մարզական կենտրոններ հանդիսացող (անկախ դրանց սեփականության ձեւից) ֆիզկուլտուրային-առողջարարական եւ մարզական կառույցներից: Ենթակետում նշվում է անկախ մարզական կենտրոնի սեփականության ձեւից օգտվելու իրավունքի մասին, բայց անհասկանալի է թե ի՞նչ կարգով պետք է օգտվի մարզիկը մասնավոր հիմունքներով գործող մարզական կենտրոնների ծառայություններից:

14. 4-րդ ենթակետով նախատեսվում է մարզիկների հիվանդությունների եւ մարզական վնասվածքների դեպքերում բժշկական հաստատություններում, բժշկամարզական դիսպանսերներում ստանալու համապատասխան բուժում, սակայն պարզ չի թե ի՞նչ ֆինանսական աղբյուրների հաշվին պետք է կատարվի վերոհիշյալ դեպքերի բուժումը:

15. 5-րդ ենթակետով նախատեսվում է օգտվել պետական բյուջեից, 6-րդ եւ 7-րդ ենթակետերով նախատեսվում է մարզիկ-հրահանգիչներին ամենամյա դրամական եկամուտ պետական բյուջեի կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի միջոցներից, սակայն պարզ չէ թե ի՞նչ կարգով պետք է վերոհիշյալ ֆինանսական աղբյուրներից դրամական եկամուտ կամ աշխատավարձ հատկացվի ՀՀ Օլիմպիական կոմիտեի, տարբեր մարզական ֆեդերացիանների մարզիչներին, մարզիկներին եւ այլ մասնագետներին, քանի որ նրանք համարվում են հասարակական կազմակերպություններ:

Ներկայացված Նախագծի վերաբերյալ առկա են այլ դիտողություններ եւ առաջարկություններ, որոնք կարելի է քննարկել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Կատարողներ` Ա. Դանիելյան

Յու. Խալաթյան

Ա. Սարգսյան

Ս. Համբարձումյան