ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ Կ-670-17.07.2009-ՏՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Օրենքի նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
1.Ներկայացված Օրենքի նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
3. ՀՀ օրենքներին համապատասխանության տեսանկյունից Օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունները:
ա) Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է. ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով.»:
Օրենսդրական տեխնիկայի պահանջների համաձայն առաջարկում ենք խմբագրել նշված առաջարկը հետեւյալ բովանդակությամբ` ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի 17-րդ հոդվածից հետո լրացնել 17.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.»,
բ) Օրենքի նախագծի 17.1-րդ հոդվածի «Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման, վերաձեւակերպման) եւ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները» վերնագրից առաջարկում ենք հանել «(թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման, վերաձեւակերպման)» բառերը, քանի որ ավելի նպատակահարմար է այդ պարզաբանումը տալ բուն տեքստում:
Բացի այդ, հոդվածի բովանդակությունը հիմնականում կարգը սահմանելու մասին է, ուստի առաջարկում ենք վերնագրում ավելացնել «կարգ» բառը:
գ) Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է. «Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ստանալու համար հայցվող ռադիոհաճախականության (ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածի) տրամադրման վճարի 1 տոկոսը վճարվում է նախքան թույլտվության տրամադրումը, իսկ 99 տոկոսը` Կարգավորողի կողմից ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման մասին որոշումն ընդունելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:»
Մեր համոզմամբ, 1 տոկոսը, այսպես կոչված, կանխավճար է, քանզի վճարվում է նախքան թույլտվության տրամադրումը, իսկ ի՞նչ ճակատագրի կարժանանա այդ կանխավճարը, եթե անձը կանխավճարից հետո չցանկանա ստանալ այդ թույլտվությունը: Այլ կերպ ասաց, անհրաժեշտ ենք համարում նախագծի տվյալ կետում նշել, որ այդ 1 տոկոս նախնական վճարը պետք է վերադրաձվի, թե՞ ոչ, եւ եթե պետք է վերադարձվի, ապա ի՞նչ ժամկետներում:
4. Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Ներկայացված Օրենքի նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ աառաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Կ.Հարությունյան
Ս. Համբարձումյան