Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծիվերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-687-28.08.2009-ՊԱ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը համապատասխանում է միջազգային նորմերին եւ սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

ՀՀ օրենսդրությանը եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծի վերաբերյալ ներկայացվում են հետեւյալ առաջարկությունները եւ դիտողությունները.

1. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի արդյունքում գործող Oրենքի 6-րդ հոդվածի տեքստից « պայթուցիկ նյութեր» բառակապակցությունը հանվել է եւ դրա փոխարեն լրացվել է «պայթունավտանգ նյութեր» բառակապակցությունը: Մ ինչդեռ, դրանք գործնականում տարբեր նյութեր են եւ ունեն տարբեր հատկանիշներ: Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել Օրենքի 6-րդ հոդվածում ոչ միայն «պայթունավտանգ նյութեր»-ի ավելացման, այլեւ «պայթուցիկ նյութեր» հասկացությունը պահպանելու հարցը:

Միաժամանակ հստակեցման կարիք ունի նաեւ նույն հոդվախում ամրագրված «կռեակցիաներ» բառը:

2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ՀՀ» հապավումը առաջարկում ենքփոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով (նույն թերությունն առկա է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետում, 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերում, 11-րդ հոդվածի 3-րդ կետում):

3. Նախագծի 5-րդհոդվածով առաջարկվել է Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մասով. «Տեխնիկական քննություն կարող են իրականացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը եւ հավատարմագրված անձինք:...»: Հաշվի առնելով, որ ընդհանուր առմամբ հասկացությունների կրճատ ձեւերն օգտագործվում են առաջին հանդիպած տեղում, առաջարկում ենք քննարկել Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված եւ լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հավատարմագրված անձ)» բառերը Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մաս տեղափոխելու հարցը, իսկ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված եւ լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հավատարմագրված անձ)» բառերը փոխարինել «հավատարմագրված անձինք» բառերով:

4. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվել է Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Արտադրական վտանգավոր օբյեկտների առաձին խմբերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են սահմանվել փորձաքննության իրականացման պարբերականության ավելի երկար ժամկետներ:», իսկ 3-րդ կետով առաջարկվել է Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-րդ մասով. «Տեխնիկական փորձաքննության իրականացման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից:»: Օրենքի 11-րդ հոդվածի տեքստից ակնհայտ է, որ խոսքը գնում է տեխնիկական անվտանգության փորձաքննության մասին: Այդ կապակցությամբ Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ եւ 9-րդ մասերում Նախագծով առաջարկվող լրացումների «փորձաքննության» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «տեխնիկական անվտանգության» բառերը:

5. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի 17-րդ հոդվածի «իա)» կետի «աշխատանքային» բառից առաջ եւ «իէ)» կետի «օրենսդրությամբ» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

6. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվել է Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով:Մինչդեռ, Օրենքի վերը նշված հոդվածի 5-րդ մասում ամրագրված է ոչ թե «1-ին», այլ «առաջին» բառը, ուստի անհրաժեշտ է ապահովել գործող Օրենքի բառի ճշգրիտ վերարտադրությունը:

Նախագծում առկա են նաեւ խմբագրական եւ տեխնիկական բնույթի այլ թերություններ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ա. Մխիթարյան

Ս. Համբարձումյան