Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-530-09.02.2009-ԳԲ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

I. «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1.Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 4-րդ հոդվածի վերջին պարբերությունը, այն է. «ինքնահuկում կամ արտադրական հuկում` արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից իրենց գործառույթների եւ գործողությունների իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա վնաuակար ներգործությունը ժամանակին հայտնաբերելու եւ հետեւանքները վերացնելու նպատակով ներքին մոնիթորինգի եւ տվյալների գրանցման իրականացում» ուժը կորցրած ճանաչել: Մեր կարծիքով պետք չէ «ինքնահսկման» հասկացության սահմանումը հանել Օրենքից: Այլ հակառակը` կարծում ենք, որ ճիշտ կլիներ «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում եւս հստակ սահմանել եւ հղում կատարել «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, քանի որ սա նոր ինստիտուտ է եւ սկզբնական շրջանում գոնե պետք է որոշակի ուղեցույց լինի: Բացի այդ, կարծում ենք պետք է կապ ստեղծվի այս երկու օրենքների միջեւ հատկապես ինքնահսկման արդյունքների տրամադրման եւ լիազորված մարմնի կողմից դրանց վերահսկողության իրականացման ոլորտում:

II. «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1.Նախագծի որոշ հոդվածներում գործածվում է «պարամետր» բառը: Առաջարկում ենք այն փոխարինել «չափանիշ» կամ այլ համարժեք հայերեն բառով:

2.Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է. «3. Ինքնահսկման ծրագիրը  հաստատվում է հինգ տարի ժամկետով:  Կազմակերպության գործունեության ընթացքում (տեխնոլոգիական կանոնակարգի, հումքի եւ այլ պայմանների)  կամ բնապահպանական օրենսդրության պահանջների փոփոխություններ առաջանալու դեպքում, կազմակերպության կամ լիազորված մարմնի առաջարկով ինքնահսկման ծրագիրը պարտադիր ենթակա է վերահաստատման»: Այս դրույթը վերախմբագրման կարիք ունի, քանի որ ստացվում է, որ լիազորված մարմինը ինքն առաջարկում է եւ ինքն էլ պարտադիր վերահաստատում կազմակերպության ինքնահսկման ծրագիրը:

3.Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ մասի վերջում առաջարկում ենք ավելացնել «Սույն մասով սահմանված ժամկետներում լիազորված մարմնի կողմից ինքնահսկման ծրագիրը հաստատելու կամ վերահաստատելու մասին որոշում չընդունելու դեպքում այդ ծրագիրը համարվում է համապատասխանաբար հաստատված կամ վերահստատված» նախադասությունը:

4.Նախագծի 19-րդ հոդվածը կազմակերպությանը պարտադրում է ունենալ ինտերնետային կայք` ինքնահսկման վերաբերյալ տվյալների տեղադրման համար: Մեր կարծիքով նման պարտադրանքի կարիք չկա, առավել եւս, որ լիազորված մարմինը նույն հոդվածի դրույթներին համապատասխան պարտավորվում է կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկատվությունը տեղադրել իր ինտերնետային կայքում:

5.Նախագծի 22-րդ հոդվածը Օրենքի պահանջները խախտելու դեպքում նախատեսում է պատասխանատվություն « …` օրենքով սահմանված կարգով»: Կամ պետք է հոդվածում ավելացվի, թե Հայաստանի Հանրապետության կոնկրետ որ օրենքով, կամ վերոնշյալ բառերը փոխարինվի` «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

6.Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 24-րդ հոդվածի անցումային դրույթներն հնարավոր կլինի իրականացնել, եթե ՀՀ կառավարությունը սահմանված կարգով հաստատի առաջնային հաշվառման գրանցամատյանի ձեւը եւ վարման կարգը (Նախագծի 12-16հհ), մինչեւ անցումային դրույթներով սահմանված ժամկետների լրանալը:

III. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1.Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել նոր 82.1 հոդվածով, որը պատասխանատվություն է սահմանում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում չիրականացնելու, ինքնահսկման ծրագիրը հաստատման չներկայացնելու կամ առանց հաստատված ծրագրի ինքնահսկում իրականացնելու համար: Առաջարկում ենք «կամ առանց հաստատված ծրագրի ինքնահսկում իրականացնելու համար» բառերը հանել, քանի որ անհիմն է առանց համապատասխան ծրագրի ինքնահսկում իրականացնողին ենթարկել պատասխանատվության, առավել եւս, որ նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ այսօր կան կազմակերպություններ, որոնք իրենց կարիքների համար իրականացնում են ինքնահսկում:

2.Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 242-րդ հոդվածի ծի «80.1.-87-րդ» բառերը փոխարինել «80.1.-82-րդ հոդվածներով, 82.1., 82.2. եւ 83-87-րդ հոդվածներով» բառերով եւ  «169.15-րդ»  բառերը փոխարինել «169.19-րդ եւ 169.20-րդ» բառերով»:

Գտնում ենք, որ «80.1.-87-րդ» բառերը «80.1.-82-րդ հոդվածներով, 82.1., 82.2. եւ 83-87-րդ հոդվածներով» բառերով փոխարինելու կարիք չկա, քանի որ «80.1-87» նշված բոլոր հոդվածները արդեն ներառվում են: Իսկ «169.15-րդ»  բառերը «169.19-րդ եւ 169.20-րդ» բառերով փոխարինելն անհասկանալի է, քանի որ 169.15 կարգավորում է այլ ոլորտի իրավահարաբերություններ: Ուստի նախագծի հոդվածն այս մասով հստակեցման կարիք ունի:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Մ.Հակոբյան

Ա.Սարգսյան