ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ԱԺ աշխատակազմի oրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սերմնաբուծության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Օրենքի նախագիծ) :
Ներկայացված Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
Ստորեւ ներկայացվում են Օրենքի նախագծի վերաբերյալ մեր առաջարկությունները եւ դիտողությունները:
1. Օրենքի նախագծի ամբողջ տեքստում, մասնավորապես` 2 հոդվածի 1-ին պարբերության, 3 հոդվածի «է)», «ժբ)», «ժէ)» եւ «ժը)» կետերի, 6 հոդվածի եւ այլ հոդվածների «ՀՀ» հապավումներն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետություն» բառերով:
2. Օրենքի նախագծի 2 հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ` «Սերմնաբուծության իրավական կարգավորումը»:
3. Օրենքի նախագծի 2 հոդվածից անհրաժեշտ է հանել «բնագավառում իրավական» բառերը:
4. Նույն հոդվածի «ՀՀ այլ օրենսգրքերի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով:
5. Օրենքի նախագծի 3 հոդվածի «ա» կետը «սերմնաբուծություն» բառից հետո անհրաժեշտ է շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ` «գործունեություն, որն ուղղված է բույսերի սերմերի արտադրությանը, վերարտադրությանը, պահպանությանը, օգտագործմանը, ինչպես նաեւ սորտային ու սերմնային հատկանիշների գնհատմանը եւ կազմակերպմանը»:
6. Օրենքի նախագծի նույն հոդվածի «ե» կետի «տարվա հատկանիշների» բառերը պարզաբանման կարիք ունեն, քանի որ անհասկանալի է, թե ո՞ր հատկանիշների մասին է խոսքը:
7. Օրենքի նախագծի 5 հոդվածի «ե» կետի «երկրի» բառն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետություն» բառերով:
8. Օրենքի նախագծի 6 հոդվածի «բնագավառում գործող» բառերն անհրաժեշտ է փոխարինել «բնագավառի» բառով:
9. Օրենքի նախագծի 7 հոդվածի 2-րդ մասի «ձեռնարկատիրական» բառը անհրաժեշտ է փոխարինել «առեւտրային» բառով:
10. Օրենքի նախագծի 8 հոդվածի 2-րդ մասի «սերմարտադրողների» բառն անհրաժեշտ է փոխարինել «սերմ արտադրողի» բառերով:
11. Օրենքի նախագծի 9 հոդվածի 1-ին մասից անհրաժեշտ է հանել «միջին» բառը:
12. Օրենքի նախագծի 10 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերից անհրաժեշտ է հանել «միայն» բառը:
13. Նույն հոդվածի 4-րդ կետը «մարդու եւ կենդանիների առողջության» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «, շրջակա միջավայրի» բառերով:
14. Օրենքի նախագծի նույն հոդվածի 6-րդ մասի «ա» եւ «բ» կետերն անհրաժեշտ է միացնել եւ շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ` «ա) որոնց հետեւանքով կարող է տեղի ունենալ սերմերի հավաստագրում ամրագրված ցանքային պիտանիության ցուցանիշների անկում, կամ կարող է վնասել, կամ ոչնչացնել սերմերի որակի հավաստագրերն ու պիտակները»:
15. Օրենքի նախագծի 11 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի «նրանց» բառն անհրաժեշտ է փոխարինել «դրանց» բառով:
16. Օրենքի նախագծի 4-րդ գլխի «Սերմնաբուծության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները» վերնագիրը չի համապատասխանում գլխում ներառված հոդվածների բովանդակությանը, այդ կերպ` հակասում է նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի 4-րդ մասի պահանջներին:
17. Օրենքի նախագծի 12 հոդվածի 1-ին կետի «ցուցանիշներին եւ դրանց» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ցուցանիշներին, իսկ դրանց» բառերով:
18. Նույն հոդվածի 2-րդ կետի «ձեռքբերման երաշխիքները» արտահայտությունը անհրաժեշտ սահմանման եւ պարզաբանման կարիք ունի:
19. Օրենքի նախագծի 14 հոդվածի 1-ին պարբերության «նրա» բառն անհրաժեշտ է փոխարինել «դրա» բառով:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Կ.Մելքոնյան
Ս.Յուզբաշյան
Ա.Քոչարյան
04.06.2004թ .