ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ
ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հ այաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
Ստորեւ ներկայացվում է.
1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի նախագծի (այսուհետ` Օրենսգրքի նախագիծ) վերաբերյալ մեր կողմից կատարված դիտողությունները եւ առաջարկությունները:
1.1. Ներկայացված օրենսգրքի նախագծի 1 հոդվածի 2-րդ մասի «ինչպես նաեւ» բառերը անհրաժեշտ է փոխարինել «եւ» շաղկապով, քանի որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45 հոդվածի համաձայն. «Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաեւ» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաեւ» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ»:
Օրենսգրքի նախագիծը, փաստորեն, պարունակում է միջազգային իրավունքի նորմերին վերաբերվող, սոսկ, մեկ հիմնավոր դրույթ, որը որքան համապարփակ է, այնքան էլ անորոշ: Օրենսգրքի դրույթները պետք է մատչելի լինեն հասարակության բոլոր խավերի համար, ուստի միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները եւ նորմերը, ինչպես ամրագրված է Օրենսգրքի նախագծի 1 հոդվածի 2-րդ մասում, պետք է ներառված լինեն Օրենսգրքում: Հակառակ դեպքում, դրանք իմանալու եւ հասկանալու համար կպահանջվեն հատուկ մասնագիտական գիտելիքներ եւ գրականություն:
Նման մոտեցումը որդեգրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության, Հայաստանի Հանրապետության քրեական, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության եւ այլ օրենսգրքերում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներում:
Ուստի առաջարկում ենք առաջնորդվել օրենսդրական տեխնիկայի այն պահանջներով, որոնց համաձայն անթույլատրելի են նորմատիվ դրույթների չափազանց ընդհանուր վերացական ձեւակերպումները, իսկ նորմատիվ նյութը պետք է լինի առավելագույնս մատչելի:
Վերը շարադրվածը նկատի ունենալով` առաջարկում ենք Օրենսգրքի նախագծի 1 հոդվածի նոր խմբագրություն, հետեւյալ բովանդակությամբ`
«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենսգրքից, ՀՀ օրենքներից, իրավական այլ ակտերից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենսգրքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը»:
1.2.Ներկայացված Օրենսգրքի նախագծի 2 հոդվածի 1-ին մասում «բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները» նույնացվել են «հարկադրանքի այլ միջոցների» հետ, որը որպես այդպիսին այնուհետեւ օգտագործվել է օրենսգրքի ամբողջ տեքստում:
Այն դեպքում, երբ դրանց նույնացումը կամ նույնացման փորձը կհանգեցնի հակասությունների եւ տարբեր մեկնաբանությունների, քանի որ քրեական դատավարությունում կան հարկադրանքի այլ միջոցներ, որոնք են` ձերբակալումը, խափանման միջոցները, բերման ենթարկելը եւ այլն: Հարկ է նշել, որ բժշկական բնույթի հարկադրանքի տեսակները սպառիչ թվարկված են «ՀՀ Քրեական օրենսգրքի» 98 հոդվածում:
1.3. Օրենսգրքի նախագծի 3 հոդվածի 2-րդ մասի «խստացնելուն ուղղված» բառերն անհրաժեշտ է փոխարինել «խստացնող» բառով, որը լեզվաոճական առումով համահունչ կլինի նույն պարբերության «վատթարացնող» բառի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության 42 եւ «ՀՀ Քրեական օրենսգրքի» 13 հոդվածներին:
1.4. Օրենսգրքի նախագծի 4 հոդվածով առաջարկվել է, որ «Պատիժ կատարելու, ինչպես նաեւ հարկադրանքի այլ միջոցները կիրառելու հիմքը, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ որոշումն է, ինչպես նաեւ համաներման կամ ներման ակտը»:
Մեր կարծիքով, նշված հոդվածի «ինչպես նաեւ համաներման կամ ներման ակտը» բառերը տեղին չի օգտագործված, քանի որ համաներման եւ ներման ակտերը օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռի կամ որոշման հետեւանք են: Ավելին, համաներման ակտը կարող է հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու նորմ պարունակել:
1.5. Օրենսգրքի նախագծի 6 հոդվածի 2-րդ մասի «ազատությունից զրկված» բառերը անհրաժեշտ է փոխարինել «ազատազրկման մեջ գտնվող» բառերով, քանի որ «Մարդու իրավունքների համընդանուր հռչակագրի» 5 հոդվածում եւ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 1988 թ. դեկտեմբերի 9-ի թիվ 43/173 բանաձեւով ընդունված ժողովածուն (այսուհետ` Ժողովածու) վերաբերում է «ազատազրկման մեջ գտնվող անձանց», այլ ոչ թե ազատությունից զրկվածներին:
Այսպես, Ժողովածուի «դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ձեւերը» բանաձեւի իմաստով կոչված է երաշխավորելու առավել լայն պաշտպանություն ֆիզիկական կամ հոգետանջ բնույթի չարաշահումների դեմ, ներառյալ ազատազրկման մեջ գտնվող անձանց այնպիսի պայմաններում պահելը, որոնք ժամանակավորապես կամ մշտապես զրկում են նրան իր բնական ցանկացած զգայարաններից, ինչպիսիք են տեսողությունը, լսողությունը, կողմնորոշումը շրջապատում, տարածության կամ ժամանակի մեջ: Այս առաջարկությունը սերտորեն կապված է օրենսգրքի 2 հոդվածի 1-ին մասի «պայմանները» բառի հետ:
1.6. Օրենսգրքի նախագծի 6 հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության «կամ պատժի» բառերը անհրաժեշտ է փոխարինել «եւ պատժի» բառերով, քանի որ խոսքը վերաբերում է վերաբերմունքին եւ պատժին , որը համահունչ է ինչպես Ժողովածուին, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին:
1.7. Օրենսգրքի նախագծի 7 հոդվածում ամրագրված «օրինականության» սկզբունքն արտահայտում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 09.12.88թ. թիվ 43/177 բանաձեւի (ասյուհետ` բանաձեւ) 9-րդ սկզբունքի բովանդակության մի մասը: Մեր կարծիքով, անհրաժեշտ է նշված հոդվածում ներառել նաեւ բանաձեւի սկզբունքի կատարման երաշխիքին վերաբերող մասը:
1.8. Օրենսգրքի նախագծի 9 հոդվածը, մեր կարծիքով, հսատկեցման եւ վերախմբագրման կարիք ունի:
1.9. Օրենսգրքի նախագծի 10 հոդվածի դիսպոզիցիայից չի երեւում թե օրենսգիրքը դատապարտյալի ուղղման եւ սոցիալական վերականգնման, ինչպես նաեւ նրա մոտ օրինապահ վարքագիծ ձեւավորելու նպատակով պատիժը, որ օրենքով նախատեսված ուղղման միջոցների հետ կարող է զուգակցել:
1.10. Օրենսգրքի նախագծի 1 հոդվածով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից եւ իրավական այլ ակտերից, այն դեպքում, երբ նախագծում հաճախ ենք հանդիպում այլ օրենքներով կարգավորվող իրավունքներ: Մասնավորապես, օրենսգրքի նախագծի 11 հոդվածի 2-րդ մասում եւ այլն:
Վերը շարադրվածը նկատի ունենալով առաջարկում ենք նախագծի 1 հոդվածի 1-ին կետը «օրենսգրքից» բառից հետո լրացնել «ՀՀ օրենքներով» բառերով, այն դեպքում, երբ հոդվածի վերաբյալ սույն եզրակացության 1.1. կետով մեր կողմից հոդվածի նոր խմբագրության վերաբերյալ նոր կատարված առաջարկությունը չընդունվի:
1.11. Օրենսգրքի նախագծի 11 հոդվածի 4-րդ մասի «հիմնարկները» բառը անհրաժեշտ է փոխարինել «հիմնարկի» բառով, քանի որ յուրաքանչյուր ուղղիչ հիմնարկ պետք է ունենա իրեն բնորոշ ներքին կանոնակարգ:
1.12. Օրենսգրքի նախագծի 12 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված է, որ «դատապարտյալն իրավունք ունի առողջության պահպանման, այդ թվում` բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն ստանալու»: Մինչդեռ, անձի առողջության պահպանման սահմանադրական իրավունքը չի կարող սահմանափակվել միայն անհետաձգելի բժշկական օգնությամբ, քանի որ կարող է ծագել առաջնային կամ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու անհրաժեշտություն:
Քննարկման է արժանի նաեւ բժշկական օգնության վճարովի կամ անվճար լինելու հանգամանքը:
1.13. Օրենսգրքի նախագծի 12 հոդվածը 3-րդ մասի «փախստականը» բառից անհրաժեշտ է հանել «ը» հոդը, քանի որ խոսքը վերաբերում է իրավունքին, որն ունի փախստական դատապարտյալը , այլ ոչ թե փախստականը :
1.14. Օրենսգրքի նախագծի ընդհանուր մասում բացակայում է որեւէ դրույթ, որը պարտավորեցներ համակարգի ցանկացած աշխատակցի` անհապաղ միջոցներ ձեռնարկել իրեն դիմող դատապարտյալի անձնական անվտանգությունն ապահովելու եւ այդ անվտանգությանն ուղղված ապառնալիքները վերացնելու համար:
1.15. Օրենսգրքի նախագծի 20 հոդվածում նախատեսվում է, որ «պատիժները կատարելու եւ հարկադրանքի այլ միջոցները կիրառելու նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացվում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով»: Մինչդեռ, ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ հիշյալ օրենքի համաձայն դատախազությունը հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների (այդ թվում նաեւ բժշկական բնույթի հարկադրանքի, տես նախագծի 2 հոդված) կիրառման նկատմամբ, այլ ոչ թե կատարման:
1.16. Օրենսգրքի նախագծի 24 հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «իսկ որպես հիմնական պատիժ քրեակատարողական տեսչությունը» բառերը, քանի որ կրկնում են նույն հոդվածի 1-ին մասին:
1.17. Օրենսգրքի նախագծի 24 հոդվածի 5-րդ մասի եւ 38 հոդվածի 2-րդ մասում օգտագործված «վերապահում է» բառը տեղին չի օգտագործված, քանի որ պատիժը կատարող հիմնարկը չէ, որ պատժի կիրառումը պետք է վերապահի դատական ակտերի հարկադիր կատարող ծառայությանը:
1.18. Օրենսգրքի նախագծի 26 հոդվածի 2-րդ մասի «տա» տառակապակցությունը հայեցի չէ, ինչն անհրաժեշտ է փոխարինել համապատասխան բառով կամ նշված մասը վերախմբագրել:
1.19. Օրենսգրքի նախագծի 38 հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ «Գույքի բռնագանձումը կատարում է հիմնական պատիժը կատարող քրեակատարողական հիմնարկը», մինչդեռ առանց որեւէ պայմանի նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ. «Քրեակատարողական հիմնարկը գույքի բռնագրավման մասին դատավճիռը ստանալուց հետո պատիժը կատարելը վերապահում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը »:
1.20. Օրենսգրքի նախագծի 38 հոդվածի 2-րդ մասի «գույքի բռնագրավման մասին» բառերը անհրաժեշտ է հանել, քանի որ այս դեպքում դատավճիռը կարող է վերաբերել հիմնական պատժին եւ որպես լրացուցիչ պատիժ` գույքի բռնագրավմանը, այլ ոչ թե միայն գույքի բռնագրավմանը:
1.21. Օրենսգրքի նախագծի 42 հոդվածի 3-րդ մասի «պետք է» բառն անհրաժեշտ է փոխարինել «կարող է» բառով, իսկ «տեղավորվի» բառը «տեղավորվել» բառով, որով կվերացվի հակասությունը նույն նախագծի 41 հոդվածի 2-րդ մասի հետ: Այսպես, 41 հոդվածի 2-րդ մասում նշված է, որ ուղղիչ աշխատանքների դատապարտված անձը պատիժը կրում է իր հիմնական աշխատանքի վայրում կամ քրեակատարողական տեսչության նշանակմամբ` դատապարտյալի բնակության շրջանի այլ վայրերում, մինչդեռ նախագծի 42 հոդվածի 3-րդ մասը պարտադրում է դատապարտյալին աշխատանքի տեղավորել ինքնուրույն:
1.22. Օրենսգրքի նախագծի 50 հոդվածի 3-րդ մասը դատապարտյալին թույլատրում է առանց սահմանափակման ստանալ դրամական փոխանցումներ, մինդեռ նախագծի 49 հոդվածի 4-րդ մասը խիստ սահմանափակում է դրամական միջոցները ծախսելու դատապարտյալի իրավունքի թույլատրելի սահմանը հասցնելով` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երեսնապատիկի չափով գումարի :
1.23.Օրենսգրքի նախագծի 61 հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ. «Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը եւ բուժսանիտարական սպասարկումն իրականացվում է ազատազրկման դատապարտված անձի համար սույն օրենսգրքի 106 հոդվածով սահմանված, . չափանիշներով»: Մինչդեռ նախագծի 106 հոդվածը վերաբերում է ոչ թե նյութակենցաղային ապահովմանը եւ բուժսանիտարական սպասարկմանը, այլ ուղղիչ հիմնարկների տեսակներից` փակ ուղղիչ հիմնարկին:
1.24. Օրենսգրքի նախագծի 70 հոդվածի 2-րդ մասի 3) կետը «ապահովել» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «դատապարտյալի» բառով:
1.25. Օրենսգրքի նախագծի 79 հոդվածի 3-րդ մասը անավարտ է: Անհրաժեշտ է հիշյալ մասը վերախմբագրել:
1.26. Օրենսգրքի նախագծի 79 հոդվածի 4-րդ մասը «առանձնապես վտանգավոր կամ վտանգավոր» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «հանցագործությունների» բառը, քանի որ հանցագործությունների ռեցիդիվն է համարվում վտանգավոր կամ առանձնապես վտանգավոր:
1.27. Օրենսգրքի նախագծի 81 հոդվածի 1-ին մասի «հանցագործության» բառն անհրաժեշտ է փոխարինել «հանցանքի» բառով, քանի որ «հանցագործություն» բառը ինքնին նշանակում է հանցանք կատարել կամ նշված մասից անհրաժեշտ է հանել «կատարած» բառը:
1.28. Օրենսգրքի նախագծի 90 հոդվածի վերնագրի «Դատապարտյալի» բառն անհրաժեշտ է փոխարինել «Ազատազրկման դատապարտված անձին» բառերով` նույն նախագծի գլխի հոդվածների վերնագրերին համահունչ դարձնելու նպատակով:
1.29. Օրենսգրքի նախագծի 100 հոդվածի 1-ին մասով սահմանված է. «1. Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշում է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը` . »: Մինչդեռ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 360 հոդվածի համաձայն դատավճիռ կայացնելիս դատարանի լուծման հարցերից է` որոշել քրեական պատիժներ իրականացնող հաստատության տեսակը համապատասխան ռեժիմով: Այդ առումով, փաստորեն հակասություն կա նախագծի եւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի միջեւ:
1.30. Օրենսգրքի նախագծի 114 հոդվածից անհրաժեշտ է հանել «ինչպես նաեւ, եթե պատիժը կրելու ընթացքում դատապարտյալը դրսեւորել է դրական վարքագիծ» բառերը, քանի որ նախ ՀՀ Քրեական օրենսգրքի 76 եւ 77 հոդվածները պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նման պայման չի նախատեսում եւ երկրորդ, նախագծի 93 հոդվածի 3-րդ մասը դրական վարքագիծ դրսեւորած դատապարտյալի համար նախատեսում է ներման միջնորդություն: Միգուցե խոսքը վերաբերում է դրական վարքագիծ դրսեւորած դատապարտյալին ՀՀ Քրեական օրենսգրքով դրա համար սահմանված նվազագույն ժոմկետը լրանալուց հետո վաղաժամկետ ազատելուն կամ պատիժը մեղմ պատժով փոխարինելուն: Այս դեպքում նշված հոդվածը վերախմբագրման կարիք ունի:
1.31. Օրենսգրքի նախագծի 116 հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ` «Ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է ներկայացվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նախորդ հինգ տարիների ընթացքում պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումների համար տույժ չունենալու դեպքում, ազատազրկման ոչ պակաս քան քսան տարին կրելուց հետո»: Մինչդեռ, ՀՀ Քրեական օրենսգրքի 76 հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն ցմահ ազատազրկման դատապարտված ոչ բոլոր անձինք կարող են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել:
1.32. Օրենսգրքի նախագծի 122 հոդվածի 1-ին մասը վերախմբագրման կարիք ունի:
1.33. Օրենսգրքի նախագծի «Հարկադրանքի միջոցներ» վերնագրված 21-րդ գլուխը քննարկելիս, առաջարկում ենք հաշվի առնել ՄԱԿ-ի 1955 թվականի Ժնեւյան առաջին Գագաթաժողովում ընդունված եւ ՄԱԿ-ի Տնտեսական եւ Սոցիալական խորհրդի 1957 թվականի հուլիսի 31-ի թիվ 663 (XXIV) եւ 1977 թվականի մայիսի 13-ի թիվ 2076 (LXII) բանաձեւով հավանության արժանացած «Կալանավորների հետ վարվելու նվազագույն ստանդարտային կանոնների» եւ «Հատուկ կատեգորիաների համար կիրառվող կանոնների» 82 հոդվածի, մասնավորապես` այդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված դրույթը, համաձայն որի` «Այլ հոգեկան հիվանդություններով եւ արատներով տառապող դատապարտյալներին` (ազատազրկման դատապարտված անձանց) պետք է հաշվառման վերցնել եւ բուժել հատուկ հաստատություններում` բժիշկների ղեկավարությամբ, որը կարեւորվում եւ իր արտացոլումն է գտել ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասում»:
1.34. Օրենսգրքի նախագծի 123 հոդվածի 3-րդ մասում ամրագրված «արգելվում է դատապարտյալին ենթարկել բժշկական կամ գիտական փորձերի` անկախ վերջինիս համաձայնությունից» դրույթը, առավել կարեւոր եւ ընդհանուր նշանակություն ունեցող (այլ ոչ թե հոգեբուժական միջամտությանը) վերաբերող դրույթ է, ուստի այն տրամաբանական կլինի ներառել Օրենսգրքի նախագծի «Դատապարտյալի իրավական վիճակը» գլխի որեւէ հոդվածում` որպես նոր դրույթ:
1.35. Քրեակատարողական, ինչպես նաեւ քրեադատավարական օրենսդրությունը քրեական օրենսդրության նկատմամբ ունեն ծառայող, կատարող նշանակություն եւ ամենապարզ մեկնաբանությամբ կոչված են քրեադատավարական առումով` քրեական օրենսդրության կիրառումը մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, քրեակատարողական առումով` դրա կատարումը, այնինչ ստացվել է այնպես, որ շրջանառության մեջ դրված Օրենքի նախագիծը շատ դեպքերում կրկնում է ՀՀ քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերին:
2. « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Օրենքի նախագիծ) վերաբերյալ դիտողությունները եւ առաջարկությունները չկան:
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քրեական օրենսգրքի, ինչպես նաեւ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի հետ համապատասխանությունն ապահովելու հանգամանքով:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Ս.Յուզբաշյան
Ա.Իոսիֆյան
Ա.Քոչարյան
Հ.Իսրաելյան
Ա.Պողոսյան
Մ.Հակոբյան
10.06.04թ.