ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Կ-298-18.05.2004-ՖՎ-010/0 եւ Կ-316-01.06.2004-ՖՎ-010/0 նույնաբովանդակ ՀՀ օրենքների նախագծերը:
«Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2 հոդվածի 2-րդ մասում «կիրառվում են» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «միջազգային» բառը:
2. Նախագծի 4 հոդվածի 11-րդ մասում «Հայաստանյան» բառն առաջարկվում է փոխարինել «հայաստանյան» բառով:
3. Նախագծի 6 հոդվածի 1-ին մասում շարադրված է անշարժ գույքի ցանկը, որը ենթակա է հայտարարագրման եւ պատկանում է հայտարարատուին, այսինքն` ֆիզիկական անձին, սեփականության իրավունքով: Այդ կապակցությամբ ցանկանում ենք նշել, որ ՀՀ ՔՕ 134 հոդվածի 1-ին մասով տրված անշարժ գույքի սահմանման մեջ ներառված ցանկն ամբողջությամբ չի կարող գտնվել ֆիզիկական անձանց սեփականության ներքո: Այլ կերպ ասած, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, դրանք քաղաքացիա-իրավական հարաբերությունների այն օբյեկտներն են, որոնց նկատմամբ բացառիկ սեփականության իրավունքը պատկանում է միայն Հայաստանի Հանրապետությանը:
Առաջարկվում է նշված օբյեկտների հետ կապված հարաբերությունները (սույն Նախագծի շրջանակներում) ներդաշնակեցնել ՀՀ Ընդերքի օրենսգրքի, ՀՀ Ջրային օրենսգրքի, ՀՀ Անտառային օրենսգրքի համապատասխան նորմերի հետ:
Նույն հոդվածի 4-րդ մասում «բաժնեմասը» բառից հետո ավելացնել «բաժնետոմսը» բառը, իսկ «փայաբաժին» բառը փոխարինել «փայը» բառով:
4. Նախագծի 7 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետում շարադրված «իրավունքներից» բառն առաջարկվում է փոխարինել «իրավունքների իրացումից» բառերով:
5. Նախագծի 8 հոդվածի 4-րդ մասում «օրենքով» բառը հարկավոր է շարադրել հոգնակի թվով:
6.Նախագծի 11 հոդվածի 3-րդ կետի շարադրանքից առաջարկվում է հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
7. Նախագծի 13 հոդվածի 2-րդ մասում «իրավական ակտերով» բառերն առաջարկվում է փոխարինել «օրենքով» բառերով:
8. Նախագծի 14 հոդվածի 3-րդ կետն առաջարկվում է դարձնել մաս եւ շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Հայտարարատուն կրում է օրենքով նախատեսված այլ պարտականություններ»:
9. Նախագծի 7,19,20,21 հոդվածներով ամրագրված պահանջները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42 հոդված 5 մասի պահանջին, համաձայն որի. «Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի»:
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջին, քանի որ օրենքի նախագծին չի կցվել գործող օրենքի փոփոխվող հոդվածը ներկայացնող տեղեկանքը:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Ա.Հայկյանց
Ա.Գալստյան
Գ.Կիրակոսյան
Կ.Հարությունյան
Վ.Էլոյան
11.06.2004թ.