ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում Շիրակի եւ Լոռու մարզերում արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում Շիրակի եւ Լոռու մարզերում արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի Օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Սույն նախագիծը միջազգային իրավունքի հիմնախնդիրներ չի առաջացնում:

Գլխադասային հանձնաժողովների ուշադրությանն ենք ցանկանում ներկայացնել հետեւյալ նկատառումները: Մասնավորապես.

  1. Նախագծի 4 հոդվածի 1 մասի «2)» կետից անհրաժեշտ է հանել «(նվիրատվություն)» բառը, այլապես տպավորություն է ստեղծվում, թե անհատույց մասնավորեցումը եւ նվիրատվությունը նույն իրավական կատեգորիաներ են, մինչդեռ այդպիսիք տարբեր իրավական հասկացություններ են:
  2. Նույն հոդվածի 1 մասի «4)» կետից անհրաժեշտ է հանել «այլ» բառը, քանի որ ստեղծվում է այն տպավորությունը, որ հողամասերի միավորման եւ բաժանման գործարքները օտարման պայմանագրերի տարատեսակներ են:
  3. Նույն հոդվածի 1 մասի «5)» կետում «անօթեւան մնացած քաղաքացիների կողմից» բառերն անհրաժեշտ է տեղափոխել «աղետի» բառից առաջ:
  4. Նույն հոդվածի 2 մասում «տված» բառի փոխարեն անհրաժեշտ է գրել «կողմից տրված համապատասխան» բառերը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Ա.Հայկյանց
                            Ա.Գալստյան
                            Ա.Իոսիֆյան