ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փոստային կապի մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Փոստային կապի մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը (այսուհետ` նախագծեր) քննարկվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ դիտողությունները.

  1. Նախագծի հոդված 1-ի երկրորդ մասն անհրաժեշտ է հանել:
  2. Հոդված 2-ի առաջին պարբերությունից հետո անհրաժեշտ է ավելացնել «Սույն օրենքի գործողությունը չի տարածվում պետական սուրհանդակային կապի եւ էլեկտրոնային փոստի բնագավառներում ծագող հարաբերությունների վրա:» նախադասությունը:
  3. Հոդված 3-ում եւ նախագծի ամբողջ տեքստում «փոխադրություններ» բառի փոխարեն գրել «փոխանցումներ» բառը:
  4. Հոդված 6-ի տեքստում «ա)» կետից առաջ անհրաժեշտ է լրացնել «Փոստային կապի օպերատորի եւ ազգային օպերատորի պարտականություններն են`» նախադասությունը:
  5. Նախագծի հոդված 7-ի երկրորդ մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե, մասնավորապես, ու՞մ հանձնելու մասին է խոսք գնում:
  6. Հոդված 8-ի 12-րդ մասում խոսք է գնում իրավունքների եւ պարտականությունների մասին, որոնք կարող են սահմանվել միմիայն օրենքով` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:
  7. Նույն հոդվածի 17-րդ մասում «հետեւանքով» բառը փոխարինել «պատճառներով» բառով, եւ հստակեցնել, թե ու՞մ է ուղարկվում հետ վերադարձրած փոստային առաքանին:
  8. Հոդված 9-ի «զ)» կետում «օրենքով» բառից հետո ավելացնել «եւ իրավական այլ ակտերով» բառակապակցությունը:
  9. Նախագծի հոդված 16-ի 4-րդ մասում «լցավորվել» բառն անհրաժեշտ է փոխարինել «լիցքավորվել» բառով:
  10. Հոդված 17-ի 4-րդ մասն անհրաժեշտ է համեմատել Հողային օրենսգրքի համապատասխան հոդվածի հետ:
  11. Հոդված 19-ի վերջին մասն անհրաժեշտ է վերախմբագրել, քանի որ պարզ չէ, թե խոսքը ո՞ր օրենքի մասին է:
  12. Հոդված 20-ի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
  13. Նախագծի հոդված 21-ում «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով:
  14. Հոդված 25-ի 2-րդ կետում «օրենքում» բառի փոխարեն գրել «օրենքով» բառը:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Փոստային կապի մասին» ներկայացված օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի նախագիծ) որոշ դրույթներ չեն համապատասխանում Համաշխարհային Փոստային Միության կոնվենցիային, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 14.09.1992 թվականին:

Մասնավորապես, ըստ կոնվենցիայի ազգային օպերատորը պետության եւ քաղաքացիների համար իրականացնում է նաեւ վնասով ծառայությունների մատուցում, այդ պատճառով տեղական ինքնակառավարման մարմինն իր տարածքում բնակչությանը պատշաճ փոստային կապի ծառայություն ապահովելու համար պարտավոր է համապատասխան պայմանագրով ազգային օպերատորին ապահովել անվճար տարածքով եւ ազատել տեղական հարկերից, որն էլ հիմք ընդունելով` օրենքի նախագծի 6 հոդվածն անհրաժեշտ է լրացնել նոր մասով` հետեւյալ բովանդակությամբ. «Փոստային կապի ազգային օպերատորը ազատվում է տեղական բոլոր տեսակի հարկերից եւ տեղական ինքնակառավարման մարմինների սեփականությունը հանդիսացող տարածքների վարձակալման համար նախատեսված վճարներից եւ վարձավճարներից»:

Օրենքի նախագծի 10 հոդվածի «գ» կետը «փոստային» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «կապի ազգային օպերատորին պատկանող» բառերը:Օրենքի նախագծում նախատեսված չէ ազգային օպերատորի փոստային նամականիշեր թողարկելու գործառույթը, որը հանդիսանում է որպես փոստային կապի ազգային օպերատորի մատուցած ծառայությունների վճարամիջոց: Այդ կապակցությամբ նպատակահարմար է վերը նշված գործառույթը նախատեսել օրենքի նախագծի 18 հոդվածում, քանի որ երբ խոսք է գնում սակագների մասին, անհրաժեշտ է կարգավորվել նաեւ դրանց հիման վրա ներկայացվող վճարամիջոցի եւ մարման ձեւի հարցը:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ա.Գալստյան

Ա.Գրիգորյան