ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության է ենթարկվել օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ կառավարության ներկայացրած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Ստորեւ ներկայացնում ենք «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հետեւյալ դիտողությունները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25 հոդվածով սահմանված է. «Մարդուն չի կարելի հարկադրելանդամագրվելու որեւէ միավորման»: Դատելով ներկայացված օրենքի նախագծի դրույթներից` սահմանադրական այս դրույթը խախտվել է: Նախագծի 7 հոդվածը սահմանում է, որ «փաստաբանների պալատը փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող միասնական հասարակական կազմակերպություն է »:

Մեր կարծիքով իրավական կանոնները չպետք է լինեն ընդամենը միայն ձեւակերպումների եւ հիմնավորումների համակարգ: Եթե հիմնական օրենքով սահմանվում են նորմեր, որոնք գործում են անմիջականորեն, ապա նորմի հետագա զարգացումները այլ իրավական ակտերով պետք է լինեին ներդաշնակ եւ վերջնական արդյունքը չպետք է հակասեր հիմնական օրենքի նորմերին:

Օրենքի նախագծով փաստաբանների պալատ - հասարակական միավորմանը տրված են գերլիազորություններ, ինչպես փաստաբաններին արտոնագրելու, արտոնագիրը կասեցնելու, դադարեցնելու, այնպես էլ փաստաբանների նկատմամբ կարգապահական տույժեր նշանակելու տեսանկյունից:

Փաստաբանների պալատը, բացառությամբ որոշ լիազորությունների իրականացնում է պետական մարմինների գործառույթներ:

Ներկայացնում ենք մեր նկատառումները ըստ հոդվածների.

1. Նախագծի 1 հոդվածը վերաբերում է օրենքի կարգավորման առարկային եւ դրա մեջ նշված են 3 ասպեկտներ` փաստաբանական գործունեություն իրականացնելը, մասնագիտական միավորում կազմակերպելու հիմունքները եւ փաստաբանական գործունեություն իրականացնելու կարգը: Մեր կարծիքով, օրենքի կարգավորման առարկայում պետք է ներառել այն հասարակական հարաբերությունները, որոնք կարգավորում են փաստաբանական գործունեությունը, իսկ փաստաբանների մասնագիտական միավորում կազմակերպելու հիմունքներն անհրաժեշտ է օրենքի կարգավորման առարկային վերաբերող հոդվածից հանել, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի 4-րդ պարագրաֆում ներառված հոդվածներն արդեն իսկ կարգավորում են այդ խնդիրը:

2. Նախագծի 2 հոդվածը նպատակահարմար է վերնագրել «Փաստաբանական գործունեության իրավական կարգավորումը», իսկ տեքստը` «Փաստաբանական գործունեության իրավական կարգավորումը իրականացվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական դատավարության եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով, ինչպես նաեւՀՀ վավերացված միջազգային պայմանագրերով»:

Նույն հոդվածն անհրաժեշտ է լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր մասով. «Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:»:

3. Նախագծի 3 հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ կերպ` «Փաստաբանական գործունեության սկզբունքները եւ անկախության երաշխիքները»:

Նույն հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է հանել հոդվածի շարադրանքից:

4. Նախագծի 4 հոդվածն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Արգելվում է այն կազմակերպությունների եւ հասարակական միավորումների անվանումներում «փաստաբանական գործունեություն», «փաստաբանություն», «փաստաբան», «փաստաբանների պալատ», «փաստաբանների պալատի խորհուրդ» հասկացությունների կամ այդ հասկացությունները ներառող բառակապակցությունների օգտագործումը, որոնք չեն զբաղվում փաստաբանական գործունեությամբ»:

5. Նախագծի 5 հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը դեկլարատիվ բնույթ ունի, այդ պատճառով առաջարկվում է հանել հոդվածի շարադրանքից:

Նույն հոդվածի 2-րդ մասը փաստաբանական գործունեությունը սահմանում է որպես իրավաբանական օգնություն, մինչդեռ, նման սահմանումը մեր կարծիքով, սխալ է, քանի որ գործունեությունն ամենեւին էլ օգնության տեսակ չէ կամ կարող է այդպիսին չլինել: Այդ կապակցությամբ գտնում ենք, որ հոդվածի նշված մասն անհրաժեշտ է վերախմբագրել:

Նույն մասում սխալ են սահմանված փաստաբանական գործունեության մեջ ներառված ձեւերը, մասնավորապես, խորհրդատվություն, ներկայացուցչություն, քրեական գործերով պաշտպանություն, ավելին` հոդվածի շարադրանքից հետեւում է, որ ցանկացած ներկայացուցչություն համարվում է փաստաբանական գործունեություն, մինչդեռ, ներկայացուցչության ինստիտուտն ամենեւին էլսահմանափակված չէ փաստաբանական գործունեությամբ: Թույլ փորձ է կատարված տարանջատելու օրենքի հիման վրա իրականացվող փաստաբանական գործունեությունը ներկայացուցչության առումով: Մեր կարծիքով, հոդվածը կարիք ունիհստակեցման եւ խմբագրման:

Հոդվածը հակասում է նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ գլխում ներառված հոդվածների դրույթերին:

6. Նախագծի 6 հոդվածի կապակցությամբ գտնում ենք, որ փաստաբանական գործունեությունն իրականում ծառայությունների վճարովի կամ անվճար մատուցում է, հետեւաբար սույն հոդվածի դրույթներն անհրաժեշտ է ներդաշնակեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ գլխի հոդվածներում ներառված դրույթների հետ:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ փաստաբանական գործունեության վճարի ողջամիտ չափն ու վճարման կարգը որոշվում է փաստաբանի ու վստահորդիմիջեւ կնքված գրավոր պայմանագրով: Կարծում ենք, որ վճարման չափի ողջամիտ լինելը կամ չլինելը որոշվում է կողմերի համաձայնությամբ, որն էլ հիմք է դառնում պայմանագրի կնքման համար: Գտնում ենք, որ նշված գնի ողջամտությունըվերաբերում է միայն ծառայության դիմաց վճարողին, ուստիեւ չի կարող դառնալ սույն օրենքի կարգավորման առարկա:

7. Նախագծի 7 հոդվածում սահմանված է փաստաբանների պալատ ստեղծելու անհրաժեշտությունը: Չվիճարկելով այդ հանգամանքը` գտնում ենք, որ դրանում ներառված դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25 հոդվածի, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 122 հոդվածի դրույթներին: Մասնավորապես, դրա ձեւավորման, կառավարման եւ լիազորություններին վերաբերող դրույթների առումով:

8. Նախագծի 16 հոդվածի 2-րդ մասն արգելում է փաստաբանների հասարակական միավորումներին իրականացնել փաստաբանների պալատի կամ դրա մարմինների համար Նախագծով նախատեսված լիազորությունները, ինչը, մեր խորին համոզմամբ, անթույլատրելի է հետեւյալ պատճառաբանություններով.

- ինչպես փաստաբանների պալատն է հասարակական կազմակերպություն, այնպես էլ այդպիսին կարող է հանդիսանալ նաեւ փաստաբանների հասարակական կազմակերպությունը, որը «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է իրականացնել փաստաբանների պալատի կամ դրա մարմինների լիազորություններին համանման լիազորություններ:

Նման կարգով եւ սահմանափակումներով փաստաբանների պալատ ստեղծելը (միակը հանդիսանալու կանխավարկածով) անթույլատրելի է եւ հակասում է ՀՀ Սահմանադրության 25 հոդվածի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի եւ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտի դրույթներին:

Նույն դիտողությունը վերաբերում է Նախագծի 17 հոդվածի 1-ին, 7-րդ մասերին եւ վերջին պարբերությանը, ինչպես նաեւ Նախագծի 42, 43 հոդվածներին, որը փաստաբանական գործունեություն իրականացնելու նախապայման է համարում փաստաբանների պալատի անդամ լինելու հանգամանքը:

9. Նախագծի 22 հոդվածն անհրաժեշտ է ներդաշնակեցնել ՀՀ Սահմանադրության 8, 16 հոդվածներում ամրագրված դրույթների պահանջներին:

10. Նախագծի 26 հոդվածը հակասում է նույն Նախագծի 10, 17 հոդվածների դրույթներին:

11. Նախագծի 28 հոդվածի առաջին մասի 1-ին կետը նախատեսում է, որ փաստաբանական գործունեության արտոնագիր կարող է ստանալ անձը, ով ունի բարձրագույն իրավաբանական կրթություն կամ իրավաբանի մասնագիտությամբ գիտական աստիճան:

Հարկ ենք համարում նշել, որ իրավագիտության մագիստրոսի եւ թեկնածուի գիտական աստիճան հնարավոր է ստանալ առանց բազային մասնագիտական ուսուցման:

Բացի վերոգրյալ դիտողություններից եւ առաջարկություններից Նախագիծն ունի բազմաթիվ խմբագրական, լեզվաոճական թերություններ:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Ա.Երեմյան
                            Ս.Յուզբաշյան
                            Կ.Մելքոնյան
                            Մ.Սողոմոնյան
                            Ա.Պողոսյան
                            Վ.Էլոյան