ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2 հոդվածի 1-ին մասի «բնագավառը կարգավորվում է» բառերն առաջարկվում է փոխարինել «բնագավառի հարաբերությունները կարգավորվում են» բառերով:
2. Նախագծի 3 հոդվածում օգտագործված հասկացությունների մի մասը բացատրված է թերի կամ սխալ, մասնավորապես 1-ին եւ 2-րդ կետերում «մասնագիտական կրթություն» հասկացությունները սահմանված են որպես մասնագիտական կրթություն, դոկտորանտը` համապատասխան կարգով ձեւակերպված անձ, հայեցորդը` հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ:
Նույն հոդվածի 3-րդ մասում «սահմանված կարգով» բառակապակցությունը նպատակահարմար է տեղափոխել «հաստատությունը» բառից հետո:
Հոդվածի 7-րդ մասի «սովորողի» բառն առաջարկում ենք փոխարինել «ուսանողի» բառով:
Նույն փոփոխությունը կատարել Նախագծի ամբողջ տեքստում:
Հոդվածի 8-րդ մասի շարադրանքում տրամաբանական սխալ է առկա, ինչը, մեր կարծիքով, կարող է հանգեցնել տարակարծությունների:
Նույն հոդվածի 9-12 մասերում ներառված դրույթների շարադրանքը ճիշտ չէ:
Հոդվածի 13-րդ մասի «կրեդիտային համակարգ» բառերն առաջարկվում է փոխարինել «տեղեկությունների շտեմարան» բառակապակցությամբ, քանի որ մասի բովանդակությունից հետեւում է, որ Նախագծի հեղինակները նկատի ունեն հենց տեղեկությունների շտեմարանը:
Հոդվածի 14-րդ մասում նշված ուսման նպաստը, ուսման վարձի փոխհատուցում չէ, չի կարող այդպիսին հանդիսանալ, ինչը եւ հանգեցնում է հասկացության ընկալման սխալ իմաստին:
Նույն մասում «փոխհատուցում» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
3. Նախագծի 4 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «մրցույթայնություն» բառը, մեր կարծիքով, սխալ է օգտագործված եւ հարկավոր է հանել:
Նույն մասի 5-րդ կետում նշված եվրոպական բարձրագույն կրթական տարածք ֆիզիկապես գոյություն չունի, այն սխալ է եւ անհրաժեշտ է հանել:
Նույն արտահայտությունը օգտագործվում է Նախագծի հետագա մի շարք հոդվածներում, որոնք եւս պետք է հանվեն:
Նույն մասի 6-րդ կետում նշված «ուսանողների միջազգային շարժունությանը նպաստելը» բառերը զուրկ են իմաստից, ենթակա են վերանայման:
Նույն մասի 8-րդ կետի «անկախ սեփականության ձեւից» արտահայտությունը սխալ է, քանի որ սեփականությունը ձեւեր չի կարող ունենալ, սեփականատերերը կարող են լինել տարբեր:
4. Նախագծի 5 հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «կրթության» բառից հետո առաջարկվում է ավելացնել «պատշաճ» բառը:
Նույն մասի 2-րդ կետում առաջարկվում է «աջակցություն» բառը փոխարինել «աջակցելու» բառով:
Նույն մասի 3-րդ կետի շարադրանքից անհասկանալի է, թե ով (խոսքը գնում է իրավահարաբերության սուբյեկտների մասին) ում հետ է ինտեգրվելու, հարկավոր է պարզաբանել:
5. Նախագծի 6 հոդվածի 3-րդ մասում նշված դրույթներից դժվար է պատկերացում կազմել բարձրագույն ուսումնական հաստատության կապերի իրականացման գործընթացի վերաբերյալ, այն սխալ է եւ առաջարկվում է հստակեցնել մասի շարադրանքը:
Հոդվածի 4-րդ մասից առաջարկում ենք հանել «բոլոր տարակարգերի» բառերը:
Նույն հոդվածի 6-րդ մասից առաջարկվում է հանել «ըստ հակումների եւ պահանջմունքների» արտահայտությունը:
Հոդվածի 7-րդ մասում «աշխատողների» բառն անհրաժեշտ է փոխարինել «աշխատակիցների» բառով: Նույն փոփոխությունը կատարել Նախագծի ամբողջ տեքստում:
Նույն հոդվածի 8-րդ մասի երկրորդ պարբերությունում «ՀՀ» բառն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:
6. Նախագծի 7 հոդվածի 1-ին մասը, մեր կարծիքով, սխալ է սահմանված, քանի որ համակարգը չի կարող չափանիշներ սահմանել:
7. Նախագծի 8 հոդվածի 7-րդ մասի «պլանները» բառն անհրաժեշտ է փոխարինել «ծրագրերը» բառով: Նույն փոփոխությունը կատարել Նախագծի ամբողջ տեքստում:
Նույն հոդվածի 7-րդ մասի շարադրանքը պատշաճ չէ, հարկավոր է վերախմբագրել:
8. Հարկ է նշել, որ ներկայացված օրենքի նախագիծը սերտորեն փոխկապակցված է մի շարք կոնվենցիաների, ինչպես նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքի հետ եւ, եթե միջազգային իրավունքի տեսանկյունից օրենքի նախագիծը հիմնախնդիրներ չի առաջացնում, ապա «Կրթության մասին» ՀՀ օրենքի հետ կան որոշակի հակասություններ:
Այսպես` նախագծի 9 հոդվածի 4-րդ մասում նշված են բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական հիմնական կրթական ծրագրի ուսուցման ժամկետները, որտեղ «մագիստրոսի» որակավորման աստիճան ստանալու համար սահմանված է առնվազն մեկ տարի, որը հակասում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 22-րդ կետին, համաձայն որի` «մագիստրոսի» որակավորման աստիճան ստանալու համար սահմանված է երկամյա ժամկետ:
Նույն հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության «թույլատրելի է» բառն առաջարկվում է փոխարինել «թույլատրվում է» բառով եւ տեղափոխել «բարձրագույն» բառից առաջ:
9. Նախագծի 11 հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության գործող» եւ «սահմանված կարգով» բառերը:
Նույն մասի երրորդ պարբերությունից առաջարկվում է հանել «Հայաստանի Հանրապետության գործող» բառերը:
10. Նախագծի 12 հոդվածի վերնագրում առաջարկվում է «անվանումները» բառը փոխարինել «անվանումներին» բառով եւ դրանից հետո ավելացնել «ներկայացվող պահանջները» բառակապակցությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասում «ավելացված» բառն առաջարկում ենք փոխարինել «ինչպես նաեւ» բառերով:
11. Նախագծի 13 հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ» արտահայտությունն առաջարկում ենք փոխարինել «օրենքով» բառով:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «իրականացնում են լիցենզավորված ուսումնական հաստատությունները» բառերով:
Հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետից առաջարկում ենք հանել «գծով» բառը:
Նույն մասի 3-րդ կետում նշված դրույթները, մեր կարծիքով, անհրաժեշտ է սահմանել օրենքով:
12. Նախագծի 14 հոդվածի 5-րդ մասի «նաեւ բակալավրի ծրագրով, որի կարգը եւ մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» դրույթում, մեր կարծիքով, առկա է տրամաբանական սխալ, առաջարկում ենք վերախմբագրել:
13.Նախագծի 15 հոդվածը, իրավաբանական անձ-ուսումնական հաստատության դեպքում, հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի հոդվածներում ամրագրված դրույթներին:
14. Նախագծի 16 հոդվածի 1-ին մասն իմաստազուրկ է եւ հարկավոր է վերախմբագրել:
Նույն հոդվածի 2-րդ մասն ուղղակի հակասում է ՀՀ Սահմանադրության 25 հոդվածում ամրագրված դրույթներին:
15. Նախագծի 17 հոդվածի 1-ին մասի շարադրանքը պատշաճ չէ, անհրաժեշտ է վերախմբագրել:
Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «մասնակցելու իր կրթության բովանդակության ձեւավորմանը» արտահայտությունը ենթակա է պարզաբանման:
Նույն մասի 5-րդ կետի «տեղեկատվական ֆոնդերից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «տեղեկությունների շտեմարանից» բառերով: Նույն փոփոխությունը կատարել Նախագծի 19 հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում:
Նույն կետում «սիմպոզիումներին» բառն անհրաժեշտ է փոխարինել հայերեն հոմանիշով:
Հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը, մեր կարծիքով, ավելորդ է եւ հարկավոր է հանել:
Նույն մասի 13-րդ կետում «տեղ» բառն առաջարկում ենք փոխարինել «կացարան» բառով:
Նույն մասի 14-րդ կետում «կրթության կառավարման լիազորված պետական մարմնի կողմից սահմանված կարգով» բառերը նպատակահարմար է տեղափոխել «փոխադրելու» բառից առաջ:
Հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում «ուսանողներին» բառից հետո առաջակվում է ավելացնել «բարձրագույն ուսումնական հաստատությունից» բառերը:
16. Նախագծի 19 հոդվածի 2-րդ մասից առաջարկվում է հանել «բոլոր» բառը:
Նույն փոփոխությունը առաջարկվում է կատարել հոդվածի 3-րդ մասում:
Նույն հոդվածի 3-րդ մասում «տեղակալումը» եւ «տեղակալման» բառերն անհասկանալի են եւ ենթակա են պարզաբանման:
Հոդվածի 5-րդ մասում նշված դրույթն անհասկանալի է, քանի որ, կարելի է ենթադրել, որ տվյալ մասում խոսքը գնում է բարձրագույն ուսումնական հաստատության բոլոր աշխատակիցների, այլ ոչ թե կրթական գործունեություն իրականացնողների մասին:
17. Նախագծի 21 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված դրույթը, մեր կարծիքով, անհրաժեշտ է սահմանել օրենքով:
Նույն մասի 9-րդ կետի «ՀՀ օրենքներով» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքով» բառով:
18. Նախագծի 23 հոդվածի 1-ին մասում եւ 25 հոդվածում նշված դրույթները հակասում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի հոդվածներով սահմանված նորմերին:
Նախագծի 23 հոդվածի 2-րդ մասում նշված հարաբերությունները, արդեն իսկ, կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխում սահմանված նորմերով:
19. Նախագծի 24 հոդվածից առաջարկում ենք հանել «գործող» բառը:
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Կ.Մելքոնյան
Ս.Յուզբաշյան
Ա.Երեմյան
Հ.Իսրաելյան
Մ.Սողոմոնյան
Վ.Էլոյան
10.06.04թ.