ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ապահովագրության մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին եւ միջազգային իրավունքի տեսանկյունից հիմնախնդիրներ չեն առաջացնում:

Օրենքների նախագծերի վերաբերյալ ստորեւ ներկայացվում են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.

«Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 3 հոդվածի 1-ին մասում «ապահովագրություն» հասկացությունը պատշաճ ձեւակերպում չի ստացել եւ մեր կարծիքով իմաստազուրկ բառերի կույտ է, ենթակա է վերաձեւակերպման:

Նույն հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք հանել «օրենսդրությանը չհակասող» բառերը եւ «գույքային» բառից հետո ավելացնել «օրինական» բառը:

Հոդվածի 4-րդ մասում «ապահովագրվողի կամքից անկախ» բառերն առաջարկում ենք հանել:

Նույն հոդվածի 5-րդ, 8-րդ եւ 10-րդ մասերում «երեւան գալու» բառերն առաջարկում ենք հանել:

Հոդվածի 9-րդ մասում նշված հասկացությունը պատշաճ սահմանում չի ստացել, առաջարկվում է սահմանումը հստակեցնել:

Նույն հոդվածի 10-րդ մասում «կյանքի ապահովագրության բնույթ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ապահովագրություն» բառով:

Նույն հոդվածի 12-րդ մասում «ամբողջ» բառն առաջարկվում է հանել, իսկ «դրա» բառը փոխարինել «դրանց» բառով:

Հոդվածի 16-րդ մասում սահմանվում են ապահովագրական ընկերությունների կազմակերպական-իրավական տեսակները, մասնավորապես, նշվում են միայն սահմանափակ պատասխանատվությամբ կամ բաժնետիրական ընկերությունների տեսակներ: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված է առեւտրային կազմակերպությունների այլ տեսակներ, որոնք տվյալ պարագայում անիրավացիորեն անտեսվում են:

Նույն հոդվածի 19-րդ մասից առաջարկում ենք հանել «փաստացի» եւ «պատահական» բառերը:

Նույն հոդվածի 24-րդ մասում առաջարկվում է «մուծել» բառը փոխարինել «վճարել» բառով:

Նույն հոդվածի 31-րդ մասում «տեղեկատվություն» բառն առաջարկում ենք փոխարինել «տեղեկություն» բառով:

2. Նախագծի 4 հոդվածի 2-րդ մասը հստակեցման կարիք ունի, կան նաեւ մի շարք անճշտություններ, մասնավորապես, «իրավական կարգավիճակին» վերաբերող դրույթը: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր իրավաբանական անձի անվանման մեջ պետք է ներառվեն նրա կազմակերպա-իրավական տեսակը նշող բառեր:

3. Նախագծի 6 հոդվածի 1-ին մասից առաջարկվում է հանել «օրենսդրությանը չհակասող» բառերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունից պարզ չէ, թե ապահովագրողների միություններն ինչի մասնակից չեն կարող լինել:

Նույն մասի երկրորդ նախադասությունից առաջարկում ենք «ասոցիացիա» բառը փոխարինել հայերեն հոմանիշներով:

4. Նախագծի 8 հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «իրականացվում է» բառը փոխարինել «իրականացնում են» բառով, «ընկերությունների կողմից» բառերը` «ընկերությունները» բառով:

Նույն հոդվածի 2-րդ մասի «գ» կետում «ապահովադրի» բառն առաջարկում ենք փոխարինել «ապահովագրվողի» բառով:

Նույն մասի «դ» կետում «հիմնավոր» բառն առաջարկում ենք փոխարինել «ողջամիտ» բառով, իսկ «ե» կետում «ուղղությամբ» բառը` «նպատակով» բառով:

Նույն հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «մնում է պատասխանատու» բառերը փոխարինել «պատասխանատվություն է կրում» բառերով:

Հոդվածի 4-րդ մասում առաջարկվում է «պետք է ընդգրկվեն» բառերը փոխարինել «ընդգրկվում են» բառով:

Նույն հոդվածի 6-րդ մասում առաջարկում ենք «պետական» բառից հետո ավելացնել «կառավարման» բառը, իսկ «տեղական» բառից հետո` «ինքնակառավարման մարմինների հիմնադրած» բառերը:

Նույն հոդվածի 7-րդ մասի շարադրանքից չի հասկացվում Նախագծի հեղինակների մտահաղացումը, խոսքը վերաբերում է «շարունական ներկայացնել» արտահայտությանը:

Նույն մասի «է» եւ «թ» կետերում «նրանց» բառերն առաջարկում ենք փոխարինել «դրանց» բառերով, «ժ» կետից հանել «կնքված» բառը:

Հոդվածի 8-րդ մասում առաջարկում ենք «կամ» բառը վերցնել փակագծերի մեջ եւ դրանց առաջ ավելացնել «եւ» բառը:

5. Նախագծի 9 հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ կարծում ենք, որ վերաապահովագրության դեպքում անհրաժեշտ է որոշակի չափանիշներ սահմանել օտարերկրյա կազմակերպությունների համար:

6. Նախագծի 10 հոդվածի 4-րդ մասից առաջարկում ենք հանել «այն» բառը, իսկ «հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում» բառերը տեղափոխել «կանոնակարգը» բառից հետո:

7. Նախագծի 11 հոդվածի 2-րդ մասի «ա» եւ «բ» կետերում նշված հաստիքների առկայությունը չի նշանակում, որ նշված հաստիքները զբաղեցված կլինեն:

Պարզ չէ, թե ինչ նկատի ունեն Նախագծի հեղինակները նույն հոդվածի 8-րդ մասում նշելով «դրամական արտահայտությամբ» բառերը:

8. Նախագծի 15 հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է ներդաշնակեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 54 գլխի հոդվածներով սահմանված դրույթների հետ:

9. Նախագծի 16 հոդվածի 6-րդ մասը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003 հոդվածով ամրագրված դրույթներին:

10. Նախագծի 20 հոդվածի 1-ին մասում նշված «կամ մի քանի տարիների ծրագրով» բառերը ենթակա են պարզաբանման:

11. Նախագծի 21 հոդվածի 1-ին մասի «նորմատիվների չափը» բառերն առաջարկում ենք փոխարինել «նորմատիվները, դրանց» բառերով:

12. Նախագծի 24 հոդվածի 1-ին մասում, 1-ին մասի երկրորդ պարբերությունում եւ 2-րդ մասում առաջարկում ենք «տեղեկատվությունը» բառերը փոխարինել «տեղեկությունների» բառերով, իսկ առաջին նախադասության «տեղեկությունների» բառը տեղափոխել «մարմին» բառից հետո:

Նույն մասի երկրորդ նախադասությունում առաջարկվում է «է» բառը փոխարինել «են» բառով:

13. Նախագծի 25 հոդվածի 4-րդ մասից առաջարկում ենք հանել «կոնկրետ» բառը:

14. Նախագծի 26 հոդվածի 1-ին մասում «բլանկներ» բառն առաջարկում ենք փոխարինել «ձեւաթղթեր» բառով:

Նույն հոդվածի 2-րդ մասում «տիպային օրինակը» բառերն առաջարկվում է փոխարինել «օրինակելի ձեւերը (նմուշները)» բառերով:

15. Նախագծի 27 հոդվածի 1-ին մասի «տեքստում» բառն անհրաժեշտ է փոխարինել «այսուհետ`» բառով:

Նույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետի նշված դրույթների վերաբերյալ, գտնում ենք, որ ստուգումներ անցկացնելու կարգն անհրաժեշտ է սահմանել օրենքով:

Հոդվածի 3-րդ մասի «ե» կետում «միջնորդագիր» բառն առաջարկում ենք փոխարինել «միջնորդություն» բառով, իսկ «զ» կետում «ցանկացած պահի» բառերը` «անհրաժեշտության դեպքում» բառերով:

Նույն մասի «թ» կետից առաջարկում ենք հանել «օրենսդրության շրջանակներում» բառերը:

16. Նախագծի 28 հոդվածի 1-ին կետում «հանդիսացող» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «(պարունակող)» բառը:

17. Նախագծի 29 հոդվածի վերնագրում եւ հոդվածի տեքստում նշված «փողային լվացման» բառերն իրավական տերմիններ չեն, առաջարկում ենք փոխարինել պատշաճ բառերով:

18. Նախագծի 30 հոդվածի 4-րդ մասից առաջարկվում է հանել «(վճիռը)» բառը:

19. Նախագծի 6-րդ գլխի վերնագրում առաջարկում ենք «նրանց» բառը փոխարինել «դրանց» բառով:

Օրենքների մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ա.Գալստյան
                             Ա.Երեմյան
                             Կ.Մելքոնյան
                             Ս.Յուզբաշյան
                             Մ.Սողոմոնյան
                             Վ.Էլոյան

11.06.2004թ.