ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արդարադատության խորհրդի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»ՀՀօրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արդարադատության խորհրդի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»ՀՀօրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Ստորեւ ցանկանում ենք ներկայացնել մեր նկատառումները.

1.«Արդարադատության խորհրդի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ`

1.1. Նախագծի 2 հոդվածում անհրաժեշտ է հանել «սեռական պատկանելիության» արտահայտությունը: Հիշյալ արտահայտությունը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15 հոդվածի տրամաբանությունից:

2. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ`

2.1. Նախագծի 3 հոդվածով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածը, որով փորձ է արվելգործող օրենքի համեմատությամբ` ավելի մանրամասնել կարգապահական պատասխանատվության հիմքերը: Մեր գնահատմամբ, որոշ հիմքեր (1, 2, 6 ենթակտերով սահմանված)շատ լայն մեկնաբանությունների տեղիք են տալիս, որոնք կարիք ունեն վերանայման եւ ճշգրտման: Նկատենք նաեւ, որ հիշյալ նախագծի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փորձագետներ Պ.Կորնուի, Հ.Էփընիգի եւ Ջ.Օբերտոյի ներկայացրած եզրակացությունում գործող օրենքում ամրագրված կարգապահական պատասխանատվության հիմքերի վերաբերյալ նշվում է, որ « Կարգապահական պատասխանատվության հիմքերը արդարացի են թվում» :

2.2. Նույն հոդվածում առկա են խմբագրական բնույթի հետեւյալ բացթողումները`

- Հոդվածի 9 ենթակետում «աշխատանքը» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել «անհարգելի» բառը:

- Հ ոդվածի 12 ենթակետի «դատերից» բառը անհրաժեշտ է փոխարինել «դատից» բառով:

- Անհրաժեշտ է վերախմբագրել հիշյալ հոդվածի 13 եւ 14 ենթակետերը:

3.«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»ՀՀօրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Ներկայացված ՀՀ օրենքների նախագծերը միջազգային իրավունքի հիմնախնդիրներ չեն առաջացնում:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ա.Հայկյանց
                             Հ.Իսրաելյան
                             Ա.Իոսիֆյան