ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատաարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` օրենքի նախագիծ) քննարկվել է ՀՀ Աժ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին եւ միջազգային իրավունքի հիմնախնդիրներ չի առաջացնում:

Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

1. Օրենքի նախագծի 4 հոդվածով առաջարկվում է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 8 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի առաջին մասի համաձայն. «Տեղական զորակոչային հանձնաժողովը նախապատրաստում եւ հանրապետական հանձնաժողովին է ներկայացնում այլընտրանքային ծառայության անցնելու մասին դիմած քաղաքացու փաստաթղթեր»: Հիշատակված խմբագրության մեջ չի նշվում, թե զորակոչային հանձնաժողովը ինչ ժամկետներում պետք է նախապատրաստի եւ ներկայացնի հանրապետական հանձնաժողովին` հոդվածում նշված փաստաթղթերը, ուստի անհրաժեշտ է հոդվածում ամրագրել այդ ժամկետները:

Նույնը վերաբերում է նաեւ նույն հոդվածի երկրորդ մասին:

2. Նախագծի 1 հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել օրենքի 2 հոդվածը, որի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` այլընտրանքային զինվորական ծառայություն է համարվում ՀՀ զինված ուժերից դուրս իրականացվող աշխատանքային ծառայությունը: Իսկ նախագծի 7 հոդվածով առաջարկվում է օրենքի նախագծի 17 հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Այլընտրանքային աշխատանքային ծառայողը ծառայության վայրում գտնվում է շուրջօրյա: Ծառայության վայր է համարվում կազմակերպությանը տնօրինման, տիրապետման եւ օգտագործման իրավունքով պատկանող տարածքը»:

Համեմատելով հիշատակված երկու դրույթները` հանգում ենք այն եզրակացության, որ`

ա) այլընտրանքային աշխատանքային ծառայությունը կարող է իրականացվել ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական կազմակերպություններում,

բ) այլընտրանքային աշխատանքային ծառայության վայր կարող է դիտվելմիայն այն տարածքը, որը սեփականության իրավունքով պատկանում է տվյալ կազմակերպությանը:

Եզրակացության սույն կետի «ա» ենթակետում նշված խնդրի վերաբերյալ, սկզբունքային առարկություն չունենալով հանդերձ, առաջարկում ենք հստակեցնել նման ծառայության վայր ընտրելու կանոնը, իսկ «բ» ենթակետում նշվածի վերաբերյալ գտնում ենք, որ որեւէ իրավական հիմք չկա սահմանափակելու այլընտրանքային ծառայության վայրը կազմակերպությանը սեփականության իրավունքով այդ տարածքը պատկանելու հանգամանքը:

Այսպես, լիզինգի կամ վարձակալության պայմանագրով տարածքը կարող է հանձնվել օգտագործման եւ տիրապետման իրավունքով, սակայն դա, մեր համոզմամբ, որեւէ կերպ չի խոչընդոտում կազմակերպելու այլընտրանքային աշխատանքային ծառայությունը նշված վայրում: Այս առումով առաջարկում ենք վերախմբագրել հիշյալ դրույթը:

3. Նախագծի 7 հոդվածով առաջարկվում է օրենքի 19 հոդվածը շարադրել նոր բովանդակությամբ, որի երկրորդ մասի համաձայն. «Այլընտրանքային ծառայողին ծառայության ընթացքում, որպես խրախուսանք, կարող է տրվել 15 օրացույցային օր տեւողությամբ միանվագ արձակուրդ»: Նկատի ունենալով, որ նշված կետում օգտագործված «ծառայության ընթացքում» հասկացությունը լայն իմաստ ունի, ուստի առաջարկում ենք սահմանել որոշակի ժամկետ (օրինակ «ծառայության յուրաքանչյուր տարվա ընթացքում մեկ անգամ»):

4. Օրենքի նախագծի 8 հոդվածով առաջարկվում է օրենքի 24 հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«1.Սույն օրենքի 14-րդ եւ 16-րդ հոդվածներից բխող որոշումները կառավարությունն ընդունում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածից բխող որոշումը կառավարությունն ընդունում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում»:

Եթե նշված հոդվածի երկրորդ կետին վերաբերող առարկությունը վերաբերում է սահմանված հնգօրյա ժամկետին, որի ընթացքում կառավարությունը ֆիզիկապես կարող է չհասցնել ընդունել համապատասխան որոշում, ապա առաջին կետում շարադրված դրույթը, մեր կարծիքով, վրիպակի արդյունք է, քանի որ դեռեւս չընդունված օրենքով հնարավոր չէ պարտավորեցնել կառավարությանը ընդունելու որոշումներ:

5. Նկատի ունենալով, որ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը բաղկացած է 24 հոդվածից, եւ ներկայացվող օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել նշված օրենքի միանգամից 12հոդվածներում, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված է, որ «Եթե իրավական ակտում կատարվում են ծավալուն փոփոխություններ եւ լրացումներ, ապա իրավական ակտը կարող է ամբողջությամբ շարադրվել նոր խմբագրությամբ», ուստի մեր կարծիքով կարելի է օրենքի նախագիծը ներկայացնել քննարկման նոր խմբագրությամբ` ամբողջությամբ:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Հ.Իսրաելյան
                             Ա.Իոսիֆյան