ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված օրենքների նախագծերի սույն փաթեթը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Օրինագծերի սույն փաթեթում ընդգրկված «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները.
1. Նախագծի հոդված 3-ի «իա» կետում, «էլեկտրոնային փող» հասկացության սահմանման մեջ, նշված է, որ այն թողարկողի նկատմամբ դրամական պահանջ արտահայտող դրամական արժեք է, որը. «թողարկվում է ստացված դրամական միջոցների դիմաց, որոնց արժողությունը չի կարող ավելի փոքր լինել քան թողարկված էլեկտրոնային փողի արժեքը,» եւ որը. «ընդունվում է որպես վճարամիջոց թողարկողից տարբերվող այլ անձանց կողմից:»: Տվյալ դեպքում ամրագրվում է էլեկտրոնային փողի թողարկման միայն նվազագույն չափը, ինչից կարելի է ենթադրել, որ էլեկտրոնային փողի արժեքը կարող է նաեւ լինել ավելի բարձր, քան դրա դիմաց ստացված դրամական միջոցներն են: Վերջին դեպքում առաջանում են մի շարք հարցեր եւ խնդիրներ, որոնց սույն նախագիծը լուծումներ չի տալիս, եւ որոնք անհրաժեշտ է հստակեցնել:
Մասնավորապես`
Մասնավորապես`գ ի՞նչ սկզբունքներով եւ մեխանիզմներով է որոշվելու թողարկված էլեկտրոնային փողի արժեքը (առաջարկի եւ պահանջարկի հիման վրա, պայմանագրով, կողմերի այլ համաձայնությամբ եւ այլն),
գ «թողարկողից տարբերվող այլ անձանց կողմից» էլեկտրոնային փողը, որպես վճարամիջոց ընդունելու դեպքում, ի՞նչ արժեքով պետք է ընդունվի` փաստացի ստացված դրամական միջոցների, թե՞ էլեկտրոնային փողի անվանական արժեքով (որն ավելի բարձր կարող է լինել, իսկ դրանց տարբերությունն էլ չունի համապատասխան դրամական ծածկույթ),
գ կարո՞ղ է արդյոք էլեկտրոնային փողը թողարկվել արտարժութային միավորներով, թե՞ ոչ,
գ վճարահաշվարկային ծառայության համար գանձվող սպասարկման վճարը կարո՞ղ է ներառվել էլեկտրոնային փողի անվանական արժեքի մեջ, թե՞ ոչ,
գ եթե դրամական միջոցը, որի դիմաց թողարկվել է էլեկտրոնային փողը, ստացվել է արտարժույթով, ապա ո՞ր փոխարժեքով պետք է այն վերածվի դրամական միավորի` որպես վճարամիջոց օգտագործելու նպատակով եւ այլն:
2. Նախագծի 4-րդ հոդվածը, մեր կարծիքով, անհրաժեշտ է լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մասով.
«3. Կենտրոնական բանկը կարող է լինել միայն վճարահաշվարկային այն համակարգի օպերատոր, որի մասնակիցներ են հանդիսանում բանկերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանը եւ պետական հիմնարկներն ու կազմակերպությունները:»:
Այսինքն, առաջարկվող լրացումը սահմանափակում է վճարահաշվարկային համակարգի լիրաժեք սուբյեկտ հանդիսանալու` ՀՀ կենտրոնական բանկի հնարավորությունը (ինչն ակնհայտ է նախագծի ամբողջ համատեքստից), որը խիստ անհրաժեշտ է ծառայությունների այս ոլորտում մրցակցության ապահովման, ինչպես նաեւ ոլորտի հետագա զարգացումը չխաթարելու առումով: Հակառակ դեպքում` վճարահաշվարկային համակարգի ոչ մի օպերատոր ի վիճակի չի լինի մրցակցել Կենտրոնական բանկի հետ (եթե նա հանդես գա որպես համահավասար օպերատոր), որովհետեւ Կենտրոնական բանկը միաժամանակ հանդիսանալու է նաեւ`
գ վճարահաշվարկային համակարգի ստեղծման եւ դրան մասնակցելու թույլտվություն տվողը,
գ վճարահաշվարկային համակարգի կազմակերպություններին լիցենզավորողը եւ նրանց գործունեությունը վերահսկողը,
գ վճարահաշվարկային համակարգի գործունեության «խաղի կանոններ» հաստատողը եւ փոփոխողը,
գ վճարահաշվարկային համակարգի կազմակերպություններին պատասխանատվության ենթարկողը,
գ վճարահաշվարկային համակարգի կազմակերպությունների համար չափանիշներ եւ այլ պահանջներ սահմանողը եւ այլն:
3. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվող չափանիշների ցանկից, մեր կարծիքով, անհրաժեշտ է հանել «ա» կետը, քանի որ վճարահաշվարկային համակարգերի ստեղծման եւ դրանց մասնակցելու համար թույլտվություն տալու այդ չափանիշը (այն է` վճարահաշվարկային համակարգի մասնակիցների քանակը) չի կարող օբյեկտիվորեն արտացոլել վճարահաշվարկային համակարգ ստեղծելու կամ նման համակարգին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունների իրական հնարավորությունները: Մյուս կողմից, այս չափանիշի աստիճանական բարձրացման արդյունքում վճարահաշվարկային գործառնությունների իրականացման մասով ֆինանսական շուկայում կարող է առաջանալ գերիշխող կամ մենաշնորհային դիրք, որն ավելի վտանգավոր է, քան տվյալ ոլորտի իրավական կանոնակարգվածության անբավարար մակարդակը:
Եթե տվյալ խնդիրը դիտարկենք դրա երրորդ` համակարգի կայունության եւ լիարժեք գործունեության ապահովման տեսանկյունից, ապա խոսքը պետք է գնա ոչ թե ընդհանուր առմամբ համակարգի մասնակիցների քանակի, այլ այդ մասնակիցների նվազագույն քանակի մասին: Վերջին դեպքում անհրաժեշտ կլինի նշված «ա» կետում «մասնակիցների» բառից հետո ավելացնել «նվազագույն» բառը:
Նույն մասի «ե» կետում «անվանացանկ» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել «ռիսկերի» բառը, որը (հավանաբար տեխնիկական պատճառներով) դուրս է մնացել տեքստից:
4. Հոդված 9-ի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ պարբերություններն ըստ էության հակասում են միմյանց (առաջինով նշվում է, որ վճարահաշվարկային փաստաթղթերի մուտքագրման, ինչպես նաեւ այդ փաստաթղթերի անվերադարձելիության պահը սահմանվում է վճարահաշվարկային համակարգի կանոններով, իսկ երկրորդով նշվում է, որ դրանք կարող են սահմանվել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով): Այս հակասությունից կամ տարընթերցումից խուսափելու նպատակով առաջարկում ենք հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«4. Վճարահաշվարկային համակարգ վճարահաշվարկային փաստաթղթի մուտքագրման, ինչպես նաեւ վճարահաշվարկային փաստաթղթի անվերադարձելիության պահը սահմանվում է վճարահաշվարկային համակարգի`Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված կանոններով, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:»:
5. Հոդված 11-ի 2-րդ մասում օգտագործվող «հաշվարկային բանկ» հասկացությունը, մեր կարծիքով, սահմանման կարիք ունի, ինչն անհրաժեշտ է կատարել նախագծի 3-րդ հոդվածում:
6. Նախագծում առկա են նաեւ օրենսդրական տեխնիկայի պահպանման հետ կապված եւ տեխնիկական այլ թերություններ:
Օրինագծերի սույն փաթեթում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան, բացառությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, որով առաջարկվող միակ լրացման «կազմակերպությունները» բառն անհրաժեշտ է փոխարինել «կազմակերպությունների» բառով` գործող օրենքի ճիշտ շարադասությունը պահպանելու նպատակով:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Ա. Թամազյան
Մ. Սողոմոնյան