ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Սույն օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.
1. Առաջարկվում է օրենքի նախագծով ներկայացված հասկացությունները առանձին հոդվածով սահմանել, հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջները:
2. Անընդունելի է 3 հոդվածի 1 մասում ամրագրված դրույթը,համաձայն որի` Պետական լիազոր մարմնի կանոնադրությամբ կարող են նախատեսվելայլգործառույթներ, քան այդպիսիք նախատեսված են նախագծով:
3. Անհրաժեշտ է վերախմբագրել 2 հոդվածի 2 մասը` համապատասխանեցնելով Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրության 6 հոդվածի 5 մասին:
4. Անընդունելի է նաեւ 4 հոդվածի 7 մասում ամրագրված դրույթը, քանի որ արդյունաբերական սեփականության օբյեկտներն իրավական պահպանության առնելուհիմքը արտոնագրաունակության համապատասխան պայմանների առկայությունն է: Միեւնույն օբյեկտը, սկզբունքորեն կարելի է օգտագործել ամենատարբեր նպատակներով` եւ մարդասիրական, եւ հակամարդասիրական, եւ բարոյական, եւ հակաբարոյական:
5. Նախագծի 5 հոդվածի 6 մասում «եթե» բառից հետո առաջարկվում է ավելացնել «առկա տեխնիկայի մակարդակում» բառերը:
6. Նախագծի 5 հոդվածի 7 մասի 1) կետից անհրաժեշտ է հանել «հայտնագործությունները» բառը կամ տալ նրա օրենսդրական հասկացությունը:
7. Նախագծի 5 հոդվածի 8 մասից անհրաժեշտ է հանել «Սույն օրենքի իմաստով»բառերը,ինչպես նաեւ`2)եւ4) կետերը:
8. Անորոշ եւ մեկնաբանելի է նաեւ 16 հոդվածի 1-ին մասը` կապված հարկադրական լիցենզիայի տրամադրման դեպքում արտոնագրատիրոջը տրվող դրամական փոխհատուցման չափերի որոշման հետ: Նախագծով առաջարկվող ձեւակերպմամբ, ըստ էության, արտոնագրատիրոջը կարող է տրվել կամայական չափի փոխհատուցում` « նկատի ունենալով յուրաքանչյուր դեպքի հանգամանքները եւ հաշվի առնելով այդպիսի թույլտվության տնտեսական նշանակությունը:»: Այս կապակցությամբ առաջարկում ենք հոդված 16-ի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` երկրորդ պարբերությամբ. «Արտոնագրատիրոջը տրվող դրամական փոխհատուցման չափը չի կարող պակաս լինել հարկադրական լիցենզիայի գործողության ժամկետում նրա կրած ուղղակի վնասների եւ (կամ) բաց թողնված օգուտի հանրագումարից:»:
9 . Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 21-րդ հոդվածի 6-րդ մասում օգտագործված «հայոց լեզվով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հայերեն լեզվով» բառերով:
10. Նախագծի 24-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գյուտի հայտի համընդհանուր ծանոթացման դնելու մեխանիզմը եւ ձեւերն անհրաժեշտ է սահմանել սույն նախագծով, կամ էլ դրանց սահմանման պարտավորությունը դնելԼիազորված մարմնի վրա:
11. Անհրաժեշտ է վերանայել 44 հոդվածի վերնագիրը եւ այն համահունչ դարձնել«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հետ:
Սույն օրենքի նախագիծը միջազգային իրավունքի հիմնախնդիրներ չի առաջացնում:
Սույն եզրակացությունում արված դիտողությունները, առաջարկությունները եւ խմբագրական բնույթի այլ խնդիրները կարող են քննարկվել աշխատանքային կարգով:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա.Հայկյանց
Ա.Թամազյան
Մ.Սողոմոնյան
Ա.Իոսիֆյան