ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը չի համապատասխանում «Աժ կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի 4-րդ մասի բ) կետի պահանջներին, քանի որ նախագծերի փաթեթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բացի ներկայացված օրենքների նախագծերից ՀՀ օրենքներում մի շարք այլ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է ծագում: Հիշյալ խնդիրները արծարծվել են սույն եզրակացությունում: Համառոտ նշենք, որ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն ծագում է հետեւյալ օրենքներում`

- ՀՀ քրեական օրենսգրքում,

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում,

- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում,

- «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում;

- «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում,

-Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում:

I. Օրենքների նախագծերի միջազգային իրավական հիմքերը

Հայաստանի Հանրապեետությունը վավերացրել է`

1. Ստրասբուրգում ստորագրված Եվրախորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» 1990թ. Կոնվենցիան [1] ,

2. Վիեննայում ստորագրված ՄԱԿ-ի «Թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի մասին» 1988թ. Կոնվենցիան,

3. Պալեռմոյում ստորագրված ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» 2000թ. Կոնվենցիան, ինչպես նաեւ այդ Կոնվենցիան լրացնող «Ցամաքով, ծովով եւ օդով միգրանտների անօրինական ներս բերելու դեմ» ու «Մարդկանց, հատկապես կանանց եւ երեխաների առեւտրի կանխարգելման, արգելման եւ պատժի մասին» արձանագրությունները,

4. «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի 1999թ. Կոնվենցիան [2] ,

5. Ֆինանսական միջոցառումների նպատակային խմբի (այսուհետ` FATF) 40 հանձնարարկանները` փողերի լվացման դեմ պայքարի եւ 8 հատուկ հանձնարարականները` ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ [3] ,

6. ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդի այլ փաստաթղթերը, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից եւ կազմում են ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող իրավական հիմքերի եւ մեխանիզմների բաղկացուցիչ տարրերը`

- Քրեական դատավճիռների միջազգային ճանաչման մասին Եվրոպական Կոնվենցիան,

- «Հանձնման մասին» Եվրոպական Կոնվենցիան (վերապահումներով եւ հայտարարություններով (Փարիզ, 1957),

- ՄԱԿ-ի բանաձեւերը եւ այլ փաաստաթղթեր:

«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» 1990թ. Կոնվենցիան իր խնդիրներով, մեթոդներով, տերմինաբանությամբ, ազգային օրենսդրական եւ ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու պարտավորություններով, քրեական միասնական քաղաքականություն վարելու ուղղվածությամբ, միջազգային համագործակցության եղանակներով եւ այլնով հետապնդում է հանցագործներին հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներից զրկելու նպատակ` անկախ այդ եկամուտների ծագման հանցավոր մեթոդից [4] :

Այդ պատճառով օրենսդրական եւ ինստիտուցիոնալ զարգացման երկու հիմնական խնդիրները` հանցավոր ճանապարով ստացված եկամուտների օրինականացումը եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին միասնական օրենքի ընդունումը ու ֆինանսական հետախուզման կենտրոնական մարմնի ստեղծումը չեն կարող սահմանափակվել միայն կանխարգելող մեխանիզմների սահմանմամբ: Դրանք պետք է ուղեկցվեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի եւ քրեական դատավարության օրենսգրքի համապատախան նորմերի կատարելագործմամբ` ստանձնած միջազգային պարտավորություն՟ներին համապատասխանեցնելու իմաստով: Դա բացակայում է օրենքների նախագծերի փաթեթում, ինչն այդ փաթեթին հաղորդում է մասնատված` ոչ ամբողջական բնույթ եւ ակնհայտ թերիկարգավորվածություն [5] :

Ելնելով վերոգրյալից, օրենքների նախագծերի փաթեթում նպատակներին վերաբերող շեշտադրումները մշտապես պահպանելու համար, առաջարկում ենք «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը սկզբում լրացնել «Օրենքի նպատակները» վերնագրով նոր հոդվածով եւ սահմանել այդ նպատակները` հետագա տեքստում ներկայացված իրավունքները, պարտականությունները, սահմանա՟փակումները, իրականացման մեխանիզմներն ու պատասխանատվության հիմքերն ուրվագծելով այդ նպատակների շրջանակում:

Որպես տարբերակ առաջարկվում է հետեւյալը.

«Սույն օրենքի նպատակն է պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը, հասարակությունը եւ պետությունը` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու իրավական մեխանիզմների միջոցով:»:

II. Օրենքի նախագծի կառուցվածքի վերաբերյալ

1. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` օրենքի նախագիծ) բաղկաված է 4 գլխից, որոնցից «Ընդհանուր դրույթներ» վերնագրով 1-ին գլուխը` 11 հոդվածից:

Առաջին գլխում ներառված հոդվածների բովանդակային վերլուծության արդյունքում հանգել ենք եզրակացության, որ որպես ընդհանուր դրույթներ կարող են դիտվել, սոսկ, 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածները: Նույն գլխում ներառված 4,8,9,10 եւ 11 հոդվածները առանձնանում են իրենց ուղղվածությամբ` դրանք վերաբերում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանը: Այդ հոդվածներով սահմանվում են դրամական միջոցների եւ այլ գույքի հետ գործառույթներ իրականացնող այն կազմակերպությունների, անձանց ցանկը (հոդված 4), որոնք մասնագիտական գործունեություն իրականացնելիս կրում են համապատասխան տեղեկություններ ներկայացնելու պարտականություններ ու այդ պարտականությունների իրականացման կարգը (8 հոդվածի 1-ին մաս, 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ պարբերություններ) դրանց իրականացման առանձնահատկությունները բանկերի համար (8 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերություններ), տեղեկացման ենթակա, ներառյալ` կասկածելի գործարքների ցանկն ու հնարավոր բացառությունները (9 հոդվածի 2-րդ մասի 2-րդ մաս եւ 3-րդ մաս) եւ այլն:

Այս կապակցությամբ առաջարկում ենք վերանայել օրենքի նախագծի կառուցվածքը` հիշյալ դրույթներն ըստ կարգավորման առարկայի խմբավորել առանձին` նոր 2-րդ գլխում, այն վերնագրել, օրինակ, «Հանցավոր ճանապարով ստացված եկամուտների օրինականցման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելում», իսկ մնացած գլուխների համարակալումը փոխել:

2. Նույն` «Ընդհանուր դրույթներ» վերնագրով 1-ին գլխի 5 եւ 6 հոդվածները վերաբերում են ոչ թե ընդհանուր դրույթներին, այլ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդող գործունեության կազմակերպմանը` լիազորված մարմնին (5 հոդվածի 1-ին մաս), դրա ստեղծմանը եւ կառուցվածքին (5 հոդվածի 3-րդ մաս), խնդիրներին (5 հոդվածի 2-րդ մաս), պետական այլ մարմինների հետ փոխհարաբերություններին (6 հոդված):

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդող գործունեության կազմակերպմանը կարող են դասվել նաեւ օրենքի նախագծի 8 հոդվածում ներառված դրույթները, եթե դրանք դիտարկվեն ոչ թե որպես կարգավորման առարկա, այլ որպես մեթոդ:

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք քննարկել հիշյալ դրույթները (հոդվածները) «Ընդհանուր դրույթներ» գլխից հանելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդող գործունության կազմակերպմանը վերաբերող նոր` առանձին գլխում խմբավորելու հարցը:

3. Օրենքի նախագծի 7 հոդվածը մեկ այլ խմբագրությամբ կրկնում է օրենքի նախագծի 2 հոդվածում սահմանվող այն դրույթը, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը կարգավորվում է նաեւ ՀՀ միջազգային պայմանագրով: Այդ իմաստով օրենքի նախագծի 7 հոդվածն ավելորդ է: Սակայն, ոչ բոլոր դեպքերում է բավարար մեկ համապարփակ դրույթը, որի համաձայն իրավահարաբերությունները կարգավորվում են միջազգային պայմանագրերի շրջանակում: Դա հատկապես ակնառու է, երբ որպես կարգավորման առարկա են սահմանվում «տեղեկությունների փոխանակման, վերլուծության եւ այլ ոլորտները» (հոդված 7):

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ կարգավորման առարկան իրականում վերաբերում է հանցավոր եկամուտների բացահայտմանը, հետախուզմանը, առգրավմանը եւ բռնագրավմանն ու այդ գործողություններին ուղեկցող վարչական եւ քրեադատավարական միջամտությանը` գույքն արգելանքի վերցնելուն, գույքի շարժը սառեցնելուն, փորձաքննություններին, կասկածյալների, մեղադրյալների, վկաների եւ այլ անձանց հարցաքննություններին, իրեղեն ապացույցների եւ փաստաթղթերի փոխանցմանը, ինչպես նաեւ պետական իշխանության համապատասխան մարմինների կողմից հարցումների եւ տեղեկությունների խորհրդապահական բնույթի ապահովմանը, այդ տեղեկությունները միայն հարցման մեջ նշված նպատակներով օգտագործելու իրավասությանը:

Շարադրված իրավահարաբերություններն ու դրանց կարգավորման հիմնական ուղղությունները օրենքի նախագծում ներառելը նախագծին կհաղորդի առարկայական բնույթ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում միջազգային համագործակցության ասպարեզում:

Տեղեկությունների փոխանակմանն ու իրավական օգնությանը, այլ պետությանդատարանի վճիռը (որոշումը) ճանաչելուն ու հանցավոր եկամուտների օրինականացման հետ կապված հանցանք կատարած անձանց այլ պետությանը հանձնելուն վերաբերող դրույթներն օրենքի նախագծում ամրագրելու անհրաժեշտությունը բխում է նաեւ դրա կիրառական նշանակությունից:

Այդ պատճառով առաջարկում ենք քննարկել օրենքի նախագծի միջազգային համագործակցությանը վերաբերող մասը արմատապես վերանայելու անհրաժեշտության հարցը:

III. Հայեցակարգային եւ այլ դիտողություններ

1. Օրենքի նախագծի 1 հոդվածում «հարաբերությունները,» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «սահմանում է» բառը, քանի որ «մարմինների համակարգը» չի կարող կարգավորվել:

2. Օրենքի նախագծի 3 հոդվածի ա) կետում սահմանվում է, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքների կատարմամբ ստացված գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները, արժեթղթերը եւ գույքային իրավունքները, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ սույն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում՝ նաեւ քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտները:

Քննարկվող օրենքի նախագծում ուղղակի նախատեսված չեն այն դեպքերը, թե երբ քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտները կարող են դիտվել որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ: Այդ պատճառով առաջարկվում է «միջազգային պայմանագրերով» բառերից հետո դնել վերջակետ, իսկ մնացած տեքստը հանել:

3. Օրենքի նախագծի 3 հոդվածի բ) կետում ներառված հասկացության եւ ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի վերնագրերը միմյանց չեն համապատասխանում: Ընդ որում, հիշյալ 190 հոդվածի վերնագիրը չի համապատասխանում նաեւ նույն հոդվածի բովանդակությանը:

Այս կապակցությամբ անհրաժեշտ էր փաթեթով ներկայացնել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի վերնագրում «ապօրինի» բառը «հանցավոր» բառով փոխարինելու մասին ՀՀ օրենքի նախագիծ [6] :

4. Օրենքի նախագծի 3 հոդվածի դ) կետում «Կասկածելի գործարք» հասկացությունը բացատրվում է որպես նույն օրենքի նույն օրենքի9-րդ հոդվածով սահմանված հիմքերին, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքում՝ նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հիմքերին համապատասխանող յուրաքանչյուր գործարք: Այսինքն հասկացություն չի տրվում, այլ հղում է կատարվում օրենքի նախագծի այլ հոդվածների վրա:

5. Օրենքի նախագծի 3 հոդվածի ե) կետում եւ հետագա տեքստում «տեղեկատվություն» բառն առաջարկում ենք փոխարինել «տեղեկություն» բառով:

6. Օրենքի նախագծի 4 հոդվածի վերջում` փակագծերում ներառված դրույթից հետո տեքստի շարադրանքն առաջարկում ենք վերանայել (վերախմբագրելու իմաստով): Տեքստում « …տվյալ անձի կողմից կամ նրա միջոցով …» բառերը կարող են հանդիսանալ տարակարծության հիմք, ինչն անթույլատրելի է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների տեսանկյունից:

7. Օրենքի նախագծի 5 հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմին (այսուհետ՝ Լիազորված մարմին) է հանդիսանումՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ):»:

Հիշյալ դրույթը քննարկելիս առաջարկում ենք հաշվի առնել հետեւյալ հանգամանքները:

«ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 1 հոդվածի համաձայն «ՀՀ Կենտրոնական բանկը իրավաբանական անձ է»:

Նույն օրենքի 4 հոդվածի համաձայն.

« 1. Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունության ապահովումն է: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում եւ իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը:»:

Մնացած խնդիրները սպառիչ սահմանվել են «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 1-ին մասում: Դրանք են`

«ա) Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության եւ բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.

բ) գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը.

գ) Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը եւ կարգավորումը:»:

Ընդ որում նույն օրենքի 4 հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ

«2. Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին եւ ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ:»:

Այս կապակցությամբ նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում այդ պայքարի կազմակերպումը չի հանդիսանում (եւ չի էլ կարող հանդիսանալ) ՀՀ Կենտրոնական բանկի` օրենքով ամրագրաված հիմնական խնդիրը ու չի մտնում ՀՀ Կենտրոնական բանկի այլ խնդիրների շրջանակը:

Ոչինչ չի փոխվում նաեւ «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1 հոդվածով առաջարկվող փոփոխությունը կատարելու դեպքում: Այդ նախագծով, մասնավորապես, առաջարկվում է «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «ը» կետով.

«ը) կանոնակարգում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականցման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը:»:

Անտեսվում է տվյալ դեպքում այն, որ հիշյալ «ը» կետն առաջարկվում է ներառել 5 հոդվածի 2-րդ մասում, որը վերաբերում է միայն ՀՀ Կենտրոնական բանկի իրավասության շրջանակին եւ որը սահմանվել է զուտ ՀՀ Կենտրոնական բանկի խնդիրներն իրագործելու նպատակով: Հիշյալ փոփոխության արդյունքում «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 2-րդ մասը կստանա հետեւյալ բովանդակությունը.

«2. Իր խնդիրներն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված կարգով`

«ը) կանոնակարգում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականցման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը:»:

Ստացվում է, որ հանցավոր եկամուտների օրինականցման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը պետք է իրականացվի ՀՀ Կենտրոնական բանկի խնդիրներն իրականացնելու նպատակով եւ որ այդ ոլորտում կարգավորման մեխանիզմները, սուբյեկտների պարտականությունները, արգելքներն ու սահմանափակումները նույնպես կոչված են ապահովելու ՀՀ Կենտրոնական բանկի խնդիրների իրագործումը:

Մինչդեռ ակնհայտ է, որ հանցավորության դեմ պայքարն ընդհանրապես ու ահաբեկչության ֆինանսավորման եւ հանցավոր ճանապարհով ստացվածեկամուտների օրինականացման դեմ միջազգային համագործակցություն պահանջող եւ անդրաազգային կազմակերպված հանցավորության հետ առնչվող հիմանխնդիրը, հատկապես, չեն կարող ենթարկվել ՀՀ Կենտրոնական բանկի խնդիրներին, դրանց դեմ պայքարն չի կարող ենթարկվել որեւէ ՀՀ Կենտրոնական խնդիրների իրականցման գաղափարին:

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք քննարկել Հայաստանի Հանրապետությունում հիշյալ բնագավառում ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարելու անհրաժեշ՟տության մասին հարցը եւ ուղղությունները:

8. Նախագծերի փաթեթին կից ներկայացրած ՀՀ կառավարության եզրակացությունում նշվել է, որ հիշյալ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում պետության եկամուտներում նվազեցում կամ ծախսերում ավելացում տեղի չի ունենա:

Դրա հետ մեկտեղ օրենքի նախագծի 5 հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է ՀՀ Կենտրոնական բանկում ստեղծել պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում, որի ղեկավարին եւ անդամներին նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Գտնում ենք, որ եզրակացության եւ նախագծի հիշյալ դրույթի միջեւ առկա է որոշակի հակասություն, որը ենթակա է լրացուցիչ պարզաբանման:

9. Օրենքի նախագծի 5 հոդվածի 2-րդ մասի համաձայն.

«Լիազորված մարմնիխնդիրը հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում հանդիսանում է տեղեկատվության կենտրոնացված հավաքագրումը եւ պահպանումը, տվյալների վերլուծությունը, տեղեկատվության փոխանակումը եւ տրամադրումը ներպետական իրավասու մարմիններին, ինչպես նաեւ այդ տվյալների փոխանակումը եւ տրամադրումը միջազգային կազմակերպություններին, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված լինելու դեպքում՝ նաեւ այլ պետությունների իրավասու մարմիններին:»:

Առաջարկում ենք վերանայել «ինչպես նաեւ այդ տվյալների փոխանցումը եւ տրամադրումը միջազգային կազմակերպություններին» մասը, քանի որ այդ խմբագրությամբ ստացվում է, որ տեղեկությունները կարող են տրամադրվել ցանկացած միջազգային կազմակերպությանը: Այս բացը եւս մեկ անգամ վկայում է նախագծի կառուցվածքում փոփոխություն կատարելու` միջազգային համագործակցությանը վերաբերող դրույթներն առանձին գլխում ներակայացնելու անհրաժեշտությունը [7] :

10. Օրենքի նախագծի 6 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերն առաջարկվում էփոխել տեղերով` տրամաբանական հաջորդականությունը ապահովելու նպատակով:

11. Օրենքի նախագծի 6 հոդվածի 3-րդ մասում օգտագործված «հանցակազմի հատկանիշների առկայությունը» արտահայտությունը`

- խեղաթյուրում է ՀՀ քրեական դատավարության սկզբունքները եւ քրեական հետապնդման հիմքերին վերաբերող դրույթները,

- իրավապահ մարմնի կարգավիճակ է հաղորդում լիազորված մարմնին (ինչն անթույլատրելի է), օժտելով վերջինիս քրեական իրավունքի եւ քրեական դատավարության իրավունքի ոլորտներում արարքներն ճշգրիտ որակելու իրավունքներով եւ պարտականություններով,

- նվազեցնում է պայքարի օպերատիվությունը, ուստի եւ մարդկանց, հասարակության եւ պետության անվտանգությունը,

- ըստ էության խոչընդոտում է քրեաիրավական բնույթի պայքարի կազմակերպմանը, քանի որ այդ մարմնին հազվադեպ կհաջողվի բացահայտել արարքի սուբյեկտիվ կողմը, որը հանդիսանում է հանցակազմի պարտադիր տարրերից մեկը:

Այդ պատճառներով ոչինչ չի փոխվում, երբ հոդվածի նույն մասի վերջում ավելացվում է, որ լիազորված մարմինը «անհապաղ դիմում է քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմիններին»:

12. Օրենքի նախագծի 8 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ պարբերությունները գտնվում են ներքին հակասության մեջ: Այն վերացնելու համար առաջարկվում է կատարել համապատասխան վերախմբագրում:

13. Օրենքի նախագծի 9 հոդվածի 2-րդ մասի 7-րդ պարբերության համաձայն.

«Բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել գործարքը կասկածելի համարելու՝ սույն մասով չնշված այլ հիմքեր:»:

Այս կապակցությամբ նշենք, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն.

«Միմիայն օրենքով պետք է սահմանվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված հարցերը, այդ թվում`

1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.»:

Ուստի տեղեկութուն տրամադրելուն առնչվող հարաբերությունների իրավական կարգավորումը չի կարող իրականացվել ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ ենթակա է վերանայման:

14. Սույն եզրակացության 13 կետում նշված տրամաբանությամբ առաջարկում ենք քննարկել օրենքի նախագծի 9 հոդվածի 3-րդ կետում ամրագրված դրույթը:

15. Օրենքի նախագծի 11 հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Հայաստանի Հանրապետությունում ստեղծվող եւ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվություն տրամադրող իրավաբանական անձի հիմնադիրը, պարտավոր է մինչեւ իրավաբանական անձի գրանցումը իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին ներկայացնել իր կողմից իրավաբանական անձին հանձնվող կամ վերջինիս կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրվող գույքի օրինականության վերաբերյալ հայտարարություն՝ նշելով հանձնվող գույքի կազմը, չափը եւ ծագման աղբյուրները, եթե հանձնվող կամ ներդրվող գույքի արժեքը գերազանցում է 25միլիոն դրամը:»:

Նման դրույթ սահմանելու հետ մեկտեղ անհրաժեշտ էր «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում նույնպես առաջարկել կատարել փոփոխություն, ինչը բխում է «Աժ կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներից: Դա ուղղակիորեն նախատեսված է 11 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով ու 21 հոդվածով:

Բացի այդ, հիշյալ օրենքի 1 հոդվածի հիմքով (1 հոդվածի 3-րդ մաս) նախատեսված է, որ.

«Հասարակական միավորումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ ժամկետները սահմանվում են համապատասխան օրենքով:»:

Ուստի համապատասխան փոփոխություն պետք է կատարվի նաեւ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում:

16. Օրենքի նախագծի 11 հոոդվածի 3-րդ մասը քննարկելիս առաջարկում ենք ղեկավարվել սույն եզրակացության 15-րդ կետում արված դիտողություններով` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքին համապատասխանության կանոններով:

17. Օրենքի նախագծի նույն 11 հոդվածի 3-րդ մասի համաձայն.

«Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմինը սույն հոդվածում նշված հայտարարագրի պատճենը առաքում է Լիազորված մարմնին՝ հաշվառման:»:

Ակնհայտ է, որ անհրաժեշտ է սահմանել առաքման համպատասխան ժամկետներ եւ կարգ:

18. Օրենքի նախագծի 18 հոդվածի համաձայն.

«1. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային բանկերի ստեղծումն արգելվում է:

2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին արգելվում է օտարերկրյա պետություններում կամ տարածքներում գրանցված եւ (կամ) գործող էլեկտրոնային բանկերի հետ կամ նրանց միջոցով կնքել ֆինանսական կամ այլ գործարքներ:»:

Գտնում ենք, որ նման արգելքներ սահմանելը նպաստում է հանցավոր փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխմանը, սակայն դա պահանջում է համապատասխան փոփոխություն կատարել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում: Այդ իմաստով, մեր կարծիքով, օրենքի նախագիծը չի համապատասխանում «Աժ կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

19. Օրենքի նախագծի «Օրենսդրության խախտման համար կիրառվող պատասխանատվության միջոցները» վերնագրով 3-րդ գլխի 19 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված են համապատասխան օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվության հիմքերը:

Առաջին մասը վերաբերում է Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող անձանց նկատմամբ Կենտոնական բանկի խորհրդի որոշմամբ կիրառվող վարչական պատասխանատվությանը:

Երկրորդ մասը վերաբերում է այլ անձանց վարչական պատասխանատվությանը:

Այստեղ կարեւորվում է 3 հանգամանք.

ա) խոսքը պետք է վերաբերի ոչ թե վարչական, այլ` պատասխանատվությանն ընդհանրապես: Օրինակ, չի բացառվում համապատասխան անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն` պետական ծառայության կամ արդարադատության դեմ ուղղված հանցանքներ կատարելու համար,

բ) դրույթը պետք է վերաբերի ոչ միայն օրենսդրության պահանջները չկատարելուն, այլեւ ոչ պատշաճ կատարելուն,

գ) նշված վարչական հարաբերությունները, որոնք վերաբերում են վարչական պատասխանատվությանը, անհրաժեշտ է ամրագրել նաեւ Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում [8] :

«Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»

ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առարկություններ չկան:

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները ներառվել են սույն եզրակացության 7,8 եւ 18-րդ կետերում:

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 դեկտեմբեր 2001 թվականի, ՀՕ-274) 23-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել «Նոտարի եւ նոտարական գրասենյակի վրա տարածվում են «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:» նոր պարբերությամբ:

Հաշվի առնելով, որ այդ հոդվածի 5-րդ մասի համաձայն «նոտարի կամ նոտարական գրասենյակի վրա չեն կարող դրվել սույն օրենքով չնախատեսված պարտականություններ», ուստի գտնում ենք, որ օրենքի նախագծով առաջարկվող լրացումը օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից չպետք է հաջորդի 5-րդ մասում շարադրված դրույթին:

IV. Օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտարկումներ

1. Ստրասբուրգում ստորագրված Եվրախորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» 1990թ. Կոնվենցիայի բռնագրավման միջոցներին վերաբերող 2 հոդվածի 1-ին մասում սահմանվում է, որ յուրաքանչյուր կողմ կընդունի անհրաժեշտ այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ, որոնք գործիքների, եկամուտների կամ այդ եկամուտներին համապատասխանող արժեք ունեցող գույքի բռնագրավման հնարավություն կտան:

ՀՀ քրեական օրենսգրքի «Ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականցնելը (լեգալացնելը)» վերնագրով 190 հոդվածի 1-ին մասի սանկցիայում բռնագրավման միջոց նախատեսված չէ:

Ընդհանրապես ՀՀ քրեական օրենսգրքի «Հիմնական եւ լրացուցիչ պատիժները» վերնագրով 50 հոդվածի 5-րդ մասի համաձայն բռնագրավումը կարող է կիրառվել միայն որպես լրացուցիչ պատիժ` քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված դեպքերում: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է քննարկել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» 1990թ. Կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վերապահումների մասով Կոնվենցիայի 2 հոդվածի դրույթը օրենքով ամրագրելու մասին:

2. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» 1990թ. Կոնվենցիայի 13 հոդվածի 1-ն կետի պարտավորությունը ստանձնելով (որը նույնպես վերաբերում է բռնագրավելու պարտավորությանը) անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ գլխում` նախատեսելով այլ պետությունների դատավճիռներ ճանաչման կարգն ու պայմանները: Ի դեպ նման կարծիք էր արտահայտվել նաեւ Կոնվենցիայի վավերացման առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարի` ՀՀ արտաքին գործերի նախարարին հասցեագրած 29.12.2002թ. թիվ Ե-8874 գրության մեջ, որը կցվել է Կոնվենցիայի վավերացմանը առնչվող փաստաթղթերին:

Այս կապակցությամբ գտնում ենք, որ օրենքների նախագծերի փաթեթի հետ մեկտեղ անհրաժեշտ էր ներկայացնել նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:

3. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» 1990թ. Կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայտարարությունների 1-ին եւ 2-րդ հոդվածները վերաբերում են այն հանցագործությունների կատեգորիաներին, որոնց նկատմամբ տարածվում են Կոնվենցիայի 2 հոդվածի 1-ին կետը եւ 6 հոդվածի 1-ին կետը:

Այդ հայտարարություններով Հայաստանի Հանրապետությունը ըստ էության սահմանել է քրեական պատասխանատվություն` հիշյալ կատեգորիաների հանցագործությունների համար:

Հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 1 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությունը բաղկացած է քրեական օրենսգրքից, եւ այն, որ քրեական պատասխանատվություն նախատեսող նոր օրենքներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, գտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածում ծանուցման կարգով համապատասխան լրացում կատարելու անհրաժեշտություն կա: Առայժմ, մինչ համապատասխան լրացում կատարելը Կոնվենցիայի վերաբերյալ հիշյալ հայտարարությունների 1 հոդվածի գործողությունը ժամանակի մեջ, տարածքում եւ անձանց շրջանակում հարուցում է կասկած:

4. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» 1990թ. Կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայտարարությունների 4-րդ կետով, ի կատարումն Կոնվենցիայի 23 հոդվածի 1-ին մասի պահանջի, Հայաստանի Հանրապետությունը որպես կենտրոնական մարմիններ է նշանակել`

ա) ՀՀ արդարադատության նախարարությունը` օրինական ուժի մեջ մտած դատավճիռների կատարման կապակցությամբ հարցումների ուղղարկման եւ ստացման հարցերով,

բ) ՀՀ գլխավոր դատախաղությունը` քրեական հետապնդում իրականացնելու փուլում գտնվող գործերով հարցումների ուղղարկման եւ ստացման հարցերով:

«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացված տեսքով ընդունվելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» 1990թ. Կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայտարարությունների 4-րդ կետի փոփոխություն կատարել` նշելով, որ կենտրոնական մարմին է հանդիսանում ՀՀ Կենտրոնական բանկը: Հաշվի առնելով, որ օրենքի նախագիծը ուժի մեջ մտնելու համար առաջարկվում է սահմանել հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը, միջազգային ճիշտ հասցեականացված համագործակցությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել նաեւ ՀՀ Աժ որոշման նախագիծ, որը հետագայում պետք է հասցեագրվի Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին (Կոնվենցիայի 23 հոդված):

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ                                                                                Ա.ՀԱՅԿՅԱՆՑ

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                    Ա.ԵՐԵՄՅԱՆ



[1] Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է 2001թ. մայիսի 11-ին, այն վավերացվել է 2003թ. հոկտեմբերի 8-ին, ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության համար 2004թ. մարտի 1-ից: ՀՀ Սահմանադրական դատարանի 2003թ. հուլիսի 25-ի որոշմամբ Կոնվենցիան (վերապահումներով) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը;

[2] Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2004թ. մարտի 3-ին:

[3] FATF- միջազգային միջկառուցվածքային կազմակերպություն է, որը համակարգում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարը;

[4] Քրեագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման չափերով տնտեսական եւ ֆինանսական համակարգերի դեմ ուղղված հանցագործություններին չեն զիջում թմրաբիզնեսի, զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի եւ սարքերի ապօրինի առեւտրից, սեքս-պոռնո բիզնեսից, թրաֆիկինգից, շահադիտական նպատակներով, մարդու կյանքի, առողջության եւ ազատության դեմ ուղղված ու այլ բռնի եւ ոչ բռնի եղանակներով կատարվող հանրորեն վտանգավոր` քրեորեն հետապնդելի արարքներից ստացվող եկամուտները:

[5] Ներկայացված խնդիրը կազմում է սույն եզրակացության մասը:

[6] «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի 4-րդ մասի բ) կետ

[7] Տես` սույն եզրակացության 2-րդ հատվածի 3-րդ կետը:

[8] «Աժ կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջ: