ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Սամվել Բալասանյանի, Հրայր Կարապետյանի, Ռաֆիկ Պետրոսյանի եւ Գրիգոր Ղոնջեյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ

ՀՀ Աժ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Սամվել Բալասանյանի, Հրայր Կարապետյանի, Ռաֆիկ Պետրոսյանի եւ Գրիգոր Ղոնջեյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ՀՀ Սահմանադրությունում (այսուհետ` Սահմանադրություն) փոփոխություններ կատարելու մասին նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Աժ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիողություններն ու առաջարկությունները.

1. Նախագծի 1 հոդվածով առաջարկվել է Սահմանադրության 4 հոդվածի նոր խմբագրություն, որով ամրագրվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես անօտարելի եւ բարձրագույն արժեք»:

Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, մասնավորապես, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայի (1950թ.) 1 հոդվածով, ինչպես նաեւ Մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագրի նախաբանում մասնակից պետությունների վրա դրվել են ոչ միայն մարդու իրավունքների եւ ազատությունների ճանաչման , այլեւ դրանց ապահովման պարտավորություններ: Հիշյալ առումով, Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է պարտավորություն պայմաններ ստեղծելու մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների իրականացման համար:

Մեր կարծիքով, մարդու իրավունքների եւ ազատությունների ապահովումը պարտավորեցնում է ժողովրդավարական պետություններին ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության իրական եւ գործող մեխանիզմներ:

Առաջարկվում է նաեւ քննարկել «ճանաչում է» բառից հետո «պահպանում եւ երաշխավորում է» բառերը ավելացնելու տարբերակը, ինչն ուղղակիորեն բխում է Սահմանադրության 1 հոդվածի բովանդակությունից:

Նախագծի նույն հոդվածում ամրագրված է, որ « …Իշխանությունն իրականացնելիս ժողովուրդն ու պետությունը սահմանափակված են սահմանադրորեն ամրագրված այդ իրավունքներով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:» Սակայն, այս դրույթը տարընթերցման տեղիք է տալիս: Այսպես,իշխանության իրականացումը քաղաքական իրավունք է, որը ենթադրում է համապատասխանություն Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին ՀՀ միջազգային դաշնագրի դրույթներին: Իսկ հիշյալ դաշնագրի 5 հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Չի թույլատրվում սույն Դաշնագրի մասնակից որեւէ պետության մեջ օրենքի, կոնվենցիաների, կանոնների կամ սովորույթների ուժով ճանաչվող կամ գոյություն ունեցող` մարդու որեւէ հիմնական իրավունքի ոչ մի սահմանափակում կամ նվազեցում այն պատրվակով, թե սույն Դաշնագրում չի ճանաչվում այդպիսի իրավունք կամ, թե սույն Դաշնագրում ճանաչվում է նվազ չափով:» Այս առումով հնարավոր են նաեւ այլ մեկնաբանություններ:

2. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկվում է Սահմանադրության 5 հոդվածի 1-ին մասում «իշխանությունների տարանջատման» բառերից հետո ավելացնել «եւ հավասարակշռման» բառերը: Մեր կարծիքով նման լրացման անհրաժեշտություն չկա կամ նպատակահարմար է այն իրագործելի դարձնելու նպատակով իշխանության թեւերին վերաբերող հոդվածներում նախատեսել զսպումների եւ հակակշիռների սկզբունքին համապատասխան իրական գործուն մեխանիզմներ: Այսպես, Նախագծի 79 հոդվածով, որտեղ խոսվում է օրենսդրական նախաձեռնության իրավունքի մասին, կառավարությանը առաջարկվում է տալ լիազորություններ, որոնք ի սկզբանե խախտում են իշխանությունների տարանջատման սկզբունքը: Օրինակ.

ա) կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը եւ կարող է պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով,

բ) կառավարության եզրակացության համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերն Ազգային ժողովը կառավարության պահանջով ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ,

գ) կառավարությունն իր կամ պատգամավորի կողմից ներկայացված օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 74-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում չի ընդունում կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, ապա կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված կամ պատգամավորի կողմից ներկայացված օրենքի նախագիծը՝ չընդունված:

Նման լիազորությունները ոչ թե հավասարակշռում են իշխանության թեւերի գործունեությունը, այլ ճիշտ հակառակը, զրկում են օրենսդիր մարմնին իր անմիջական գործառույթն իրականացնելու հնարավորությունից` այն փաստորեն տրամադրելով կառավարությանը: Բացի դրանից, կառավարության ներկայացրած օրենքի նախագծի հետ միաժամանակ վստահության հարցը դնելու հանգամանքը, ըստ էության, ստեղծում է իրավիճակ, երբ օրենքի նախագծի մերժումը կարող է նպաստել երկրում քաղաքական ճգնաժամի առաջացմանը, որը պատգամավորների վրա ճնշում գործադրելու միջոց կարող է լինել:

3. Նախագծի 2 հոդվածի առնչությամբ առաջարկվում է քննարկել նաեւ գործող Սահմանադրության 5 հոդվածում նոր 3-րդ մաս ավելացնելու հարցը, մասնավորապես, նպատակահարմար է ավելացնել հետեւյալ դրույթը.

«Հանրապետության Սահմանադրության խախտման համար պետությունը, պետական իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք, քաղաքացիները եւ նրանց միավորումները կրում են պատասխանատվություն օրենքներին համապատասխան»:

4. Նախագծի 3 հոդվածով առաջարկվել է Սահմանադրության 6 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 3-րդ մասի 1-ին պարբերությունից դուրս է մնացել վավերացված միջազգային պայմանագրերին ՀՀ օրենքների պարտադիր համապատասխանելու պայմանը, այն դեպքում, երբ նույն մասի 2-րդ պարբերությունում «այլ նորմատիվ ակտերի» համար վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխանելը պարտադիր պայման է:

5. Անհրաժեշտ է քննարկել Նախագծի 3 եւ 106 հոդվածներում միջազգային պայմանագրերին առնչվող խնդիրը: Ըստ 106 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով. «2) մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը»:

Սակայն հնարավոր է այսպիսի իրավիճակ, եթե Սահմանա՟դրական դատարանը սխալմամբ որոշի, որ միջազգային պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը, ինչի հիման վրա պայմանագիրը վավերացվի, ապա հետագայում նման սխալն ուղղելու մեխանիզմը բացակայում է, քանի որ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է, եւ այդ դատարանն օժտված չէ այն վերանայելու լիազորությամբ: Միաժամանակ, Սահմանադրության համաձայն` ՀՀ միջազգային պայմանագիրը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է (Նախագծի 3 հոդվածի 5-րդ մաս): Դրա հետ մեկտեղ Սահմանադրությանը հակասող միջազգայինպայմանագրերը կարող են վավերացվել միայն Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո: Առաջանում է փակուղի, որի լուծումը պետք է տրվի Սահմանադրությամբ:

Ինչ վերաբերում է նույն հոդվածի 5-րդ մասի դրույթին, այն է. «Եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը», ապա, մեր կարծիքով, դա կարող է վերաբերել միայն վավերացվելուց առաջ ընդունված օրենքներին: Հակառակ դեպքում նման դրույթ կարելի է նախատեսել նաեւ այլ նորմատիվ ակտերի համար:

Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության «եւ անհատական բնույթի իրավական» բառերը անհրաժեշտ է հանել, քանի որ, ինչքան էլ որ դա վերաբերի մարդու իրավունքներին (արձակուրդ, վերապատրաստում, ատեստավորում եւ այլն), այնուամենայնիվ,նպատակահարմար չէ այն բարձրացնել սահմանադրական նորմով կարգավորման աստիճանի:

6. Նախագծի 4 հոդվածի 1 մասում անհրաժեշտ է հանել «գաղափարական» բառը: Մեր համոզմամբ` «բազմակարծություն»-ը հիմնվում է հենց գաղափարական համոզվածության վրա, հետեւաբար` «գաղափարական»-ն այստեղ իմաստային առումով կրկնվում է:

7. Նախագծի 6 հովածով առաջարկվում է փոփոխել եւ լրացում կատարել Սահմանադրության 8 հոդվածը: Առաջարկվող տեքստի համաձայն` արգելվում են շուկայում մենաշնորհ վիճակի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը: Որպեսզի բացատրվի չարաշահման հասկացությունը, նախագծում առաջարկվում է 8 հոդվածը լրացնել նոր` 4-րդ մասով, որի համաձայն` «Մենաշնորհի թույլատրելի տեսակներն ու սահմանները սահմանվում են օրենքով»:

Նախ նշենք, որ ցանկացած վիճակի, դիրքի, իրավունքի չարաշահումն արգելվում է եւ բնականաբար, այն հանգեցնում է իրավաբանական պատասխանատվության: Ուստի վերը նշված դրույթները, լինելով տրամաբանական, ճիշտ կլիներ նման խմբագրությամբ դրանք սահմանադրական կարգավորման աստիճանի չբարձրացնել: Այդ առումով ճիշտ կլիներ Սահմանադրության 8 հոդվածի 2 եւ 3 մասերը (Նախագծի 6 հոդվածով) միավորել եւ շարադրել այլ խմբագրությամբ:

Միաժամանակ առաջարկվում է2-րդ մասից հանել «շուկայական տնտեսական հարաբերությունների սկզբունքների հիման վրա» բառերը, իսկ «ազատ տնտեսական մրցակցությանը» բառերը փոխարինել «մրցակցության աջակցմանը» բառերով:

8.Նախագծի 10 հոդվածով առաջարկվել է Սահմանադրության 11 հոդվածից հետո ավելացնել նոր 11.3 հոդվածը, որի 1-ին մասի «դադարման» բառը անհրաժեշտ է փոխարինել «դադարեցման» բառով, իսկ 3-րդ մասի «օտարերկրյա» բառը «այլ» բառով:

9. Նախագծի 12 հոդվածով առաջարկվել է Սահմանադրության 14 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «Սահմանադրությամբ ամրագրված» բառերը, քանի որ Սահմանադրության 45 հոդվածի համաձայն. «Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները եւ ազատությունները սպառիչ չեն եւ չեն բացառում օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու եւ քաղաքացու այլ հիմնական իրավունքներն ու ազատությունները»:

10. Նախագծի 15 հոդվածով առաջարկվել է Սահմանադրության 16 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 2-րդ մասի «եւ ներկայացվող մեղադրանքի»բառերը անհրաժեշտ է փոխարինել «ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի» բառերով:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունից անհրաժեշտ է հանել «որեւէ» բառը: Նույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում «կալանավորման» բառը անհրաժեշտ է տեղափոխել «ձերբակալման» բառից հետո:

Նույն հոդվածի 6-րդ մասում «պայմանագրային պարտավորությունները» բառերը անհրաժեշտ է փոխարինել «որեւէ պայմանագրային պարտավորություն» բառերով:

11. Սահմանադրության 16 հոդվածը (Նախագծի 15 հոդված) նոր խմբագրությամբ շարադրելու առնչությամբ գտնում ենք, որ բազմաթիվ դրույթներ ճիշտ կլինի ամրագրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում` ճկուն կարգավորման նպատակով:

12. Նախագծի 19 հոդվածով առաջարկվել է Սահմանադրության 20 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 2-րդ մասի «ձերբակալման» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «մեղադրանքի առաջադրման կամ» բառերը, իսկ նույն մասի «կամ» բառը անհրաժեշտ է հանել: Նույն մասի շարադրանքից ակնհայտ է, որտեսականորեն կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, ինչի արդյունքում դատի տրված մեղադրյալը (ամբաստանյալը) դատարանում կարող է զրկվել պաշտպան ունենալու իրավունքից:

13.Նախագծի 25 հոդվածում անհրաժեշտ է«դավանանքի» բառը փոխարինել «կրոնի» բառով: Այդկերպ ձեւակերպումը համապատասխանում է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 18 հոդվածին:

14. Նախագծի 32 հոդվածով առաջարկվում է Սահմանադրության 31 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 2-րդ մասով սահմանվում է. «Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց` հողի սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով»:

Մեր կարծիքով գործող Սահմանադրության 31 հոդվածով սահմանված համապատասխան դրույթը առավել քան ճիշտ է ձեւակերպված, քանի որ մեր պետության առանձնահատկությունները թույլ չեն տալիս այս հարցում ցուցաբերել գերազատական քաղաքականություն: Եթե խոսքը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում ներդրումների համար բարենպաստ իրավական դաշտ ստեղծելուն, ապա հարկ է նշել, որ գործող Սահմանադրությունը եւ օրենքները այս հարցում որեւէ արգելքներ չեն ստեղծում, քանի որ կազմակերպությունները, այդ թվում` օտարերկրյա, կարող են սեփականության իրավունքով հող ձեռք բերել: Ներդրումները կատարվում են կազմակերպությունների միջոցով: Իսկ գործող Սահմանադրությամբ հողի սեփականության իրավունքինկատմամբ սահմանափակումը վերաբերում է միայն օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց: Առաջարկվում է այս մասով փոփոխությունը հանել:

15. Նախագծի 37 հոդվածում անհրաժեշտ է հանել «քաղաքացի» բառը, այլապես ստացվում է այնպես, որ հիշյալ հոդվածով ամրագրված իրավունքը վերապահվում է «յուրաքանչյուր ոք»-ին` ներառելով թե քաղաքացիներին, թե օտարերկրյա քաղաքացիներին, եւ թե քաղաքացիություն չունեցող անձանց,մինչդեռ երկրորդ նախադասության ձեւակերպմամբ` պետությունը «միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար», որից դուրս են մնում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք:

16. Նախագծի 38 հոդվածի երկրորդ մասում «տարիքի» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «հասած» բառը: Այդկերպ ձեւակերպումը համապատասխանում է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 23 հոդվածի 2 մասի շարադրանքին:

17. Նախագծի 49 հոդվածով առաջարկվել է Սահմանադրության 46 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 46. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»:

Նկատի ունենալով, որ երկքաղաքացիության սահմանափակումը նախագծովվերացվել է, ապա ինչ կարգով պետք է լուծվի երկքաղաքացիության ունեցող քաղաքացիների ՀՀ պաշտպանությանը մասնակցելու հարցը, նույնը վերաբերում է նաեւ երկքաղաքացիություն ունեցող քաղաքացիներիընտրելու եւ ընտրվելու իրավունքին:

18. Սահմանադրության 55 հոդվածի 9-րդ կետի համաձայն` Հանրապետության Նախագահը նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազին, գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին:

Հաշվի առնելով այն, որ դատախազությունը իր գործառույթներով չի կարող դիտվել որպես պետական կառավարման համակարգի դասական օղակ, այն իրականացնում է այլ խնդիրներ, որոնք վերաբերում են հանցավորության դեմ պայքարի բնագավառում արդարադատությանը նպաստող եւ օրենքների ճիշտ ու միատեսակ կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող խնդիրներին, ուստի դատախազության առանձնահատուկ կարգավիճակից ելնելով ճիշտ կլինի քննարկել այդ մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու բարդացված կարգ սահմանելու հարցը: Որպես օրինակ, առաջարկվում է քննարկել Հանրապետության Նախագահի առաջարկությամբ ՀՀ Աժ կողմից գլխավոր դատախազին նշանակելու եւ ազատելու տարբերակը:

19. Նախագծի 67 հոդվածով առաջարկվել է Սահմանադրության 62 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին մասում 1-ին նախադասությունից հետո անհրաժեշտ է լրացնել նոր 2-րդ նախադասությամբ. «Ազգային ժողովը մշտական գործող եւ ներկայացուցչական մարմին է:», իսկ 3-րդ մասը, որտեղ ամրագրված է. «Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:» առաջարկվում է հանել: Նման ձեւակերպմամբ Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողովի` որպես ՀՀ խորհրդարանի գործունության կազմակերպման հիմունքներում կբովանդակի նաեւ օրինաստեղծ մարմնիներկայացուցչական բնույթը, ինչն իր արտահայտությունն է գտել ժամանակակից պետությունների ճնշող մեծամասնության սահմանադրություն՟ներում: Հակառակ պարագայում Ազգային ժողովը զրկված է մնում իր գործունեությունը ճկուն եւ իրավիճակին համապատասխան կազմակերպելու հնարավորությունից: Բնականաբար նշված հատկանիշներից էլ բխում է Ազգային ժողովի լիազորությունների իրագործման շրջանակները, որոնց ամրագրումը նպատակահարմար է նաեւ Աժ կանոնակարգ օրենքով:

20. Նախագծի 76 հոդվածով առաջարկվել է Սահմանադրության 73 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Մեր կարծիքով ճիշտ կլինի հիշյալ հոդվածը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 73. Ազգային ժողովում ստեղծվում են մշտական հանձնաժողովներ, իսկ անհրաժեշտության դեպքում` ժամանակավոր հանձնաժողովներ»: Այդկերպ ձեւակերպումը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուր գումարման Ազգային ժողովին ինքնուրույնաբար հաստատելու իր կառուցվածքը եւ արդյունավետ իրագործելու Սահմանադրությամբ ու օրենքով վերապահված լիազորությունները:

21. Նախագծի 79 հոդվածով առաջարկվել է Սահմանադրության 75 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի առնչությամբ առաջարկվում է 1-ին մասը ավելացնել նոր հետեւյալ2-րդ նախադասությամբ. «Օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է նաեւ Վճռաբեկ դատարանին` իր լիազորությունների իրագործման հարցերի գծով»:

22. Նախագծի 84 հոդվածով առաջարկվում է Սահմանադրության 81 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի վերջին մասում ամրագրված դրույթի համաձայն. «Ազգային ժողովը կարող է դադարեցնել Սահմանադրության 55 հոդվածի 13-րդ կետով նախատեսված միջոցառումների իրականացումը», իսկ այդ հոդվածի 13-րդ կետը վերաբերում է Հանրապետության վրա զինված հարձակմանը, դրա անմիջական վտանգի առկայությանը կամ պատերազմ հայտարարելու դեպքերին, երբ Հանրապետության Նախագահն իրավասու է հայտարարել ռազմական դրություն կամ ընդունել այլ որոշումներ: Գործող Սահմանադրության համաձայն` ինչպեսնշված դեպքերում, այնպես էլ Սահմանադրության 55 հոդվածի 14 կետով նախատեսված միջոցառումների իրականացման դեպքում Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի եզրակա-ցության հիման վրա կարող է դադարեցնել միջոցառումների իրականացումը:Սահմանադրության 55 հոդվածի 14-րդ կետը վերաբերում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգին, երբ Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նաախագահի եւ վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին (ինչը բացակայում է Նախագծի 81 հոդվածում կամ որեւէ այլ դրույթում):

Առաջարկում ենք քննարկել այդ փոփոխության իմաստը եւ այդ հարցում ներկայացուցչական մարմնի ու Սահմանադրական դատարանի դերակատարման բացակայության խնդիրը:

23. Նախագծի 85 հոդվածով առաջարկվել է Սահմանադրության 83 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին կետի համաձայն` Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վերահսկիչ պալատի նախագահին, իսկ Սահմանադրության 83.2 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը սահմանում են վերահսկիչ պալատի նախագահի ընտրության կարգը, ինչի կապակցությամբ առաջարկվում է հստակեցնել մոտեցումը:

Նույնհոդվածի 4-րդ կետը թերի է այն մասով, թե որ պաշտոնատար անձը կամ մարմինը կարող է առաջադրել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը: Այդ հարցը այժմ կարգավորված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով: Նույն հոդվածի 1-ին կետից բխում է, որ Հանրապետության Նախագահի առաջարկած թեկնածուն նշանակվում է անվերապահորեն: Այդ դեպքում անհասկանալի է Ազգային ժողովին նշանակելու լիազորություն տալը:

24. Նախագծի 85 հոդվածի առնչությամբ առաջարկվում է քննարկել նաեւ Սահմանադրության 83 հոդվածում նոր 5-րդ մաս ավելացնելու հարցը հետեւյալի մասին. «5) Կառավարության ներկայացմամբ հաստատում է հողային հաշվեկշիռը»:

25. Նախագծի 100 հոդվածով առաջարկվել է Սահմանադրության 100 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի «1» եւ «1.1» մասերում առաջարկվում է «Ազգային ժողովի որոշումների» բառերից հետո ավելացնել «Ազգային ժողովի նախագահի» բառերը: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ազգային ժողովի նախագահը Սահմանադրությամբ եւ այլ օրենսդրությամբ նույնպես ունի որոշումներ արձակելու իրավասություն եւ բնականաբար կարող է դրանց սահմանադրականության եւ օրենքներին համապատասխանության հարց առաջանալ: Օրինակ` Նախագծի 74 հոդվածով սահմանվում է, որ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում: Եթե Ազգային ժողովի նախագահը որոշում չի կայացնում կամ որոշումը լիարժեք չէ, այս դեպքում դրա օրինականությունը պետք է որոշի Սահմանադրական դատարանը:

26. Նախագծի 108 հոդվածով առաջարկվել է Սահմանադրության 103 հոդվածում կատարել փոփոխություններ: Մեր կարծիքով անհրաժեշտ է քննարկել դատախազության լիազորությունները` Սահմանադրությամբ ամրագրելու փոխարեն, օրենքով կարգավորման խնդիրը, քանզի մեր կողմից ներկայացված առաջարկությունների համատեքստում (նայել Եզրակացության 18 կետը), հիշյալ լիազորությունների իրականացման հնարավորությունը նպատակահարմար չէ կանոնակարգել սահմանա՟դրական նորմով:

27. Նախագծի 121 հոդվածում ամրագրված դրույթը այն մասին, որ սահմանադրական փոփոխություններ կարող են նախատեսվել նաեւ օրենքով, որի նախաձեռնությամբ կարող է հանդես գալ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կամ Հանրապետության Նախագահը:

Սակայն, անհրաժեշտ է նշել, որ սահմանադրական փոփոխություն նախատեսող նախագիծն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով: Մեր կարծիքով դա ընդունելի չէ, քանզի Սահմանադրություն ընդունող սուբյեկտը, այսինքն` ժողովուրդը միայն կարող է փոփոխել այն` հանրաքվեի միջոցով:

28. Նախագծի «Անցումային դրույթներ» վերնագրով 9-րդ գլուխը չի շարադրվել նախագծում: Դրա փոխարեն նշվել է, որ այն «կլրացվի բարեփոխումների փաթեթը քննարկելուց հետո»: Փաստորեն, Նախագիծը ներկայացվել է ոչ ամբողջական տեսքով, չի պարունակում կարեւորագույն դրույթներ, որոնցով ժամանակավոր կարգավորվելու են սահմանադրական նշանակություն ունեցող մի շարք հարաբերություններ: Դա նշանակում է, որ Նախագիծը անկատար է, որոշված չեն սահմանափակումներին վերաբերող դրույթների կիրառման հարցերը, լուծված չեն արգելքների համակարգն ու նոր խմբագրությամբ Սահմանադրությունն ընդունվելու դեպքում դրանց գործողությունը տարածության մեջ, ժամանակի ընթացքում եւ անձանց շրջանակներում, ուստիեւ չի կարող դիտվել որպես պատշաճ նախագիծ:

Միաժամանակ Նախագծին չի կցվել տեղեկանք, որտեղ պետք է ներկայացվեր Սահմանադրության փոփոխվող հոդվածները, ինչը բխում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 75 հոդվածի 3-րդ մասի պահանջներից:

29. Նկատի ունենալով համապետական ընտրությունների կազմակերպման կարեւորությունը պետական իշխանությունների ձեւավորման հարցում, անհրաժեշտ է Սահմանադրական ներկայացված փոփոխությունների համատեքստում քննարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման հիմախնդիրները` սահմանադրական նորմով կարգավորմամբ այն լուծելու նպատակով:

30. Թեեւ օրենսդրական տեխնիկայի կանոնների հաշվառմամբ Նախագիծը ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխու-թյուններ կատարելու նախագիծ» վերնագրով, այնուամենայնիվ, գտնում ենք, որ 117 հոդվածից բաղկացած Սահմանադրությունում 121 փոփոխություն կատարելու դեպքում ճիշտ կլիներ այն ներկայացնել նոր խմբագրությամբ` բացառությամբ 1, 2 եւ 114 հոդվածների: Միաժամանակ նպատակա՟հարմար է գտնել նաեւ այնպիսի մեխանիզմ, որը կբացառի հոդվածների համարների կրկնությունը տարբեր նիշերով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                               Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ