ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ Աժ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին եւ միջազգային իրավունքի հիմնախնդիրներ չի առաջացնում:
Օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները.
1. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերնագրում «փոփոխություն» բառը անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություններ» բառով:
2. Օրենքի նախագծի 1 հոդվածով առաջարկվում է «ՀՀ ջրային օրենսգրքի» 121 հոդվածի 5-րդ մասի 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «12. հաստատում է ջրաէկոհամակարգերի` սանիտարական պահպանման, հոսքի ձեւավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի եւ անօտարելի գոտիների տարածքների սամնանման չափորոշիչները 30 ամսվա ընթացքում»:
Էկո համակարգի պահպանության ռազմավարության, էկոլոգիականան՟վտան՟գու՟՟թյան եւ դրա հետ կապված մարդու կյանքի եւ առողջության անվտանգության ապահովման տեսանկյունից չափորոշիչները սահմանելու համար եւս 6 ամիս ժամկետ ավելացնելու դեպքում կառաջանա սպառնալիքների չվերահսկվող շարունակական իրավիճակ: Այդ առումով առաջարկում ենք քննարկել 30 ամսվա փոխարեն («ՀՀ ջրային օրենսգրքի» 121 հոդվածի 5-րդ մասի 12-րդ կետում սահմանված է 2 տարի) սահմանել ավելի սեղմ ժամկետ:
3. Նախագծի 1 հոդվածի 3-րդ կետով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «ՀՀ ջրային օրենսգրքի» 121 հոդվածի 5-րդ մասի 20-րդ, 34-րդ եւ 36-րդ կետերը, որոնց համաձայն` ՀՀ կառավարությունը օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո` «34. հաստատում է ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության նորմավորման կարգերը` երկու տարվա ընթացքում»:
«36. հաստատում է ջրային ռեսուրսների ռադիոակտիվ եւ թունավոր նյութերով աղտոտմաննկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու կարգը` երկու տարվա ընթացքում»:
Դա հիմնավորվում է այն հանգամանքով, որ «ՀՀ կառավարության 10.07.03թ. «Կեղտաջրերի եւ ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման եւ արտահոսքի թույլտվության կարգը հաստատելու մասին» N 982-Ն, 13.03.03թ. «Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների եւ ռեժիմի որոշման կարգը հաստատելու մասին» N 354-Ն եւ 22.05.03թ. «Էկոլոգիական թողքերի եւ մակերեւութային հոսքի հատվածում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար ջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների որոշման կարգը հաստատելու մասին» N 592-Ն որոշումներով արդեն իսկ հաստատվել են մի շարք կարգեր, որոնցով այդ խնդիրները կանոնակարգվում են»:
Իսկ 36-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու հանգամանքը հիմնավորվում է նրանով, որ. «ՀՀ ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 36-րդ կետը նույնպես հանվում է, քանի որ, «Իրավական ակտերի մասին օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն «Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը» պետք է սահմանվի միայն օրենքով, ընդ որում ջրային ռեսուրսների ռադիոակտիվ եւ թունավոր նյութերով աղտոտման նկատմամբ պետական վերահսկողությունը իրականացվելու է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաեւ արդեն իսկ մշակված եւ ՀՀ կառավարություն ներկայացված «Բնապահպանական տեսչական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված կարգով»:
Փաստորեն ՀՀ կառավարության որոշումներով մասնատվել է ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության նորմավորման միասնական կարգեր սահմանելու խնդիրը եւ դա ընդունվում է որպես հիմք հիշյալ 34-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու համար, որը մեր կարծիքով ավարտուն լուծում համարվել չի կարող:
Ինչ վերաբերում է վերը նշված նույն հոդվածի 36-րդ կետին, ապա անտրամաբանական է եւ այն ուժը կորցրած ճանաչել հիմնավորելով, որ արդեն իսկ մշակված է եւ շրջանառության մեջ է մտնում ՀՀ Ազգային ժողովում «Բնապահպանական տեսչական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Գտնում ենք, որ «Բնապահպանական տեսչական վերահսկողության մասին» նախագիծը, որպես օրենք ընդունվելու դեպքում հնարավոր կլինի քննարկել խնդրո նախագծի 36-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու հարցը:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա.Թամազյան
Հ.Իսրաելյան
Ա.Իոսիֆյան