ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ք ննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները.

  1. Նախագծով նախատեսված` ոստիկնության ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքները նախատեսող 8 հոդվածը եւ 9 հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի կրկնությունն է, եւ նկատի ունենալով, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ. «Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում, որպես կանոն, չպետք է կրկնվեն գործող իրավական ակտերում պարունակվող իրավական դրույթները», ուստի անհրաժեշտ է նախագծի 8 հոդվածում կրկնվող դրույթները հանել, թողնելով միայն հիշյալ հոդվածում բերված հղումը:
  2. Նույն դիտողությունը վերաբերում է նաեւնախագծի 10 հոդվածին:
  3. Նախագծի 10 հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը, դրանք կիրառելու եւ հանելու կարգը սահմանված է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42 եւ 43 հոդվածներով: Մինչդեռ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի 6-րդ մասով սահմանված է, որ «Կարգապահական տույժերի կիրառման կարգը սահմանվում է կանոնագրքով»:

Անհրաժեշտ է հստակեցնել հիշյալ հակասությունը:

4. Նախագծի 12 հոդվածի 2-րդ մասով սահմանված է ոստիկանության ծառայողի էթիկայի կանոններ հասկացությունը, իսկ նույն հոդվածի 4-րդ մասով այդ կանոնները ամրագրվել են որպես ոստիկանության ծառայողի պարտականություններ:

Նկատի ունենալով վերոգրյալը, անհրաժեշտ է հիշյալ հասկացությունը սահմանել նախագծի հասկացություններ սահմանող 2 հոդվածում:

  1. Նախագծի 12 հոդվածի 4-րդ մասի զ) ենթակետի «վարկը» բառը անհրաժեշտ է փոխարինել «վարքը» բառով:
  2. Նախագծի 12 հոդվածի 6-րդ մասով սահմանված է, որ «Վարքագծի կանոնների խախտումը առաջ է բերում պատասխանատվություն, եթե զուգորդվել է կարգապահական խախտման կատարման հետ»: Նկատիունենալով, որ առանց կարգապահական խախտման, միայն վարքագծի կանոններ խախտելը պատասխանատվություն չի առաջացնում, ուստի անհրաժեշտ է հիշյալ մասի առաջին նախադասությունը վերախմբագրել:
  3. Նախագծի 23 հոդվածի բ) ենթակետի «գործի» բառը տեղին չէ, անհրաժեշտ է այն փոխարինել այլ համապատասխան բառով:
  4. Նախագծի 27 հոդվածի 1-ին մասի ա) կետի «օբյեկտիվ» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «ծառայողական» բառը:
  5. Նախագծի 31 հոդվածի 2-րդ մասի «համրի» բառից հետո գրված «եւ (կամ)» շաղկապները անհրաժեշտ է փոխարինել «կամ» շաղկապով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերությունում հստակ ամրագրված է, որ. «Այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, չի կարող կիրառվել «եւ» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով: Այս դեպքում պետք է կիրառվի «կամ» շաղկապը»: Նույնը վերաբերում է նախագծի 43 հոդվածի 3-րդ մասի վերջին տողում օգտագործված «եւ (կամ)» շաղկապին:
  6. Նախագծի 31 հոդվածի 2-րդ մասի համաձայն ծառայողական քննության ընթացքին կարող է մասնակցել համրի կամ խուլի հետ բացատրվելու ունակ անձը, սակայն հիշյալ անձի իրավունքներն ու պարտականությունները նախագծով չի սահմանվել:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Հ.Իսրաելյան
Ա.Իոսիֆյան