ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):

Օրենքի նախագծի հետ մեկտեղ ներկայացվել է տեղեկանք այն մասին, որ հիշյալ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: Իրականում պարզվել է, որ օրենքի նախագիծ ներկայացված բովանդակությամբ ընդունելու դեպքում անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ու «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներում, որոնց հակասում են օրենքի նախագծի առանձին դրույթները:

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ կամ օրենքի նախագիծը իր բովանդակությամբ պետք է համապատասխանեցվի հիշյալ օրենքներին, կամ էլ այն չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նշված հակասությունները արծարծվել են սույն եզրակացությունում:

Հայեցակարգային բնույթի դիտողություններ

1. Օրենքի նախագիծը վերնագրվել է «Բնապահպանական վերահսկողու՟թյան մասին»:

Այդ վերնագրին համապատասխանեցվել են օրենքի նախագծի «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները» 4 հոդվածում տրված` «բնապահպանական վերահսկողության» հասկացությունը ու դրան առնչվող` օրենքի նախագծի 3, 5, 7, 8, 9, 23 եւ մի շարք այլ հոդվածներում ներառված դրույթները:

Իրավունքի տեսությունից հայտնի է, որ «վերահսկողություն» բառն օգտագործվում է որպես ներքին հսկողության տարատեսակ, այսինքն` այնպիսի հսկողություն, որն իրականացվում է տվյալ համակարգի մարմինների գործառույթների նկատմամբ վերադասի կողմից: Հսկողությունը լայն իմաստով նշանակում է տվյալ համակարգի շրջանակից դուրս իրականացվող գործառույթ, որի նպատակն է պարզել այլ գերատեսչություններում օրենսդրության կատարման վիճակը: Օրինակ, դատախազական հսկողությունը, սանիտարա-համաճարակային հսկողությունը ենթադրում են ոչ թե ներքին համակարգային ստուգումներ, այլ համակարգից դուրս գտնվող իրավունքի օբյեկտների նկատմամբ համապատասխան գործառույթներ իրականացնելու եւ իրավասության ամբողջականություն: Այդ իմաստով եւ, ելնելով օրենքի նախագծի բովանդակությունից, գտնում ենք , որ օրենքի նախագծի վերնագրում եւ ամբողջ տեքստում վերահսկողություն բառն անհրաժեշտ է փոխարինել հսկողություն բառով: Ինչ վերաբերում է օրենքի նախագծի 4 հոդվածում տրված «բնապահպանական հսկողություն» հասկացությանը, ապա այն պետք է փոխարինել վերահսկողություն բառով ու այդ դեպքում ճշգրիտ կարտահայտի գործառույթի իմաստը:

2. Նախագծի 4 հոդվածում, որպես ստուգման տեսակ, նշված է «ըստ անհրաժեշտության ստուգումը», որի իրականացման կարգը տրված է նախագծի 25 հոդվածում: Դա հակասում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 1 հոդվածի 4-րդ մասին, համաձայն որի` ստուգումները կարող են լինել թեմատիկ եւ համալիր: Ընդ որում, նշենք որ վերոհիշյալ հոդվածի 6-րդ մասում թվարկված են այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում այդ օրենքով եւ այդ հարաբերությունների մեջ նշված չէ բնապահպանական տեսչության կողմից իրականացվող ստուգումները: Հետեւաբար, բնապահպանական տեսչության կողմից իրականացվող ստուգումները նույնպես կարգավորվում են վերոհիշյալ օրենքով, որում «ըստ անհրաժեշտության ստուգում» հասկացությունը եւ դրա իրականացման կարգը բացակայում է: Միաժամանակ գտնում ենք, որ օրենքի նախագծի 25 հոդվածի 1-ին մասի բ) եւ ե) կետերում ներառված դրույթներն իրականում իրենցից ներկայացնում են այնպիսի պայմաններ, որոնց ծագման դեպքում ստուգումների իրականացումն անհրաժեշտ է: Ուստի առաջարկում ենք գտնել այլ օրենքներին չհակասող մեխանիզմներ:

3. Նախագծի 26 հոդվածում տրվում է «ուսումնասիրություն» հասկացությունը եւ դրա իրականացման կարգը: Պետք է նշել, որ նշված հասկացության սահմանումը էապես տարբերվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 1 հոդվածի 3-րդ մասում տրված սահմանումից, համաձայն որի, ուսումնասիրությունը տնտեսվարող սուբյեկտի ֆինանսական ու փաստացի գործունեության վիճակը պարզաբանելու նպատակով ստուգող մարմնում իրականացվող ներքին ընթացակարգ է` վերջինիս ներկայացրած հաշվեկշիռի, ֆինանսական եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների հիման վրա: Ընդ որում, նշված դրույթից բացառություն սահմանված է միայն գերավճարների հաշվանցման եւ վերադարձի, ինչպես նաեւ հսկիչ գնումների իրականացման դեպքերում հարկային մարմինների կողմից կատարվող ուսումնասիրությունների անցկացման համար, որոնց իրականացման առանձին կարգը սահմանում է կառավարությունը:

Հետեւաբար, բնապահպանական տեսչության կողմից ուսումնասիրությունների անցկացումը եւ դրա իրականացման կարգ սահմանելը հակասում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքին:

4. «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի «գ» ենթակետի համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթները տարածվում են ՀՀ հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերի վրա: Նույն օրենքի 7 հոդվածով դասակարգվել են քաղաքացիական ծառայողների պաշտոնները: Հետեւաբար, բնապահպանական պետական տեսչության պաշտոնները ոչ թե պետք է դասակարգվեին ներկայացված նախագծի 11 հոդվածով, այլ արդեն իսկ դասակարգված են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով, քանի որ բնապահպանական տեսչությունը հանդիսանում է հանրապետական գործադիր մարմնի ստորաբաժանում:

Այլ դիտողություններ եւ առաջարկություններ :

1. Նախագծի 4 հոդվածի`

ա) Բնապահպանական վերահսկողությունը (իրականում պետք է լինի հսկողություն) բացատրվում է որպես տեսուչի կողմից իրականացվող ստուգում, որին հաջորդում է ստուգման օբյեկտների ցանկը:

Նման սահմանումը չի համապատասխանում հսկողության (ինչպես նաեւ վերահսկողության) իմաստին սուբյեկտային կազմի առումով, քանի որ վերահսկողությունն իրականացնում է ոչ թե տեսուչը այլ մարմինը, տեսուչն ընդամենը իր իրավասության շրջանակում իրականացնում է իր լիազորությունները:

բ) Ստուգվող սուբյեկտ հասկացությունն ավարտվում է «բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված են պահպանման եւ կատարման ենթակա նորմեր» բառերով: Տվյալ դեպքում անհրաժեշտ է կոնկրետացնել, թե ինչի պահպանմանն ու կատարմանն են վերաբերում այդ նորմերը:

գ) 2-րդ եւ 9-րդ պարբերություններում ու նախագծի ամբողջ տեքստում «ռեսուրսների» բառն առաջարկում ենք փոխարինել «պաշարների» բառով:

դ) Նախավերջին պարբերությունից անհրաժեշտ է հանել «կառավարման» բառը:

ե) Վերջին պարբերությունում օգտագործված «արտադրական կազմակեր՟պություններ» բառակապակցությունը անհրաժեշտ է փոխարինել «արտադրությամբ զբաղվող կազմակերպություններ» բառակապակցությամբ, քանի որ կազմակերպություններն իրենց կազմակերպաիրավական վիճակով կարող են հանդես գալ միայն առեւտրային եւ ոչ առեւտրային իրավաբանական անձանց տեսքով, իսկ արտադրությունը բնորոշում է ոչ թե կազմակերպության կազմակերպաիրավական տեսակը, այլ` վերջինիս գործունեության բնույթը:

2. Օրենքի նախագծի 5 հոդվածում ընդհանրացվել են բնապահպանական վերահսկողության նպատակներն ու խնդիրները, դրանց տարանջատումը չի կատարվել: Անհրաժեշտ է նպատակներն ու խնդիրները սահմանազատել:

3. Օրենքի նախագծի 5 հոդվածի 1-ին կետի «բանական» եւ 4-րդ կետի «գերշահագործման» հասկացություններն անհրաժեշտ է բնորոշել նույն նախագծի 4 հոդվածում, քանի որ դրանք պարունակում են իրավական գնահատումներ պարունակող իմաստներ ու առանց պարզաբանման ենթակա չեն կիրառման:

4. Օրենքի նախագծի 5 հոդվածի 5-րդ մասի համաձայն` բնապահպանական վերահսկողության հիմնական նպատակներին են դասվում «ՀՀ բնապահպանական օրենսդրության նորմերի ներդրումն ու պահպանումը»: Իրականում դրանք չեն կազմում ոչ նպատակներ եւ ոչ էլ խնդիրներ: Նախագծի 5-րդ կետը առաջարկում ենք հանել նախագծի տեքստից:

5. Օրենքի նախագծի 6 հոդվածի 1-ին կետում շարադրված դրույթն անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը:

6. Օրենքի նախագծի 6 հոդվածի 3-րդ կետից առաջարկում ենք հանել «անկողմնակալ» բառը:

7. Օրենքի նախագծի 7 հոդվածում «կառավարությունը» բառից հետո առաջարկում ենք դնել բութ նշանը եւ հոդվածի դրույթը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի միջոցով (այսուհետ` լիազոր մարմին):»:

8. Օրենքի նախագծի 8, 9 եւ մնացած բոլոր հովածներում «իրավասությունները» բառն անհրաժեշտ է փոխարինել «իրավասություն» բառով, քանի որ իրավաբանական իմաստով այն չի կարող օգտագործվել հոգնակի թվով:

9. Օրենքի նախագծի 10 հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում տեսչական բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «մարմինների» բառը:

10. Նախագծի 12 հոդվածի 1-ին մասի «է» կետում «օրենսդրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ առգրավմանը վերաբերող կարգը վերաբերում է միաժամանակ մարդու իրավունքների սահմանափակմանը, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն մարդու իրավունքներին վերաբերող սահմանափակումները կարող են սահմանվել միայն օրենքով, այլ ոչ թե օրենսդրությամբ սահմանված կարգով: Նույն կետում «սահմանված» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «դեպքերում» բառը, քանի որ «կարգը ուղեկցում է դեպքերին եւ առգրավումը չի կարող կատարվել օրենքով չսահմանված դեպքերում»:

Օրենքի նախագծի 12 հոդվածի 1-ին մասի նույն է) կետում եւ հետագայում` ամբողջ տեքստում «առգրավել» բառը անհրաժեշտ է փոխարինել «վերցնել» բառով` Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքին համապատասխանեցնելու նպատակով:

Նույն կետի վերջում առաջարկում ենք ավելացնել «ձկան որսը, ձկնորսության գործիքները եւ ձկնորսության գործիք հանդիսացող այլ միջոցները» բառակապակցությունը: Դա պայմանավորված է Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում ներառված հոդվածների դասակարգումներով:

Նույնը վերաբերում է նախագծի 13 հոդվածի 1-ին մասի է) կետին, որում «ռեսուրսների» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «որսի» բառը, իսկ «միջոցների» բառից հետո`«ձկան որսի, ձկնորսության գործիքների եւ ձկնորսության գործիք հանդիսացող այլ միջոցների» բառը:

11. Օրենքի նախագծի 12 հոդվածի 1-ին մասի թ) կետում «ստուգումների ընթացքում» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը: Նույն հոդվածի ժ) կետում «օրենքով սահմանված» բառերից հետո անհրածեշտ է ավելացնել «դեպքերում եւ» բառերը` հիմք ընդունելով սույն եզրակացության 10-րդ կետի տրամաբանությունը:

12. Օրենքի նախագծի 12 հոդվածի ժբ), 27, 28 հոդվածներում եւ նախագծի տեքստում ընդհանրապես «քննություն» բառն օգտագործվում է (համենայնդեպս ընկալվում է) ոչ թե` որպես իրավախախտման վերաբերյալ վարչական գործով (վարույթով) վերջնական ակտի (որոշման) ընդունման գործընթաց, այլ որպես քննչական գործողությունների ամբողջություն, ուստի այն դրույթներում, որոնցում օգտագործվել է «քննություն» բառը, անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ, վերախմբագրել` դրանց հաղորդելով ճշգրիտ իմաստ: Դա նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջն է` օրենսդրությունում երկիմաստությունը բացառելու առումով:

13. Օրենքի նախագծի 14 հոդվածի վերնագրի ձեւակերպումը առաջարկում ենք վերախմբագրել, քանի որ սահմանափակումները ոչ թե կիրառվեն տեսուչի նկատմամբ, այլ վերաբերեն տեսուչի իրավասությանը, այսինքն համապատասխան մարմնի աշխատակցի իրավասությանը:

14. Օրենքի նախագծի 4-րդ գլխի վերնագիրը շարադրված է որպես «Բնապահպանական պետական տեսչության առանձնահատուկ պայմաններ»: Առաջարկում ենք վերախմբագրել այն, քանի որ պայմանները չեն կարող վերաբերել տեսչությանը, դրանք վերաբերում են տեսչության գործունեությանը:

15. Օրենքի նախագծի 16 եւ 17 հոդվածներն առաջարկում ենք փոխել տեղերով` տրամաբանական հաջորդականությունը ապահովելու նպատակով (տես` նախագծի 18, 19 եւ 20 հոդվածները):

Օրենքի նախագծի 16 հոդվածի վերջում առաջարկում ենք ավելացնել դրույթ, որի համաձայն զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից:

16. Օրենքի նախագծի 18 հոդվածի 1-ին մասի ա) կետի «եւ (կամ)» բառերի ձեւակերպումը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 10-րդ կետի պահանջներին:

17. Օրենքի նախագծի 18 հոդվածի ա), բ), եւ գ) կետերում, ինչպես նաեւ 19 հոդվածի ա) եւ բ) կետերումառաջակում ենք «կանխելու» բառից հետո ավելացնել «կասեցնելու» բառը:

18. Օրենքի նախագծի 18 հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է սահմանազատել հատուկ միջոցների կիրառման դեպքերը եւ առանձնահատ՟կությունները, ինչպես նաեւ նման միջոցների կիրառման անթույլատրելիությունը առանձին կատեգորիաների անձանց նկատմամբ եւ բացառություններն այդ կանոնից:

19. Օրենքի նախագծի 19 հոդվածի 1-ին մասի ա) կետի վերջում «վտանգ» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել «իրական» բառը: Դա պայմանավորված է ծայրահեղ անհրաժեշտության ու անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտներին վերաբերող նորմերով:

20. Նախագծի 20 հոդվածի 2-րդ մասից անհրաժետ է հանել «անտեղի է» բառակապակցությունը:

21. Օրենքի նախագծի 5-րդ գլխի վերնագրում եւ այդ գլխի տեքստում «վերահսկողություն» բառը անհրաժեշտ է փոխարինել «հսկողություն» բառով:

22. Նախագծի 26 հոդվածի 5-րդ մասը տրամաբանական կապ չունի հոդվածի վերնագրի եւ բովանդակության հետ եւ պետք է շարադրվի նախագծի 4 հոդվածում:

23. Օրենքի նախագծի 27 հոդվածի 4-ր մասի սկզբնական հատվածը հակասում է վերջին հատվածին:

24. Պարզաբանման կարիք ունի 28 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում ամրագրված «հնգօրյա ժամկետը», քանի որ 27 հոդվածի 5-րդ մասի գ) կետի համաձայն` որոշում կայացնելու դեպքում այն պետք է արագ ուղղարկվի քրեական հետապնդում իրականացնող մարմինների քննարկմանը:

25. Նույն 28 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում հստակ չեն ձեւակերպումները:

26. Օրենքի նախագծի 28 հոդվածում թյուրիմացաբար բացակայում է 3-րդ մասը, քանի որ նույն հոդվածի 4-րդ մասում հղում է կատարվում 3-րդ մասի վրա, որը բացակայում է տեքստից:

27. Նախագծի 28 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցրած վնասի փոխհատուցման մասին դատարան հայց ներկայացնելու մասին որոշումն ընդունելուց հետո իրավախախտում թույլ տված սուբյեկտը 15 օրյա ժամկետում վճարման անդորրագիրը ներկայացնում է որոշում կայացնող պաշտոնատար անձին, հակառակ դեպքում գանձումը իրականացնում է դատական կարգով:

Նշենք, որ դատարան հայց ներկայացնելու դեպքում վճարումը կարող է կատարվել հաշտության համաձայնագիր կնքվելու կամ հայցը բավարարվելու եւ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

28. Նախագծի 30 հոդվածի 1-ին մասի համաձայն կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի վճարման փաստը հաստատող անդորրագրերի իսկությունը պարզելու նպատակով ստուգվում են կենսապաշարի տեսակը, քանակը, օգտագործման ժամանակահատվածը եւ վայրը (տարածքը): Նշենք, որ անդորրագրի իսկությունը ստուգվում է սոսկ պարզելով, թե այն համապատասխան բանկային կազմակերպության (որում մուծվել է այդ վճարը)կամ համապատասխան կազմակերպության (որը իրավունք ունի վճարը մուտք անել իր դրամարկղ) կողմից է տրամադրվել, թե ոչ:

29. Նախագծի 32 հոդվածով սահմանվել են ստուգվող սուբյեկտների իրավունքները: Նշենք, որ ստուգվող սուբյեկտների իրավունքները տառացիորեն կրկնում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 9 եւ 11 հոդվածի համապատասխան դրույթները եւ հետեւաբար, նախագծի 32 հոդվածի անհրաժեշտությունը չկա:

30. Նախագծի 33 հոդվածի 1-ին մասի «գ-է» կետերով սահմանված ստուգվող սուբյեկտների պարտականությունները կրկնում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի համապատասխան դրույթները, հետեւաբար, նշված կետերի անհրաժեշտությունը վերանում է:

31. Նախագծի 34 հոդվածի 1-ին մասի 1-ին կետում անհրաժեշտ է վերանայել ձեւակերպված մոտեցումը, որը վերաբերում է մաքսային մարմինների պարտականությանը մինչեւ յուրաքանչյուր ամսվա 25-ը տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Դիտողությունը վերաբերում է սահմանվող ժամկետին:

32. Նախագծի 34 հոդվածի 2-րդ մասի համաձայն «բնապահպանական պետական տեսչության եւ հարկային մարմինների միջեւ փոխհարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական այլ ակտերով»: Նշենք, որ նախագծում որեւէ դրույթ չկա տվյալ փոխհարաբերությունների վերաբերյալ եւ, հետեւաբար, նախագծով այդ հարաբերությունները չեն կարգավորվում:

33. Նախագծի 38 հոդվածի սկզբում անհրաժեշտ է ավելացնել «սույն օրենքով» բառակապակցությունը:

Վերոգրյալի հիմքով գտնում ենք, որ ներկայացված օրենքինախագիծը արմատական լրամշակման կարիք ունի:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա.Երեմյան
Ա.Սարգսյան
Հ.Իսրաելյան