ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ
ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Պարզվել է, որ թեեւ նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան` այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքի առկայությամբ, այնուամենայնիվ անհրաժեշտ է նույն օրենսգրքի 121 հոդվածի 4-րդ մասում կատարել մեկ այլ փոփոխություն:
Օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքի 121 հոդվածի 4-րդ մասում «ոռոգման ջրի եւ մելիորատիվ հողերի մասին օրենքի նախագիծը» բառերը փոխարինել «գյուղատնտեսական հողերի մելիորացիայի մասին օրենքի նախագիծը» բառերով: Հիշյալ դրույթը գործող օրենսգրքում ձեւակերպված է հետեւյալ խմբագրությամբ.
«4. Կառավարությունը սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո մշակում եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում` ոռոգման ջրի եւ մելիորատիվ հողերի մասին օրենքի նախագիծը` երկու տարվա ընթացքում»:
Ջրային օրենսգրքի 121 հոդվածի 4-րդ մասի հիշյալ դրույթում նախագծի վերնագիրը փոփոխելը համապարփակ լուծում համարել չի կարելի, քանի որ նույն դրույթում սահմանված երկու տարվա ժամկետն արդեն լրացել է, իսկ կառավարությունը տվյալ դեպքում չի կատարել օրենքի պահանջը:
Ելնելով վերոգրյալից պետք է սահմանվի նոր ժամկետ, որի ընթացքում ՀՀ կառավարությունը պարտավոր է ներկայացնել «գյուղատնտեսական հողերի մելիորացիայի մասին օրենքի նախագիծը»:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ