ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Օրենքի նախագծին կից ներկայացված ՀՀ կառավարության եզրակացությունում նշվել է, որ հիշյալ օրենքի ընդունմամբ պետության եկամուտների էական նվազեցում տեղի չի ունենա:

Սակայն անհրաժեշտ է նկատել, որ նախագծում ամրագրված դրույթները վերջիվերջո նպատակաուղղված են այդ թվում նաեւ հարկայինապառքների զիջմանը, որոնց գումարի չափը արդի ժամանակահատվածում էական տեսակարար կշիռ ունի ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների կառուցվածքում:

Գտնում ենք, որ եզրակացության եւ նախագծի հիշյալ դրույթի միջեւ առկա է որոշակի հակասություն, որն ենթակա է լրացուցիչ պարզաբանման:

2. Նախագծի 1 հոդվածով առաջարկվող լրացման մեջ`

ա) անհրաժեշտ է հանել «իրավաբանական անձանց կամ» բառերը, քանի որ իրավաբանական անձանց մասով «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքն արդեն իսկ հստակ սանմանում է պարտապան հարկատուի պարտավորությունների մարման կարգը եւ պայմանները, ուստի սույն լրացումը չի կարող վերաբերել իրավաբանական անձանց (այդ հանգամանքը հստակ երեւում է նաեւ նախագծի հիմնավորումից): Հակառակ դեպքում առաջարկվող լրացումը կհակասի «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի դրույթներին, որոնցով իրավաբանական անձանց համար տարանջատված են ֆինանսական առողջացման գործընթացի եւ սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային եւ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարման դեպքերը,

բ) «երբ նրանց» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «չկատարված» բառը` տարընթերցումից խուսափելու նպատակով (ըստ ներկայացված տեքստի խոսքը գնում է ընդհանուր առմամբ հարկային պարտավորությունների մասին),

գ) անհրաժեշտ է հստակեցնել նաեւ, թե ինչ կարգ եւ պայմաններ պետք է գործեն, եթե անհատ ձեռնարկատիրոջ հարկային չմարված պարտավորությունները գերազանցում են 500.000 դրամը (տվյալ դեպքում խոսքը գնում է միայն մինչեւ 500.000 դրամ չմարված հարկային պարտավորություններ ունենալու դեպքի մասին),

դ) «Հարկային մարմնի ղեկավարը» բառերը, կարծում ենք, ճիշտ կլինի փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:

3. Օրենքի նախագծի դրույթների վերլուծությունից պարզվում է, որ դրանք նպատակաուղղված են հետեւյալ հիմնական խնդիրների իրագործմանը. 1) հարկային հաշվառումից հանել անհուսալի հարկային պարտավորություններ ունեցող հարկային վճարողներին, 2) հինգ տարվա վաղեմության ժամկետանց հարկային պարտավորությունները զիջել:

Հիշյալի կապակցությամբ նշենք, որ հարկման ոլորտում նմանատիպ միջոցառումը պետք է կրի միանգամյա բնույթ, քանզի հարկային պարտավորությունների զիջման գործընթացի շարունակականությունը հանգեցնելու է հարկային իրավախախտումների թվի ավելացմանը եւ հարկման արդարության սկզբունքի խախտմանը:

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք քննարկել անհուսալի հարկային պարտավորությունների միանգամյա զիջման մասին հարցը:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա.Հայկյանց
Ա. Թամազյան
Ա.Երեմյան
Մ. Սողոմոնյան
Զ. Խաչատրյան