ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

          Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ք ննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

          Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ք ննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքի նախագիծը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին, քանի որ այն ընդունվելու դեպքում հակասություններ կառաջանան «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթների հետ:

Նախագիծը քննարկվել է սահմանադրական, վարչական,   քաղաքացիական եւ տնտեսական իրավունքի տեսանկյունից: Հարցը վերաբերում է առաջին հերթին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հայեցակարգին:

Նախագծին կից հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակավայրերի օտարահունչ անվանումների փոփոխությամբ: Եվ, իրականում, նախագծի 3 հոդվածով առաջարկվում է կատարել փոփոխություններ առանձին բնակավարերի անվանումներում:

Դրա հետ մեկտեղ, նախագծի 1 եւ 2 հոդվածներն առնչություն չունեն բնակավայրերի վերանվանման հետ, այլ նպատակաուղղված են կառավարությանը օժտելու լրացուցիչ իրավասությամբ` «մարզերի սահմանները», «բնակավայրերի եւ թաղային տարածքների սահմանները» որոշելու հնարավորություններով:

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 6 հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Հայաստանի Հանրապետության մարզային բաժանման մարզերի սահմանների, մարզերի վարչական կենտրոնների, համայնքների, թաղային համայնքների, բնակավայրերի եւ թաղամասերի տարածքների սահմանների փոփոխումը, նոր համայնքների ստեղծումը կամ նոր բնակավայրերի հիմնումը, բնակավայրերի դասակարգման փոփոխումը, ինչպես նաեւ մարզերի, բնակավայրերի, թաղամասերի, համայնքների եւ թաղային համայնքների անվանումներն ու վերանվանումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ` սոիյն օրենքի մեջ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով»:

Ներկայացված նախագծի 2 հոդվածով առաջարկվում է օրենքի հիշյալ հոդվածի 1-ին պարբերությունից հանել «մարզերի սահմանների», «բնակավայրերի եւ թաղային տարածքների սսահմանների» բառերը: Նախագծի նույն հոդվածով առաջարկվում է օրենքի 6 հոդվածը լրացնել նոր պարբերությամբ` «Մարզերի, Երեւան քաղաքի, համայնքների սահմանների նկարագրումը եւ փոփոխությունը սահմանված կարգով հաստատում է ՀՀ կառավարությունը»:

ՀՀ Սահմանադրությունում գործածվում է 2 հասկացություն` «վարչատարածքային բաժանում» (հոդված 82) եւ «վարչատարածքային միավորներ» (հոդված 104): Ընդ որում, 82 հոդվածի համաձայն. «Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ հաստատում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը»: Իսկ 104 հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են` մարզերը եւ համայնքները»: Այսպիսով, ՀՀ Սահմանադրությունը, մի դեպքում ուղղակի սահմանում է ՀՀ վարչատարածքային միավորները, իսկ մյուս դեպքում սահմանում է, որ այդ միավորների վարչատարածքային բաժանումը հաստատում է Ազգային ժողովը: Այս կապակցությամբ առաջարկում ենք քննարկել օրենքի նախագծի 2 հոդվածի 1-ին մասով առաջակվող փոփոխության` Սահմանադրությանը համապատասխանելու խնդիրը:

Նշենք նաեւ, որ «Իրավական կատերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 4-րդ մասի 12-րդ կետի համաձայն միմիայն օրենքով պետք է սահմանվեն տեղական ինքնակա՟ռավարման մարմինների իրավունքները, պարտականությունները եւ պատաս՟խա՟նատվությունը:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի համաձայն.

« Համայնքի վարչական տարածքն ընդգրկում է հողեր եւ ջրային տարածքներ, որոնց սեփականատեր կարող են լինել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, համայնքը, ինչպես նաեւ պետությունը: Համայնքի վարչական սահմանների նկարագրությունը սահմանվում է օրենքով »:

Նույն օրենքի 47 հոդվածի համաձայն.

« Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողերն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում են համայնքներին:

Համայնքն իր սեփականություն համարվող հողերը կարող է տնօրինել, տիրապետել եւ օգտագործել օրենքով սահմանված կարգով:

Համայնքի վարչական սահմաններում գործող բյուջետային հիմնարկներին, իրենց լիազորությունների իրականացման համար, անհրաժեշտ հողերը տեղական ինքնակառավարման մարմինները հատկացնում են անհատույց օգտագործման իրավունքով»:

          Այսպիսով, մեկ այլ օրենքով ամրագրված է, որ համայնքի վարչական սահմանների  նկարագրությունը սահմանվում է օրենքով: Ավելին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը արդեն սահմանել է այդ տարածքում գտնվող սեփականության փոխանցումը համայնքներին: Օրենքի «Անցումային դրույթների» համաձայն.

« Կառավարությունը սույն օրենքի ուժով պետական սեփականություն համարվող հողերը որպես սեփականություն փոխանցում է՝

ա) Երեւանի թաղային համայնքներին՝ մինչեւ 2003 թվականի հունիսի 31-ը.

բ) Գյումրի եւ Վանաձոր քաղաքներին՝ մինչեւ 2002 թվականի օգոստոսի 31-ը.

գ) մնացած համայնքներին՝ մինչեւ 2002 թվականի հունիսի 31-ը»:

Դա նշանակում է, որ համայնքների սահմանները կառավարության որոշմամբ փոփոխվելու դեպքում կփոփոխվի նաեւ համայնքի սեփականության կազմը, ընդ որում, դա կկատարվի վարչարարության հիմքով` վարչական ակտի հիման վրա` սուբորդինացիայի սկզբունքի կիրառմամբ, մինչդեռ, ՀՀ Սահմանադրության 28 հոդվածի համաձայն.

«Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ»: Մնացած բոլոր դեպքերում սեփականության փոփոխությունը հնարավոր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Օրենքի նախագիծը ընդունելու դեպքում, ըստ էության, կվերանա տարածքային բաժանումը օրենքով կարգավորելու հնարավորությունը, այն կհանգեցնի « Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին » ՀՀ օրենքի բովանդակության փոփոխությանը, դրանում ներառված հոդվածների վերնագրերի եւ բովանդակության անհամապատասխանությանը, օրենքի հավելվածների զգալի մասի վերացմանը, ինչը ենթադրում է օրենքի նոր նախագիծ կազմելու անհրաժեշտություն:

Հիմք ընդունելով, որ ներկայացված օրենքի նախագիծը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին, գտնում ենք, որ այն լրամշակման կարիք ունի:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                              Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կատարողներ`  Ա.Երեմյան

Կատարողներ`  Ա.Երեմյան

                          Հ.Իսրաելյան

                          Յու.Խալաթյան

06.10.2004թ.