ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):

Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացմամբ ստուգումների իրավասությամբ օժտված մարմինների ցանկում,առաջարկվում է ավելացնել ՀՀ առողջապահության նախարարությունը, այն դեպքում երբ գործող օրենքով ստուգումներ անցկացնելու իրավասությամբ օժտված է պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայությունը:

Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայությունը առողջապահության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներից մեկն է: Ստացվում է այնպես, որ որպես ստուգում իրականացնող մարմին առանձին նշվում է ինչպես առողջապահության նախարարությունն ամբողջությամբ, այնպես էլ նրա կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը:

2. Նախագծի 4 հոդվածը անհրաժեշտ է հանել, քանի որ Նախագծի 3 հոդվածով առաջարկվող լրացմամբ օրենքի 3 հոդվածի 3-րդ մասում ավելացվել է «պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության մարմինները» բառակապակցությունը, իսկ օրենքի 4 հոդվածի 3-րդ մասում արդեն իսկ ամրագրված է, որ տարեկան միայն մեկ անգամ ստուգում կատարելու հնարավորությունը չի վերաբերվում օրենքի 3 հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերին: Հետեւաբար, Նախագծի 3 հոդվածով առաջարկվող լրացման ընդունման դեպքում վերոհիշյալ լրացման անհրաժեշտությունը վերանում է:

3.Նախագծի հետ միասին ներկայացվել է տեղեկանք Նախագծի ընդունման առնչությամբ պետության եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին, սակայն վերոհիշյալ տեղեկանքում խոսքը գնում է ոչ թե եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին, այլ, որ Նախագծի ընդունման կապակցությամբ պետության բյուջեի եկամտային մասում աճ չի նախատեսվում: Մինչդեռ, պետք է լիներ, որ եկամուտները չեն նվազում կամ ծախսերը չեն ավելանում:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա.Գալստյան
Ա.Սարգսյան
Վ.Մանուկյան