ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
Օրինագծի վերաբերյալ Վարչությունն ունի երկու նկատառում` կապված առաջարկվող լրացման տեքստի լեզվաոճական թերության շտկման եւ ժամկետների հստակեցման հետ: Մասնավորապես, նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման տեքստում «որը» բառից հետո անհրաժեշտ է դնել ստորակետ, քանի որ առանց այդ կետադրական նշանի տարընթերցման հնարավորություն է առաջանում (ստացվում է, որ խոսքը գնում է տեղեկատվություն արտադրողի մասին, մինչդեռ, իրականում, լրացման իմաստը կայանում է նրանում, որպեսզի ամրագրվի արտադրողների կողմից հայերեն լեզվով պատշաճ եւ ստույգ տեղեկատվություն տրամադրելու պարտավորությունը):
Բացի այդ, առաջարկվող լրացումից անհայտ է մնում, թե արտադրողն ի՞նչ ժամկետում է պարտավոր տրամադրել տեղեկատվությունը, ինչը բավականին կարեւոր հանգամանք է: Ուստի, որպես այլընտրանքային տարբերակ, առաջարկում ենք լրացման տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «որն անհապաղ տրամադրվում է սպառողին` հայերեն լեզվով»:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա. Թամազյան
Ս. Յուզբաշյան
Կ. Մելքոնյան
Ա. Գալստյան