ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի պատգամավորի պահվածքի մասին»

ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ռ. Պետրոսյանի, Գ. Մելիքյանի, Հ. Մարգարյանի եւ Ո. Մարուխյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի պատգամավորի պահվածքի մասին»

ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքների նախագծերը ներկայացվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Օրենքների նախագծերը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չեն առաջացնում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ արվել են հետեւյալ դիտողությունները.

1. Նախագծի 6 հոդվածով առաջարկվում է օրենսգրքի 38 հոդվածի 7-րդ մասը հանել եւ համապատասխանաբար փոխել հաջորդ մասերի համարակալումը: Դա հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի պահանջներին:

2. Օրենքի նախագծի 7 եւ 8 հոդվածներում առաջարկվող փոփոխությունները կատարել հնարավոր չէ, քանի որ պաշտոնական տեղեկագրում հրապարակված տեքստում «նիստը վարողին» բառեր չկան (տես` ՀՀ պաշտոնական տեղեկագիր N12 (187) 12 ապրիլի 2002թ.): Առաջարկում ենք վերախմբագրել 7 եւ 8 հոդվածների բովանդակությունը:

3. Օրենքի նախագծի 9 հոդվածով առաջարկվող փոփոխության կապակցությամբ նպատակահարմար կլիներ ոչ թե շարադրել նոր խմբագրությամբ այլ «հարցերի» բառից հետո ավելացնել «ընդգրկված օրենսգրքերի, որոշումների» բառերը:

4. Օրենքի նախագծի 11 հոդվածով առաջարկվում է օրենքի 45 հոդվածի 5-րդ մասի «չի դադարում» բառը փոխարինել «շարունակվում է» բառով: Ենթադրվում է, որ երկու տերմիններն էլ ճշգրիտ չեն արտացոլում այն իրադրությունը, որին վերաբերում են:

5. Օրենքի նախագծի 12 հոդվածով առաջարկվում է օրենքի 49 հոդվածը լրացնել մի շարք կետերով, ներառյալ` «ժ» կետով (նախագծում գրված է ենթակետ ինչը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին), որով առաջարկվում է մտցնել հարցի քվեարկությունը կրկնելու մասին դրույթ: Դրան են վերաբերում նաեւ օրենքի նախագծի 17 եւ 18 հոդվածներով առաջարկվող փոփոխությունները: Գտնում ենք, որ հարցի քվեարկությունը կրկնելու հնարավորությունը կարող է ստեղծել պարարտ հող անցանկալի որոշումներից խուսափելու համար: Միաժամանակ, դա կարող է լինել անհրաժեշտ, երբ, օրինակ, ակնհայտ է, որ քվեարկությանը մասնակցել է ավելի քիչ պատգամավոր, քան արձանագրվել է որոշման մեջ: Ուստի, գտնելով անհրաժեշտ հարցի կանոնակարգումը, միաժամանակ, գտնում ենք, որ առաջարկված եղանակը չի կարող ծառայել նպատակին եւ կարող է խաթարել ներքին ժողովրդավարական ընթացակարգերը:

6. Օրենքի նախագծի 16 հոդվածով առաջարկվում է օրենքի 56 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետում «եւ «ը»» բառը փոխարինել «, ը», «թ», «ժ», «ժա», «ժբ» եւ «ժգ» բառերով: Այս փոփոխությունը ընդունվելու դեպքում բացառությունները կկազմեն գերակշռող մասը, իսկ օրինաչափությունները` (49 հոդվածի բ, դ, ե, զ) հակառակը: Սահմանափակումներին վերաբերող այդ դրույթը վերախմբագրելու կարիք ունի:

7. Օրենքի նախագծի 20 հոդվածով առաջարկվող փոփոխությունը կատարելու դեպքում ամբողջ հոդվածը անհրաժեշտ կլինի վերախմբագրել:

8. Օրենքի նախագծի 24 հոդվածով առաջարկվող փոփոխության «ե» կետի սկզբնամասում «նրա» բառը առաջարկում ենք հանել:

9. Օրենքի նախագծի 26 հոդվածով առաջարկվող փոփոխությունը կատարվելու դեպքում դրույթը կստանա խճողված տեսք` կրկնվող արտահայտություններով: Ուստի, առաջարկում ենք վերախմբագրել դրույթը:

«Ազգային ժողովի պատգամավորի պահվածքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ձեւավորվել է այն կարծիքը, որ դրանում արծարծված եւ դրանով կարգավորվող հարաբերությունների գերակշռող մասը չի կարող դիտվել օրենքի կարգավորման առարկա, քանի որ դրանց պահպանումը կամ չպահպանումը իրավական հետեւանքներ առաջացնել չեն կարող: Ենթադրվում է, որ պատգամավորի պահվածքի կանոնները կարելի է դիտել որպես ներքին կանոններ (ներքին էտիկայի կանոններ): Նշենք նաեւ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 45 հոդվածը ընդհանուր առմամբ վերաբերում է հենց այդ կանոնների համար կիրառվող հնարավոր միջոցներին: Ուստի, առաջարկում ենք քննարկել, թե որ հարաբերություններն են ենթակա իրավական կարգավորման, իսկ որոնք` ոչ, այնուհետեւ միայն լուծել դրանց տեղը օրենսդրության համակարգում: Գտնում ենք, որ օրենքով կարելի է կարգավորել միայն այն իրավահարաբերությունները, որոնք առաջացնում են իրավական հետեւանքներ:

Օրենսդրության վերլուծության
եւ զարգացման վարչություն

Կատարողներ`

Ա. Երեմյան
Ս. Յուզբաշյան
Մ. Հակոբյան
Վ. Մանուկյան