Եզրակացություն
«Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
Ներկայացված օրենքների նախագծերը (այսուհետ` նախագծեր) քննարկվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի Օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Ներկայացված նախագծերը համապատասխանում են «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքի պահանջներին:
Օրենքի նախագծերի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:
1. «Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.
Նախագիծն ունի հայեցակարգային եւ խմբագրական մի շարք թերություններ, մասնավորապես`
1.1. Նախագծում բացակայում է հասարակական հարաբերությունների այն շրջանակը, որը կարգավորելու համար կոչված է ներկայացված նախագիծը:
1.2. Նախագծի 1 հոդվածը անհրաժեշտ է վերաշարադրել: 1 հոդվածում առկա են ոչ ճիշտ արտահայտություններ, մասնավորապես`
- նշված է, որ օրենքով կարգավորվում է իրավահարաբերությունների շրջանակը, մինչդեռ իրավահարաբերությունների շրջանակը պետք է սահմանվի, այլ ոչ թե կարգավորվի,
- նշված է, որ պատասխանատվությունը օրենքով կարող է կարգավորվել, մինչդեռ, պատասխանատվությունը պետք է սահմանվի,
- («Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված ու չլիցենզավորված) նախադասությունը տեղին չէ,
- «շրջանակները» բառը պետք է օգտագործվի եզակի թվով:
1.3. Նախագծի 2 հոդվածում սահմանված է «պատահար» հասկացությունը, գտնում ենք, որ սահմանումը թերի է, կամ` սխալ, այն պատճառաբանությամբ, որ հնարավոր է պատահար առանց մարդկանց կյանքին, գույքին եւ շրջակա միջավայրին վնաս պատճառելու:
1.4. Նախագծի 6 հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետում «կոնկրետ» բառը անհրաժեշտ է փոխարինել «որոշակի» բառով:
1.5. Նույն հոդվածի 3-րդ մասից անհրաժեշտ է հանել «որոշմամբ» բառը:
1.6. Նախագծի 7 հոդվածը, ըստ էության, բլանկետային նորմ է, այսինքն դրանով հղում է կատարվում մեկ այլ օրենքի: Այդ կապակցությամբ պետք է նշել, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքը կարգավորում է կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությունը, եւ այդ օրենքի շրջանակներում տեխնիկական ստուգումներ անցկացնելը արդյունավետ չի լինի:
1.7. Նույն հոդվածի 4-րդ մասից անհրաժեշտ է հանել «տեսուչի» բառը:
1.8. Նախագծի 8 հոդվածը սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց եւ սպառողների իրավունքները եւ պարտավորությունները: Այդ առումով պետք է նշել, որէլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձինք եւ սպառողները ունեն բացառապես մեկ իրավունք` վերադասության կամ դատական կարգով բողոքարկել ստուգողների գործունեությունը, իսկ նրանց պարտավորությունները շատ ավելին են: Գտնում ենք, որ անհրաժեշտ է նախագծում վերացնել իրավունքների եւ պարտավորությունների միջեւ ակնհայտ անհավասարությունը:
1.9. Նախագծի 9 հոդվածի 1-ին մասում «հետեւյալ» բառը անհրաժեշտ է տեղափոխել «միջոցները» բառից առաջ:
1.10. Նույն հոդվածի 2-րդ մասը «ա/» տառից առաջ անհրաժեշտ է լրացնել «սույն հոդվածի առաջին մասի» բառերով:
1.11. Նշված հոդվածի նույն մասի շարադրանքից պարզ չէ, թե ինչ գործողությունների հիմնավորման զեկույց ներկայացնելու վերաբերյալ է շարադրանքը: Նույն մասի վերջին նախադասությունը կրում է հրամայական բնույթ, մինչդեռ մեր կարծիքով, շարադրանքը պետք է լինի այլընտրանքային բովանդակությամբ:
1.12. Նախագծով բերված երկու օրենքների նախագծերում էլ բացակայում են օրենքը ուժի մեջ մտնելու մասին դրույթներ պարունակող հոդվածները:
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքինախագծերի վերաբերյալ.
Նախագծով առաջարկվող` ուժը կորցրած ճանաչելու մասին հոդվածները անհրաժեշտ է սահմանել մեկ հոդվածով:
Օրենսդրության վերլուծության եւ
զարգացման վարչություն
Կատարողներ`
Կ. Մելքոնյան
Հ. Իսրաելյան
Ժ. Աբրահամյան