ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
«Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
1. «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին»ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
1.1. Նախագծի 1 հոդվածում «հարցերը» բառը անհրաժեշտ է փոխարինել «հարաբերությունները» բառով, իսկ երկրորդ «սույն» բառից առաջ հոդվածն անհրաժեշտ է լրացնել «սահմանում է» բառով:
1.2. Նախագծի 3 հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձ»-ի տակ նկատի է ունեցվում նաեւ վերջինիս մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, եթե այդպիսիք կան: Այս ասպեկտով ավելորդ է նույն մասում «Հայաստանի Հանրապետությունում գործող դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների)» արտահայտությունը:
1.3. Նախագծի 4 հոդվածի 1-ին մասից անհրաժեշտ է հանել «բնակչությանը» բառը:
1.4. Նախագծի 4 հոդվածի 2-րդ մասի 6-րդ պարբերությունում «սննդով ապահովում» բառերը անհրաժեշտ է փոխարինել «սննդամթերքի վաճառք» բառերով:
1.5. Նույն հոդվածի 9-րդ պարբերությունում շարադրված «դեղանյութեր» սահմանումը անհրաժեշտ է ներդաշնակեցնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի սահմանումներին:
1.6. Նույն հոդվածում անհրաժեշտ է միատեսակ սահմանել «լցովի» թե՞ «լցնովի» վաճառքի կազմակերպման մասին է գնում խոսքը:
1.7. Նույն հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետի 6-րդ պարբերությունում «առեւտրական» բառն անհրաժեշտ է փոխարինել «առեւտրային» բառով:
1.8. Նախագծի 6 հոդվածի վերջին պարբերությունում «ֆիսկալային» եւ «ֆիքսում» բառերը անհրաժեշտ է փոխարինել հայերեն հոմանիշներով:
1.9. Նախագծի 7 հոդվածում անհրաժեշտ է սահմանել, թե հսկիչ-դրամարկղային մեքենաները ինչ ժամկետում եւ ինչ կարգով են գրանցվում հարկային մարմիններում:
1.10. Նախագծի 11 հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «կամ» բառը անհրաժեշտ է փոխարինել «եւ» բառով, իսկ «մեքենայի ներդրումը» բառերը` «մեքենա ներդնելը» բառերով:
1.11. Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ում համար տեսանելի մասում կամ վայրում պետք է փակցվի համապատասխան հայտարարությունը: Նույն մասի 3-րդ պարբերությունում անհրաժեշտ է սահմանել, որ համապատասխան պատասխանատվության ենթարկելուց հետո կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պարտավոր են սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենա ներդնել: Նույն մասում «կամ» բառը անհրաժեշտ է փոխարինել «եւ» բառով: Նույն մասի նախավերջին պարբերությունում անհրաժեշտ է լրիվ շարադրել «ՀՀ ԿԱ» եւ «ՀՀ» հապավումները:
2. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ կամ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Կ. Մելքոնյան
Գ. Կիրակոսյան
Ա. Գալստյան