ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Սույն օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

  1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի 8-րդ հոդվածի նոր խմբագրությամբ տեքստը, հստակեցման, տարընթերցումների եւ Օրենքի 10-րդ հոդվածի հետ հակասության բացառման նպատակով, առաջարկում ենք շարադրել հետեւյալ տեսքով` «Պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող զինծառայողներին եւ նրանց հավասարեցված անձանց իրենց ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:
  2. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող տեքստի հստակեցման նպատակով առաջարկում ենք այն շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «8 տարուց ավելի զինվորական ծառայության յուրաքանչյուր 1 լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակն ավելանում է ամսական դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 1 տոկոսի, բայց ոչ ավելի քան 5 տոկոսի չափով, իսկ 25 տարուց ավելի արտոնյալ հաշվարկով զինվորական ծառայության եւ այլ բնույթի գործունեության ստաժի առկայության դեպքում` 25 տարուց ավելի արտոնյալ հաշվարկով զինվորական ծառայության եւ այլ բնույթի գործունեության 1 լրիվ տարվա համար` 2 տոկոսի եւ 25 տարուց ավելի աշխատած եւ զինվորական ծառայության հետ չկապված 1 լրիվ տարվա համար` 1 տոկոսի չափով:»:
  3. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի 13-րդ հոդվածի նոր խմբագրությամբ տեքստն առաջարկում ենք լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով` «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
  4. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին կետի «հոդվածում» բառն անհրաժեշտ է տեղափոխել «Օրենքի 20-րդ`» բառերից հետո, իսկ 1-ին կետի սկզբում` ավելացնել «2-րդ մասի» բառերը:
  5. Նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, որով նախատեսվում է սույն օրենքի որոշ դրույթների գործողությունը տարածել սույն օրենքի ընդունումից հետո ծագած հարաբերությունների վրա, մեր համոզմամբ, խտրական եւ ոչ հավասար պայամաններ կառաջացնի նույն կատեգորիայի զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց միջեւ` առաջ բերելով նաեւ սոցիալական արդարացի դժգոհություններ: Նույն հիմնահարցի հետ ՀՀ Ազգային ժողովն արդեն առնչվել է այս տարվա հունվար ամսին` կապված օրենքում փոփոխություն կատարելուց հետո նախկին զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկման հետ (նշենք, որ այս հիմնահարցը հաջողվեց լուծել մեծ ջանքերի շնորհիվ, այն էլ ոչ ամբողջությամբ): Ուստի, ակնհայտ բարդություններից խուսափելու նպատակով, առաջարկում ենք նախագծից հանել դրա 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Թամազյան
Ա. Գալստյան
Կ. Մելքոնյան