ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ հայեցակարգային բնույթի նկատառումները:

1. Նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշվում է, որ օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաեւ առանձին օրենքներով: Համաձայնվելով հանդերձ` անհրաժեշտ է նկատել, որ կան բազում հարաբերություններ, որոնք առանձին օրենքներով չեն կարգավորվում, մասնավորապես` օտարերկրյա ներդրողների շրջանակը, օտարերկրյաներդրումների իրականացման տեսակներն ու ձեւերը օտարերկրյաներդրողների իմունիտետը օրենսդրության փոփոխության դեպքում, օտարերկրյա ներդրումների էքսպրոպրիացիան (ազգայնացում, ռեկվիզիցիա, բռնագրավում),ռեինվեստիցիան (վերաներդրումներ) եւ այլն:«Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու դեպքում նշված հարցերը կմնան չկարգավորված կամ ոչ լիարժեք կարգավորված: Իսկ սրանք այն հարցերն են, որոնքառաջնային են օտարերկրյաներդրումների բնագավառում:

Համեմատության համար նշենք, որ ԱՊՀ մի շարք պետություններ, որոնք 1990-ական թվականներին ընդունել էին օտարերկրյա ներդրումները կարգավորող «առաջին սերնդի» օրենքներ, տասնամյակ հետո ընդունել եւ շարունակում են ընդունել օտարերկրյա ներդրումները կարգավորող «երկրորդ սերնդի» օրենքներ, որոնցով փորձ է արվել առավել մանրամասնորեն կարգավորել օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները: Սանշանակում է, որ օտարերկրյա նյութաֆինանսական եւ մտավոր արժեքների խիստ կարիք ունեցող պետություններն ավելի շուտ հակվում են օտարերկրյա ներդրումները կարգավորող իրավանորմերի կոդիֆիկացման:

Այս առումով առաջարկումենք «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը ներկայացնել կամ նոր խմբագրությամբ, կամ էլ` նոր օրենքի նախագծի տեսքով` հնարավորինս ավելի մեծ կոդիֆիկացիայով:

2. Վերոնշյալով հանդերձ ցանկանում ենք միաժամանակ նշել, որ որպեսզի ներկայացված նախագիծը ներառի նախագծի հիմնավորման վերջին պարբերությամբ արտահայտված գաղափարը, այն է. «Նախագծի ընդունման դեպքում դրա ուժի մեջ մտնելու դրությամբ կատարված օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունների նկատմամբ օտարերկրյա ներդրողի ցանկությամբ «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտոնությունները կարող են կիրառվել եւս հինգ տարի», ուստի, առաջարկում ենք նախագծի առաջին հոդվածը լրացնել հետեւյալ արտահայտությամբ. «Բացառությամբ 6-րդ հոդվածի, որը կգործի սույն օրենքի ընդունումից հետո 5 տարվա ընթացքում»:

ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության
վերլուծության եւ զարգացման վարչություն

Կատարողներ`

Ա. Հայկյանց
Ա. Գալստյան
Ա. Դանիելյան
Կ. Մելքոնյան
Ս. Յուզբաշյան
Մ. Գեղամյան
Ա. Քոչարյան