ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հ.Մարգարյանի, Լ.Մկրտչյանի, Գ.Մելիքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել Է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին եւ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Նախագծի վերաբերյալ ունենք հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները.

1. Նախագծի 1 հոդվածումօգտագործվում են «տարածքային կառուցվածքային ստորաբաժանումներ» եւ «առանձնացված ստորաբաժանում» հասկացությունները: Նշենք, որ «առանձնացված ստորաբաժանում» հասկացությունը «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքից հանվել է 2002 թ. դեկտեմբերի 4-ին ընդունված ՀՕ-475-Ն օրենքով: Ինչ վերաբերվում է այն սահմանափակմանը, թե առանձնացված ստորաբաժանում պետք է ստեղծվի ոչ պակաս,քան 100 անդամների առկայությամբ, կարծում ենք, որ այստեղ խոսքը պետք է գնա սոսկ այն մասին, թե յուրաքանչյուր մարզում կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս քան 100 անդամ: Իսկ թե տարածքային կազմակերպություն քանի՞ անդամով կարելի է ձեւավորել, կամբացի տարածքային ստորաբաժանումներից այլ կառուցվածքային ստորաբաժանում պետք է ստեղծել, թե ոչ` դա յուրաքանչյուր կուսակցության ներքին խնդիրն է:

Նշված հոդվածում ավելորդ է նաեւ «ներառյալ Երեւանում» բառակապակցությունը, քանի որ ՀՀ Սահմանադրության 108 հոդվածի համաձայն. «Երեւան քաղաքը ունի մարզի կարգավիճակ», հետեւաբար` «բոլոր մարզերում» բառակապակցությունը իր մեջ ներառում է նաեւ Երեւանը:

Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք նախագծի 1 հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Կուսակցությունը պարտավոր է ունենալ ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում` ոչ պակաս, քան 100 անդամ: Կուսակցությունը պարտավոր է տարածքային կառուցվածքային ստորաբաժանումներ ունենալ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում»:

2. Նախագծի 2-րդ հոդվածում «2/3-ից» արտահայտությունը անհրաժեշտ է փոխարինել «ՀՀ բոլոր մարզերից» բառակապակցությամբ: Այլապես կստացվի, որ կուսակցությունը, անցկացնելով համագումար, որին մասնակցում են պատվիրակներ ՀՀ մարզերի 2/3-ից, չի կարող գրանցվել, քանի որ նախագծի 1 հոդվածովառաջարկվող փոփոխությամբ կուսակցությունը պետք է տարածքային կառուցվածքային ստորաբաժանումներ ունենա ՀՀ բոլոր մարզերում:

3. Նախագծի 3 հոդվածի համաձայն Կուսակցությունները պարտավոր են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում իրենց ծրագիրը, կանոնադրությունը եւ տարածքային ընդգրկումը համապատասխանեցնել օրենքի պահանջներին: Նշենք, որ իրավական տեխնիկայի առումով այս հոդվածը, ինչպես նաեւ նախագծի 4 հոդվածի 2-րդ պարբերությունը ցանկալի կլիներ շարադրել«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի վերջում:

Բացի այդ, պարզ չէ, թե կուսակցությունները նշված օրենքի ընդունման կապակցությամբ ինչու պետք է կարիք ունենանիրենց ծրագիրը եւ կանոնադրությունը փոփոխելու կամ դրա անհրաժեշտության մասին ծանուցելու: Կարծում ենք, որ խոսքը պետք է վերաբերվի սոսկ տարածքային ընդգրկմանը եւ անդամների թվաքանակին:

4. Նշենք նաեւ, որ նախագծում տրված չէ այն մեխանիզմը, որով վերահսկողություն պետք է սահմանվի նախագծում ամրագրված դրույթների պահպանման նկատմամբ: Սահմանված չէ այդ դրույթների խախտման համար նախատեսված պատասխանատվություն, վերջինիս կիրառման կարգը եւ միջոցները: Ինչի հետեւանքով ներկայացված տեսքով ընդունվելու դեպքում նախագիծը կունենա սոսկ հռչակագրային բնույթ, ինչը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի. «Նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումը անհնար է կամ անընդունելի կամ որոնց չկատարման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն »:

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ս. Յուզբաշյան
Ա.Սարգսյան