ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված նախագծերը համապատասխանում են «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Վերլուծության արդյունքում պարզվել է, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում (այսուհետ` Նախագիծ) առկա են մի շարք բացթողումներ եւ թերություններ, ինչպես նաեւ առանձին հայեցակարգային բնույթի` իրավական եւ իրավաբանական նշանակություն ունեցող անճշտություններ:

Ստորեւ ներկայացվում են փորձաքննության արդյունքները.

1. Նախագծի 1 հոդվածում սահմանված օրենքի կարգավորման առարկան անհրաժեշտ է վերանայել` բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ֆինանսատնտեսական հարաբերությունները սույն օրենքով կարգավորելու նպատակահարմարության տեսանկյունից, քանի որ դրանք կարգավորվում են այլ օրենքներով:

2. Նախագծի 2 հոդվածի 1-ին մասի «բնագավառը կարգավորվում է» բառերն անհրաժեշտ է փոխարինել «բնագավառի հարաբերությունները կարգավորվում են» բառերով:

Նույն հոդվածի 1-ին մասից անհրաժեշտ է հանել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով» բառերը:

3. Նախագծի3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բարձրագույն մասնագիտական կրթություն է համարվում առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հենքի վրա բակալարի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի ծրագրերով իրականացվող կրթությունը:

Այս դրույթում «մագիստրոսի» բառը տեղին չէ, քանի որ մագիստրոսի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթության հիմքում ոչ թե միջնակարգ ընդհանուր կրթությունն է, այլ բակալավրի ծրագրով ստացված կրթությունը:

Նույն դրույթի «ծրագրերով» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «բարձրագույն ուսումնական հաստատությունում» բառերը:

Միաժամանակ, նույն հոդվածի 4-րդ մասի «սահմանված կարգով» բառերն անհրաժեշտ է տեղափոխել «հաստատություն» բառից հետո, իսկ 8-րդ մասի «սովորողի» բառն անհրաժեշտ է փոխարինել «ուսանողի» բառով եւ Նախագծի տեքստում դրանք ներդաշնակեցնել:

Նույն հոդվածի 11-րդ մասի, 5 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, ինչպես նաեւ Նախագծի տեքստի «կրեդիտային համակարգ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «տեղեկությունների համակարգ», կամ «վարկանիշային համակարգ», կամ «չափանիշների համակարգ», կամ «գնահատման համակարգ», կամ «միավորների համակարգ», որը բխում է հասկացության բովանդակությունից: Հավանաբար, այն թարգմանվել է անգլերեն “credit” բառից, որը բառացի նշանակում է ուսումնական հաստատությունում որեւէ դասընթաց անցնելու հավաստում (ստուգարք):

Նույն հոդվածի 3-րդ մասում «սահմանված կարգով» բառերն անհրաժեշտ է տեղափոխել «ընդունված» բառից առաջ:

4. Նախագծի 4 հոդվածում որպես պետական քաղաքականության սկզբունք ամրագրված չէ հավատարմագրված պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, հետեւաբար եւ նրանց ուսանողների իրավահավասարությունը, մինչդեռ դրա փոխարեն այն որպես պետական քաղաքականության խնդիր ամրագրված է նախագծի 5 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում:

5. Նախագծի 4 եւ 5 հոդվածներում բովանդակային առումով ոչ հստակ են ձեւակերպված բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, խնդիրները եւ մեթոդները: Շփոթմունքը ձեւական բնույթ չի կրում, այն կարող է հանգեցնել իրավական եւ իրավաբանական հետեւանքների: Դիտողության էությունը կայանում է նրանում, որ սկզբունքները ղեկավար գաղափարներ են, իսկ խնդիրները` սկզբունքների կենսագործման ուղղություններ: Մեթոդներն այն եղանակներն են, որոնց կիրառման միջոցով հնարավոր էիրականացնել խնդիրները: Այսպես, նախագծի 5 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` խնդիր է համարվում «հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավահավասարության ապահովումը` անկախ սեփականության ձեւից»: Կասկած չի հարուցում, որ իրավահավասարության ապահովումը (խոսքը վերաբերում է ձեւական-իրավական իրավահավասարությանը) ղեկավար գաղափար է, այն առանցքային է օրենքի բոլոր դրույթների համար, ունի համակարգակառուցվածքային նշանակություն, բխում է միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքից եւ չի կարող գնահատվել ոչ այլ ինչ, քան` սկզբունք, որը նպատակ, միջոց կամ խնդիր չէ:

Նույն տրամաբանությամբ, սակայն, այլ հատկանիշներով, վերլուծելով օրենքի նախագծի 4 հոդվածի 1-ին մասի 5, 6, 7 եւ 8-րդ կետերը, ինչպես նաեւ 5 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, հանգել ենք եզրակացության, որ շփոթմունք է առաջացել հիշյալ դրույթների բովանդակության եւ դրանք սկզբունքներին եւ խնդիրներին դասելու հարցում:

Ընդհանրապես, Նախագծի 4 եւ 5 հոդվածների վերլուծությունը, նույն օրենքի նախագծի 1 հոդվածի համատեքստում, վկայում է, որ բաց է մնացել քննարկվող բնագավառի պետական քաղաքականությունը: Սկզբունքները, խնդիրները եւ մեթոդները չեն կարող փոխարինել պետական քաղաքականության բովանդակությանը: Այս բացթողումը կարող է դիտվել որպես հայեցակարգային թերություն:

6. Նախագծի 4 հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանված դրույթը հակասության մեջ է մտնում «Կրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան սկզբունքի հետ, որն ունի ավելի ընդհանրական նշանակություն, քան նախագիծն է: Ընդ որում, «Կրթության մասին» ՀՀ օրենքում առկա է սահմանափակում սուբյեկտային առումով: Առաջարկում ենք քննարկել համապատասխանեցման խնդիրը` ցանկացած տարբերակով:

Նույն հոդվածի 8-րդ կետից առաջարկվում է հանել «(սփյուռքի համար)» բառերը:

7. Նախագծի 6 հոդվածի եւ Նախագծի տեքստի «Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության» արտահայտությունից անհրաժեշտ է հանել «գործող» բառը:

Նույն հոդվածի 2-րդ մասի եւ 15 հոդվածի 1-ին մասի «բուհ» բառը անհրաժեշտ է փոխարինել «բարձրագույն ուսումնական հաստատություն» բառերով:

Նույն հոդվածի 2-րդ մասի «եւ» շաղկապն անհրաժեշտ է փոխարինել «ինչպես նաեւ» բառերով, որպեսզի նպաստը տրվի նշված պայմաններից որեւէ մեկի առկայության դեպքում: Անհրաժեշտ է որոշակի առաջադիմության պայմաններ սահմանել նաեւ սոցիալապես անապահով ուսանողների համար, այլապես ստացվել է այնպես, որ միայն սոցիալապես անապահով լինելու հանգամանքը բավարար է նպաստ ստանալու համար:

8. Նախագծի 8 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը անհրաժեշտ է վերախմբագրել հետեւյալ բովանդակությամբ`

«2) եվրոպական եւ այլ երկրների կրթական տարածքներում ներգրավման հնարավորությունները.»

Անհրաժեշտ է նմանօրինակ փոփոխություն կատարել նաեւ Նախագծի այլ հոդվածներում:

Նույն հոդվածի 2-րդ մասի 2 կետի «պրակտիկաների» եւ 13 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «պրակտիկայի» բառերն անհրաժեշտ է փոխարինել հայերեն հոմանիշով:

9. Հարկ է նշել, որ ներկայացված Նախագիծը սերտորեն փոխկապակցված է մի շարք կոնվենցիաների, ինչպես նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքի հետ, եւ եթե միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից Նախագիծը հիմնախնդիրներ չի առաջացնում, ապա «Կրթության մասին» ՀՀ օրենքի հետ կան որոշակի հակասություններ:

Այսպես` Նախագծի 9 հոդվածի 4-րդ մասում նշված են բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի ուսուցման տեւողությունները, որտեղ մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար սահմանված է առնվազն մեկ տարի, որը հակասում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 22-րդ կետին, համաձայն որի մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար սահմանված է՝ երկամյա ժամկետ:

Նույն հոդվածի 2-րդ մասում «պահպանված» բառը անհրաժեշտ է փոխարինել «պահպանվում» բառով:

10. Նախագծի 15 հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության եւ 6-րդ մասի «քան երկու ժամկետ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «քան երկու անգամ» բառերով:

Նույն հոդվածից անհրաժեշտ է հանել «(փակ)» բառը, քանի որ քվեարկության գաղտնիությունը իմաստային առումով լրիվ հասկանալի է եւ լրացուցիչ պարզաբանման կարիք չունի:

Նույն հոդվածի 8-րդ մասի «ռազմավարական» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել «կրթական» բառը:

11. Նախագծի 16 հոդվածի 3-րդ մասի 4-րդ ենթակետի «կամ» շաղկապը անհրաժեշտ է փոխարինել «եւ» շաղկապով:

12. Նախագծի 22 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերն առաջարկում ենք վերախմբագրել ամբողջությամբ` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը եւ դրանից բխող օրենքները:

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) վերաբերյալ ներկայացվում են հետեւյալ դիտողությունները:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի համաձայն. «Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:» Մինչդեռ Նախագծերում այդ ժամկետը չնախատեսելը կհանգեցնի նրան, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը կգործի ավելի ուշ, քանի որ Նախագծի 29 հոդվածում ամրագրված է, որ «սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից:»

Վերոհիշյալից բացի, Նախագծերից չի երեւում, թե դրանք ուժի մեջ մտնելուց հետո որ ուսումնական տարվանից կգործեն:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ս.Յուզբաշյան
Մ. Սողոմոնյան
Ա. Քոչարյան
Ա. Գրիգորյան