ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսական հողերի մելիորացիայի մասին»
ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Գյուղատնտեսական հողերի մելիորացիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ)քննարկվել է ԱԺ աշխատակազմի Օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության քաղաքացիական-տնտեսական օրենսդրության փորձաքննության եւ տնտեսական քաղաքականության վերլուծության բաժիններում:
Ներկայացված օրինագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:
Ներկայացված նախագիծն ունի հետեւյալ թերությունները, մասնավորապես`
1. Նախագծի 2 հոդվածում «արմատական» բառերը նպատակահարմար է փոխարինել «էական» բառերով:
2. Նույն հոդվածի «մելիորացված» եւ «մելիորատիվ հողերի» սահմանումներն, ըստ էության, մեկը մյուի անցյալ կատարյալ ձեւերն են, հետեւաբար անհրաժեշտ է դրանք ներդաշնակեցնել:
3. Նախագծի 3 հոդվածի 2-րդ մասը կրկնում է ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի համապատասխան դրույթը, որի նորմերը գործում են անմիջականորեն եւ օրենքի տեքստում դրանք կրկնելը, այն էլ` սխալ շարադրանքով, գտնում ենք ոչ նպատակահարմար:
4. Նախագծի 5 հոդվածում «իրավասություններ» բառերն անհրաժեշտ է շարադրել եզակի թվով:
5. Նախագծի 6 հոդվածում «մոնիտորինգ» եւ «ստանդարտներ» բառերն անհրաժեշտ է փոխարինել հայերեն հոմանիշներով` մշտադիտարկում կամ դիտանց, եւ չափորոշիչներ:
6. Նույն հոդվածում անհրաժեշտ է տարանջատել, թե թվարկված իրավասությունները ո՞ր մարմիններին են պատկանում:
7. Նախագծի 7 հոդվածի 1-ին մասն իմաստազուրկ է, բացի դա, «հաշվառուման» բառն անհրաժեշտ է փոխարինել «հաշվառման» բառով:
8. Նախագծի 10 հոդվածում «հողամասերի» բառն անհրաժեշտ է շարադրել եզակի թվով, բացի դա, հոդվածի 2-րդ մասի շարադրանքը բացառում է հողամասի սեփականատիրոջ կողմից ինքնուրույն մելիորատիվ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը` սահմանված չափորոշիչներին եւ կանոններին համապատասխան:
9. Նախագծի 11 եւ 12 հոդվածների վերնագրերը չեն համապատասխանում դրանց տեքստին:
10. Նախագծի 16 հոդվածն ավելորդ է: Դրա փոխարեն անհրաժեշտ է նախագծի 5 գլխում նախատեսել հոդված, որը կվերաբերեր օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությանը:
Օրենսդրության վերլուծության եւ
զարգացման վարչության
Քաղաքացիական-տնտեսական օրենսդրության
փորձաքննության բաժնի վարիչ Կ. ՄԵԼՔՈՆՅԱՆ
Տնտեսական քաղաքականության
վերլուծության բաժնի վարիչ Ա. ԳԱԼՍՏՅԱՆ