ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գ. Ավետիսյանի, Գ. Մխեյանի, Ս. Շահգալդյանի եւ Մ. Պետրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով նախատեսված «Մարդու արյան եւ նրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին: Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.
- Նախագծի նախաբանում առաջարկվում է բացել «ՀՀ» հապավումը, իսկ «կանոնակարգում» բառը փոխարինել «կանոնակարգվում» բառով:
- Նախագծի նախաբանից հետո Նախագծի գլուխների ցանկն ավելորդ է:
- «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40 հոդվածի 3-րդ կետի եւ 41 հոդվածի 7-րդ կետի համաձայն. Իրավական ակտի վերնագիրը , ինչպես նաեւ իրավական ակտի գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով: Այս կապակցությամբ առաջարկում ենք վերանայել նաեւ Նախագիծը գլուխների բաժանելու նպատակահարմարությունը, քանի որ նույն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի 4-րդ մասի համաձայն. Զգալի [1] ծավալով իրավական ակտերի` բովանդակությամբ համասեռ հոդվածները (կետերը) միավորվում են գլուխներում:
- Նախագծի վերնագրում եւ գրեթե բոլոր հոդվածներում օգտագործվում է «մարդու արյան եւ նրա բաղադրամասեր» բառակապակցությունը, որը իմաստային առումով սխալ է: Առաջարկվում է «նրա» անվանական դերանվան փոխարեն օգտագործել «դրա» ցուցական դերանունը:
- Նախագիծն ամբողջական դարձնելու նպատակով առաջարկվում է ավելացնել նոր 1 հոդված(համապատասխանաբար փոփոխելով մյուս հոդվածների հերթական համարները) հետեւյալ վերնագրով եւ բովանդակությամբ.
«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման բնագավառում
Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում ենՀայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, սույն օրենքին համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:»
Վերը նշված հոդվածի ավելացման առիթով անհրաժեշտ է հանել Նախագծի 25 հոդվածը:
- Նախագծի 1 հոդվածի վերնագիրն առաջարկվում է շարադրել հետեւյալ կերպ. «Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները», իսկ նույն հոդվածի 1-ին մասը` «Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները», քանի որ հնարավոր է, որ մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման բնագավառում նույն հասկացությունները կիրառվեն փոքր-ինչ այլ` ավելի լայն կամ ավելի նեղ իմաստներով:
- Նախագծի 1 հոդվածում տրամաբանական հերթականության պահպանման նպատակով առաջարկվում է մարդու արյան հասկացությունը պարզաբանող մասը բերել արյան բաղադրամաս հասկացությունը պարզաբանող մասից առաջ:
- Նախագծի 1 հոդվածի «արյան դոնոր» բառակապակցության մեջ առաջարկվում է «արյան » բառից հետո ավելացնել «եւ դրա բաղադրամասերի » բառերը, իսկ հասկացության մեջ` «պրակտիկ առողջ անձ» արտահայտությունը փոխարինել «սահմանված կարգով բժշկական հետազոտություն անցած անձ» արտահայտությամբ, քանի որ ամեն դեպքում անձի պրակտիկ առողջ լինելու հանգամանքը կարող է որոշվել միայն սահմանված կարգով անցկացված բժշկական հետազոտության արդյունքում, որը նաեւ Նախագծի այլ հոդվածների պահանջն է: [2]
- Նախագծի 1 հոդվածի արյան ծառայության հասկացությունն առաջարկվում է վերախմբագրել այնպես, որպեսզի այդպիսի ծառայություն հանդիսանա միայն բժշկական հաստատությունը` թեկուզեւ անկախ կազմակերպական-իրավական ձեւից:
Նույն մասում «որոնք իրականացնում են» բառերն անհրաժեշտ է փոխարինել «որն իրականացնում է» բառերով:
- Նախագծի 1 հոդվածի մարդու արյան եւ նրա բաղադրամասերի դոնորության հասկացությունն առաջարկվում է վերախմբագրել հետեւյալ կերպ. «մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորություն - արյան եւ դրա բաղադրամասերի հանձնման կամավոր ակտ (այսուհետ` արյան դոնորություն)»:
- Նախագծի 1 հոդվածի 11-րդ մասի համաձայն փոխներարկաբանը արյան դոնորության եւ փոխներարկման բոլոր փուլերի համար պատասխանատու բժիշկն է, սակայն նախագծում հստակեցված չեն այդ փուլերը: Ավելին, Նախագծի 1 հոդվածում հիշատակվում են արյան հավաքման, պահպանման եւ բուժհաստատություններին տրամադրման փուլերը, 8 հոդվածում նշվում են մարդու արյան եւ նրա բաղադրամասերի ստացման, մշակման ու պահպանման գործառույթները, 16 հոդվածում խոսվում է մարդու արյան եւ նրա բաղադրամասերի հավաքագրման, մշակման ու պահպանման մասին, իսկ 19 հոդվածում` արյան, նրա բաղադրամասերի հավաքագրման, մշակման, պահպանման եւ պատրաստուկների օգտագործման մասին: Ուստի առաջարկվում է վերոհիշյալ դրույթները համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 4-րդ մասի պահանջներին, որի համաձայն. «4. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:
- Նախագծի 3 հոդվածի «բ» կետի «բուժհաստատությունների» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «համար» բառը, իսկ նույն հոդվածի «գ» կետի «բուժհաստատությունների» բառը փոխարինել«բուժհաստատություններում» բառով:
Նույն հոդվածի «դ» կետի «Հանրապետության» բառն անհրաժեշտ է փոխարինել «Հանրապետությունում» բառով:
- Նախագծի 4 հոդվածի որոշ դրույթներ կրկնում են 1 հոդվածի դրույթները, որը հնարավորինս պետք է բացառվի համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 2-րդ մասի: Ավելին, անհրաժեշտ է հստակեցնել, թե ով կարող է լինել դոնոր` յուրաքանչյուր անձը (հոդված 1), քաղաքացին (հոդվածներ 4, 9), Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացին, թե քաղաքացիություն չունեցող անձը (հոդված 2)
- Նախագծի 4 հոդվածի «մասնագետ» բառն ավելորդ է, քանի որ 1 հոդվածում տրված փոխներարկաբանի հասկացությունն ուղղակիորեն պահանջում է համապատասխան որակավորման առկայություն:
- Նախագծի 5 հոդվածում անհրաժեշտ է «կառավարության» բառից առաջ եւ «հաստատվում» բառից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը, իսկ «ԱԺ» հապավումը` բացել:
- Նախագծի 6 հոդվածի «օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նվիրատվությունները» արտահայտությունը ավելորդ է, քանի որ դրան նախորդող «բարեգործական նվիրատվությունները» կետում այն արդեն իսկ ներառված է:
- Նախագծում անհրաժեշտ է հստակեցնել «ՀՀ Առողջապահության նախարարության», «ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի» եւ «համապատասխան գերատեսչության» լիազորությունները, կամ, որն ավելի նպատակահարմար է, օգտագործել դրանցից մեկը:
- Նախագծի 8 հոդվածում եւ դրա վերնագրում, ինչպես նաեւ 10 հոդվածում «պետական եւ տեղական կառավարման մարմիններ» արտահայտությունն անհրաժեշտ է փոխարինել «պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ» արտահայտությամբ:
- Նախագծի 9 հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ կերպ. «Պետական եւ ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկությունների, ընկերությունների ղեկավարների պարտականությունները մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորությանը աջակցելու բնագավառում:»
Ի դեպ, նույն հոդվածի 1-ին մասում բացակայում են «պետական եւ ոչ պետական» բառերը
- Նախագծի 9 հոդվածում «հասանելիք» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով սահմանված» բառակապակցությամբ: Իսկ վերնագրի «ձեռնարկությունների, հիմնարկությունների եւ ընկերությունների» բառերը անհրաժեշտ է փոխարինել «հաստատությունների» բառով:
- Նախագծի 10 հոդվածի վերնագրում «Բնակչության» բառն ավելորդ է:
Նույն հոդվածն առաջարկվում է շարադրել հետեւյալ կերպ. «Հայաստանի Հանրապետությունում գործող Կարմիր Խաչի եւ այլ հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրությամբ նախատեսվում է աջակցություն ցուցաբերել ազգաբնակչության առողջության պահպանմանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ մասնակցում են մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպմանը, զարգացմանը, ֆինանսավորմանը, ինչպես նաեւ բուժական նպատակներով մարդու արյան եւ դրա բաղադրամասերի կամավոր եւ անհատույց հանձնման քարոզչությանը:
- Նախագծի 11 հոդվածի 2-րդ մասում անհասկանալի է, թե ովքեր են «Առողջապահության պատասխանատուները»:
Նույն հոդվածի 3-րդ մասի «կատարվում է» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «անվճար» բառը, որից հետո դնել ստորակետ:
Նույն հոդվածի 4-րդ մասի «դոնորության գործընթացի իրականացման» բառերը նպատակահարմար է փոխարինել հասկացությունների ցանկում տրված «դոնացիայի» բառով, եթե դրանց իմաստները նույնն են:
Նույն հոդվածի վերջին մասի «Արյունատվությունից» բառն անհրաժեշտ է փոխարինել Նախագծում օգտագործվող եւ նույն իմաստն արտահայտող այլ տերմինով, իսկ վերջակետի փոխարեն դնել ստորակետ եւ ավելացնել հետեւյալ արտահայտությունը. «որի մասին նախապես տեղեկացվում է»:
Այնուամենայնիվ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ վերոհիշյալ դրույթը համահունչ չէ 1997թ. ապրիլի 4-ի Օվյեդոյի կոնվենցիայի [3] ընդհանուր դրույթներին, համաձայն որի. «Ցանկացած բժշկական ներգործության համար պահանջվում է անձի համաձայնությունը: Ընդ որում տվյալ անձը կարող է յուրաքանչյուր պահի անարգել հետ վերցնել իր համաձայնությունը» [4] :
23.Նախագծի 12 հոդվածի «ձեռնարկության» եւ «հիմնարկի» բառերը անհրաժեշտ էփոխարինել համապատասխանաբար «կազմակերպություն» եւ «կազմակերպության» բառերով:
24.Նախագծի 13 հոդվածի «գումարային» բառն անհրաժեշտ է փոխարինել մեկ այլ բառով, քանի որ այն ավելի շուտ ընկալվում է դրամական իմաստով:
Նույն հոդվածի 2-րդ մասում անհասկանալի է, թե ինչ է հասկացվում «համապատասխան բյուջե» ասելով, իսկ 4-րդ մասում ընդհանրապես չի նշվում, թե որ բյուջեի մասին է խոսքը:
25.Նախագծի 14 հոդվածով նախատեսված «Պատվավոր դոնոր» նշանը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ուստի կարող է նախատեսվել միայն այլ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելուց հետո:
Այնուամենայնիվ, հոդվածը չի կարող սկսվել փոքրատառով «այս անձինք» բառերով, «քաղաքային» բառը ռուսերեն « муниципальный » բառի ոչ տեղին թարգմանությունն է, «առաջնահերթ» բառն անհրաժեշտ է փոխարինել «արտահերթ» բառով, իսկ «թանկարժեքից» բառը` «թանկարժեք մետաղից պատրաստվածից» բառերով:
26.Նախագծում անհրաժեշտ է ներդաշնակեցնել եւ նույնացնել «բուժհաստատություն» (հոդվածներ 1, 3), «բուժ հիմնարկ» (հոդված 14), «բժշկական հիմնարկություն» (հոդված 16) եւ այլ նման արտահայտությունները:
27.Նախագծի 16 հոդվածի առկայությունը ավելորդ է, իսկ դրա դրույթները կարելի է զետեղել 1 հոդվածում:
28.Նախագծի 18 հոդվածի «պահածոյացված հեղուկներ» բառակապակցությունն անհրաժեշտ է փոխարինել այլ արտահայտությամբ, քանի որ ռուսերեն « консервирующий раствор » արտահայտության իմաստը պետք է ունենա:
Նույն հոդվածի 2-րդ մասը խմբագրման կարիք ունի. Նպատակահարմար է օգտագործել «կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը» արտահայտությունը:
29.Նախագծի 19 հոդվածում եւ դրա վերնագրում անհրաժեշտ է հստակեցնել, թե ում մասին է խոսքը գնում` առողջապահական հիմնարկների պատասխանատու (ճիշտ է` «պաշտոնատար») անձանց, թե բուժ հիմնարկների ղեկավարների մասին:
Նույն հոդվածի «ղեկավարները» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «օրենքով սահմանված կարգով» բառերը:
30.Նախագծի 22 հոդվածի վերնագրից անհրաժեշտ է հանել «իրավունքներն» բառը, քանի, որ հոդվածը վերաբերում է միայն փոխներարկաբանի պարտականությանը:
31.Նախագծի 22 հոդվածի «Առողջապահության նախարարության» բառերը անհրաժեշտ է փոխարինել «լիազոր մարմինը» բառով:
Նույնը վերաբերում է Նախագծի 24 հոդվածին:
32. Նախագծի 23 հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է «եւ» շաղկապը տեղափոխել «փոխանակման» բառից հետո, որից հետո ավելացնել «արտահանման» բառը:
33. Նախագծի 24 հոդվածում անհրաժեշտ է «վթարների» բառից հետո ստորակետը հանել եւ ավելացնել «եւ այլ» բառերը:
34. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի 5 մասի համաձայն. «5. Հոդվածները եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Ենթակետերը կարող են համարակալվել արաբական թվանշաններով կամ հայերենի այբուբենի փոքրատառերով:»
Այս կապակցությամբ առաջարկվում է Նախագծում տեղ գտած «, ***, - - -» նշանները փոխարինել հայերեն այբուբենի փոքրատառերով:
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1 մասի 2-րդ պարբերությամբ թույլատրվում է թարգմանության ոչ ենթակա իրավական, ֆինանսական, տեխնիկական եւ այլ տերմինները գրել հայերեն տարադարձությամբ, այնուամենայնիվ, նույն հոդվածի 2-րդ մասով արգելվում է օտարալեզու տերմինների անհարկի օգտագործումը:Ուստի առաջարկվում է Նախագծում հնարավորինս օգտագործել մասնագիտական եւ այլ տերմինների հայերեն հոմանիշները, եթե դրանք առկա են: Աչքի ընկնող օրինակներից են «դոնացիա», «ռեցիպիենտ», «իմունացում», «պրոպագանդա», «սանատոր-կուրորտային», «պրեպարատ» բառերը:
- «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 3-րդ մասը հստակ թվարկում է, թե իրավական ակտի եզրափակիչ դրույթներում ինչ կարող է սահմանվել: Հետեւաբար, Նախագծի 5-րդ գլխով նախատեսված դրույթները անհրաժեշտ է հանել «Եզրափակիչ դրույթներ» խորագրից եւ շարադրել որպես 4-րդ գլխի շարունակություն:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ .
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ս. Յուզբաշյան
Հ. Իսրաելյան
Կ. Հարությունյան
Ա. Քոչարյան
Ա. Գրիգորյան
[1] Այստեղ եւ հետագայում բառերը շեղվում են մեջբերման իմաստն ընդգծելու համար:
[2] Տես` Նախագծի 4 հոդված
[3] Конвенция о защите прав и достоинства человека в связи с применением достижений биологии и медицины. Սակայն, այդ կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը չի միացել:
[4] Ոչ պաշտոնական թարգմանություն