ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՋՐԻԱԶԳԱՅԻՆՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.

1. Նախագծի վերնագիրը չի համապատասխանում նախագծի բովանդակությանը: Այն ավելի շատ ծրագրային թեզիսների վերտառության տպավորություն է թողնում:

Ընդհանուր բնույթի հիշյալ դիտողությունը վերաբերում է վերնագրին մասնավորապես, ազգային լինելու հանգամանքին: Մեր կարծիքով այն իր բովանդակությամբ չի համապատասխանում ջրի ազգային քաղաքականությանը, քանի որ չի բխում ամբողջ ազգի շահերից, այլ ուղղված է սեփականատիրոջ շահերի պաշտպանությանը: Այդ միտումը ակնհայտ է դառնում Նախագծի արդեն իսկ 5, 6 հոդվածներից, որտեղ սահմանված են օրենքի խնդիրները եւ ջրի քաղաքականության սկզբունքները:

2. Նախագծի 1 հոդվածը, ուր սահմանվում է «օրենքի» նպատակները (այլ ոչ թե «նպատակը») խմբագրման կարիք ունի: Միաժամանակ«տնտեսական եւ էկոլոգիական կարիքներ»-ից բացի անհրաժեշտ է ներառել նաեւ «կենսական կարիքներ»-ի գաղափարը, քանզի տվյալ նախագծում ջուրը դիտվում է ոչ թե որպես մարդու կենսական անհրաժեշտություն, այլ բարեկեցության բաղադրամաս:

3. Նախագծի 6 հոդվածի 1 մասում «Բացի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված սկզբունքներից» արտահայտության անհրաժետությունը չկա, քանի որ նախագծի 3 հոդվածի 1 մասում արդեն իսկ նշվում է, որ « …օրենքի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրքը»: Միաժամանակ ըստ հիշյալ դրույթի, Նախագիծը կոչված է լրացնել ՀՀ ջրային օրենսգրքով սահմանված սկզբունքները, ինչը բնականաբար չի կարող բխել «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» վերնագրով օրենքի բովանդակությունից:

4. Նախագծի 6 հոդվածի 1 մասի 2) կետում ամրագրված սկզբունքն իր ձեւակերպմամբ շատ ավելի նեղ է եւ համադրելի չէ նախագծի 1 հոդվածում ամրագրված նպատակի` «մարդու բարեկեցության ապահովման հետ», իսկ նույն հոդվածի 1 մասի 12) կետում բերված ձեւակերպումն ամենեւին համահունչ չէ սկզբունքներին բնորոշ ձեւակերպումներին:

Այսպես, Նախագծի նույն հոդվածի 4 («առաջարկն է ձեւավորում պահանջարկը » սկզբունքի ապահովումը») եւ 12 կետերը («Ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կառավարման գործընթացում սանիտարական եւ հիգենիկ նորմերի պահպանումը, ըստ ջրօգտագործման համապատասխան տեղանքի իրականացվում են փուլ առ փուլ ») հակասում են նույն հոդվածի 2-րդ կետում ամրագրված «սոցիալապես անապահով խավերի հիմնական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի եւ որակի ջրի մատչելիության ապահովումը» սկզբունքին եւ Նախագծի 1 հոդվածում ամրագրված նպատակներին: Այսինքն` նման դրույթի ամրագրումով ենթադրվում է, որ ներկայումս սանիտարական եւ հիգենիկ նորմերը չեն պահպանվում մեր հանրապետության որոշ բնակավայրերում, ուստի դրանց պահպանումը պետք է իրականացվի փուլ առ փուլ:

Վերը նշված կետերում ամրագրված սկզբունքները (բացի 6 հոդվածի 2-րդ կետից) հակասում են նաեւ մարդու եւ քաղաքացու սահմանադրորեն (հհ. 31, 34 եւ այլ) եւ ՀՀ միջազգային փաստաթղթերով ամրագրված հիմնական (կյանքի, առողջության եւ այլ) իրավունքներին , քանզի եթե քաղաքացին վճարունակ չէ, ուրեմն նա զրկվում է ջուր ունենալու իրավունքից, իսկ ջուրը նրա կյանքի եւ առողջության համար կենսական անհրաժեշտություն ունեցող գործոն է:

Հաշվի առնելով մեր քաղաքացիների որոշ մասի սոցիալական եւ տնտեսական վիճակը, անհրաժեշտ է Նախագծում պատշաճ տեղ հատկացնել նաեւ ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում անհատական մոտեցման նպատակով կառավարման մոդելների ներդրմանը (ինչի մասին ի դեպ հպանցիկ հիշատակվում է 6 հոդվածի 19-րդ կետում) եւ համապատասխան մեխանիզմների հիմնադրմանը:

Նախագծի նույն հոդվածի 1 մասի 15) կետում նշվում է ջրային կառավարման թափանցիկ եւ մասնակցային եղանակների, ինչպես նաեւ գենդերային քաղաքականության սկզբունքների մասին, որը չի համապատասխանում օրենքի նախագծի բովանդակությանը:

5. Նախագծի 7 հոդվածը վերտառվել է «Ջրի ազգային ծրագրի մշակման սկզբունքները»: «Սկզբունք»-ն ընկալվում է որպես ելակետային, հիմնարար գաղափար, որի վրա խարսխվում է գործողությունների համալիրը, մինչդեռ հոդվածի բովանդակությունը պարունակում է ոչ թե այդ հիմնարար գաղափարները, այլ ավելի շուտ առաջարկվող գործողությունները:

Այդ իմաստով քաղաքականության սկզբունքները ավելի շատ բխում են ոչ թե ազգային շահերից, այլ դրանք համաձայն 6 հոդվածի կետ 4-ի«առաջարկն է ձեւավորում պահանջարկը » սկզբունքի» եւ նույն հոդվածի կ. 14-ի «օգտագործողն է վճարում» … եւ ծախսածածկման մոտեցումով ջրային ռեսուրսների կառավարման ապահովումը» եւ այլ կետերի, ուղղված են շուկայական կամ շահույթ հետապնդող մեխանիզմների հիմնադրմանը:

6. Նախագծի 10 հոդվածում 1-ին մասում նախադասությունը կրկնվում է երկու անգամ: Բացի այդ, հիշյալ նախադասության շարադրանքից պարզ չէ այն հանգամանքը, թե ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումը ներառում, սակայն «չի սահմանափակում հետեւյալ ջրօգտագործումնե՞րը», թե՞ «չի սահմանափակվում հետեւյալ ջրօգտագործումներով»:

Նույն մասի ա) կետում«տնտեսական» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել «նաեւ`» բառը, այլապես ստացվում է, որ «տնտեսական»-ը «կենցաղային»-ի համարժեքն է կամ նմանատիպը:

7. Նախագծում նաեւ տեղ են գտել բովանդակությանը չհամապատասխանող եւ դեկլարատիվ դրույթներ (հ.6 կ.15 եւ այլն): Բացի բովանդակային դիտողություններից, հարկ է նաեւ նշել օրենսդրական տեխնիկայի կանոններին վերաբերող, մասնավորապես` կառուցվածքային թերությունները (այսպես` 5 եւ 6 գլուխները բաղկացած են ընդամենը մեկական հոդվածից, առանց բաժինների):

Միաժամանակ Նախագծում առկա են նաեւ լեզվաոճական բնույթի մի շարք ավելորդ եւ ոչ ընդունելի ձեւակերպումներ, որոնց շտկումն անհրաժեշտ է օրենքի նախագիծն ավելի հստակ, պարզ եւ մատչելի դարձնելու համար:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա.Հայկյանց
Կ.Հարությունյան
Յու.Խալաթյան