ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանտների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Բադալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանտների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում

Ներկայացված օրենքի նախագիծը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին, քանի որ վերլուծության արդյունքում հանգել ենք եզրակացության, որ նման տեսքով նախագիծն ընդունվելու դեպքում կծագի անհրաժեշտություն փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մարմիններ մասին» ՀՀ օրենքում:

Միաժամանակ նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները.

1. Օրենքի նախագծի 1 հոդվածի վերնագիրը չի համապատասխանումբովանդակությանը, անի որ տեքստումխոսքը նպատակներին չի վերաբերում:

2.Նախագծի 3 հոդվածի շարադրությունը առաջարկում ենք փոխել, քանի որ Կառավարության կողմից չի որոշվում պետական լիազոր մարմինը: Անհրաժեշտ է նշել, որ պետական լիազոր մարմին ստեղծելու դեպքում պետական բյուջեի ծախսային մասում կառաջանան փոփոխություններ:

3. Նախագծի 4 հոդվածի 1 մասի համաձայն. «Մահացածների հուղարկավորության արդյունքը կարող է լինել նրանց թաղումը կամ դիակիզումը` նրանց կամ նրանց հարազատների համաձայնությամբ»: Տվյալ դեպքում անորոշ է «նրանց` (այսինքն` մահացածների) համաձայնություն ստանալու մեխանիզմը»: Բացի այդ եթե բացակայի նրանց կամ նրանց հարազատների համաձայնությունը, այսինքն` վերջիններիս անհամաձայնության դեպքում իրավական կարգավորումը մնում է բաց:

4.Օրենքի նախագծի 4 հոդվածի 2 մասում նշվում է, որ « Մահացածների թաղումը կամ դիակիզումը կատարվում է ոչ շուտ, քան մահը հասնելուց 24 ժամ հետո, մահվան մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից սահմանված կարգով տրված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում »:Այս դրույթի կապակցությամբ անորոշ է մնում թե ու՞մ պետք է տրվեն փաստաթղթերը եւ ո՞ր փաստաթղթերը պետք է տրվեն: «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի համաձայն տրվում է միայն մահվան վկայականը: Պարզ չէ, թե բացի այդ փաստաթղթից ի՞նչ այլ փաստաթղթեր կարող են պահանջվել 4 հոդվածի 2-րդ մասի համատեքստում:

5. Նախագծի 4 հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասությունում առաջարկվում է ամրագրել հետեւյալ դրույթը. « Մահացածների թաղումը կամ դիակիզումը սահմանված ժամկետից ավելի շուտ եւ ավելի ուշ կարող է կատարվել միայն բժշկական համապատասխան թույլտվություն ունենալու դեպքում »: Նշենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող է միայն կազմակերպվել գերեզմանատների գործունեությունը եւ դրանց պահպանման աշխատանքները, ինչը բխում է « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38 հոդվածի 5-րդ կետում ամրագրված դրույթից: Իսկ թաղում կամ դիակիզում կատարելը չի ներառվում համայնքի ղեկավարի գործունեության պարտադիր կամ պատվիրակած լիազորությունների մեջ: Մինչդեռ «թաղում կամ դիակիզում կատարելը» եւ գերեզմանատների գործունեությունը եւ դրանց պահպանման աշխատանքները կազմակերպելը հավասարազոր հասկացություններ չեն: Ուստի դա պետք է դիտվի որպես պետության կողմից պատվիրակած լիազորություն: Այդ դեպքում այն պետք է ֆինանսավորվի ոչ թե տեղական բյուջեի հաշվին (ինչպես առաջարկվում է նախագծում), այլ պետական բյուջեից դրանց ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին: Դա բխում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի9, 10 եւ 38 հոդվածներից:

6.Ինչ վերաբերում է նախագծի 4 հոդվածի 3-րդ մասին, ապա նախ նշենք, որ խոսքը պետք է վերաբերի ոչ թե գերեզմանատանը կամ դիակիզարանին` որպես տնտեսվարող մարմինների, այլ դրանց կազմակերպական իրավական ձեւին, առանց որը նշելու անհասկանալի է դրանց գործառույթների շրջանակը: Բացի այդ, ենթադրվում է, որ խոսքը պետք է վերաբերի ոչ թե կառույցներին, այլ ստորաբաժանումներին կամ, օրինակ, ծառայություններին:

7.Օրենքի նախագծի 4 հոդվածի վերջին պարբերության համաձայն. « Գերեզմանների բացումն այդ դեպքերում կատարվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով` պետական սանիտարական հսկողության տեղական մարմնի եւ գերեզմանատան ղեկավարության ներկայացուցչի ներկայությամբ, դրա մասին հայտնելով թաղվածի այն հարազատներին, որոնց վրա գրանցված է այդ գերեզմանը: Այդ դեպքում հուղարկավորությունների գրանցման մատյանում կատարվում է համապատասխան գրառում »: Այս դրույթի առնչությամբ առկա է երկու դիտողություն`

ա) իրավաբանական իմաստով ճշգրիտ չենք համարում «գերեզմանատան ղեկավարության ներկայացուցիչ» արտահայտոքւթյունը,

բ)սահմանված չէ ժամանակի մեջ հարազատներին հայտնելու պահը:

Դա կարող է հանգեցնել իրավահաջորդների իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարմանը:

8.Օրենքի նախագծի 5 հոդվածում «օգտվելու» բառը առաջարկում ենք փոխարինել «օգտագործելու» բառով, իսկ 7 հոդվածի 1-ին պարբերությունը առաջարկում ենք վերախմբագրել:

9.Նախագծի 7 հոդվածի 4-րդ մասում նշված պանթեոնների անվանումները, մեր կարծիքով, չեն կարող լինել օրենքով սահմանելու առարկա: Առաջարկում ենք այդ հարցի լուծումը թողնել Կառավարությանը:

10. Առաջարկում ենք նախագծի 7 հոդվածի 4-րդ մասի «... բյուջետային հատկացումների հաշվին` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:» նախադասությունը փոխարինել«... պետական բյուջեի միջոցների հաշվին» բառերով, քանի որ համապետական ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

Նախագծի նույն 7 հոդվածի «համապատասխան սարքավորումներով հագեցված» լինելուն վերաբերող դրույթները չունեն իրավական նշանակություն, դրանք տեխնիկական են իրենց բնույթով, ուստի կարող են ներառվել թաղման կամ դիակիզման աշխատանքների մեջ: Առաջարկում ենք հանել այդ դրույթները:

11. Օրենքի նախագծի 7 հոդվածի վերջին պարբերությունում նշված է. « Գերեզմանատան եւ դիակիզարանի տարածքները պետք է տրանսպորտով կապված լինեն մոտակա բնակավայրի կամ նրա շրջապատի հետ »: Այլ նշումների բացակայության պայամաններում «տրանսպորտ»բառը կարող է մեկնաբանվել ցանկացած տիպի տրանսպորտային միջոց` ներառյալ օդային, երկաթուղային կամ այլ:

12.Նախագծի մանրակրկիտ վերլուծության արդյունքում պարզվել է, որ մի շարք իրավահարաբերություններ, որոնք կարող են ծագել մահացածի դիի նկատմամբ հարգալից վերաբերմունքի արժանանալու հետ, կարգավորված չեն: Բաց է մնացել նաեւ մարդու օրգանների եւ հյուսվածքների հնարավոր ապօրինի օգտագործման խնդիրը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Երեմյան
Ս. Յուզբաշյան
Ա. Գալստյան
Վ. Մանուկյան