ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) քննարկվել է ԱԺ աշխատակազմի Օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրինագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Ներկայացված նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկություններն ու դիտողությունները.

1. Նախագծի 2 հոդվածով առաջարկվող փոփոխության տեքստի «փայաբաժնի կամ միջոցների օտարման» բառերն անհրաժեշտ է փոխարինել «կամ վերակազմակերպման» բառերով:

2. Նախագծի 3 հոդվածի վերջին նախադասությունն առաջարկում ենք շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսավարող սուբյեկտներին չի ազատում քննարկման (հետազոտության) համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ այլ տեղեկատվությունը չներկայացնելու համար սույն օրենքով սահմանված պատասխանատվությունից»:

3. Նախագծի 4 հոդվածով առաջարկվող փոփոխության տեքստում «եկամուտների հայտարարագրերը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը» բառերով` համապատասխան օրենքի տերմինաբանությանը համապատասխանեցնելու նպատակով:

4. Նախագծի 5 հոդվածով առաջարկվող փոփոխության տեքստում առաջարկում ենք «նշված» բառը փոխարինել «տվյալ» բառով:

5. Նախագծի 8 հոդվածով առաջարկվող` Օրենքի 36 հոդվածում`

ա) 1-ին մասում «օրենսդրության» բառը անհրաժեշտ է փոխարինել «այլ օրենքներով» բառակապակցությամբ, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն. «4.Միմիայն օրենքով պետք է սահմանվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված հարցերը, այդ թվում`

ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, բացառությամբ արժութային կարգավորման եւ վերահսկողության ոլորտում սահմանվողների, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը»,

բ) 2-րդ մասի «ապրանքային շուկայում գների» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «արհեստական» բառը,

գ) 5-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել «չբացահայտված տեղեկատվության նկատմամբ» բառակապակցության իմաստը,

դ) 7-րդ մասի սանկցիայից անհրաժեշտ է հանել «մինչեւ» բառը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա.Գալստյան
Ա. Սարգսյան
Կ. Հարությունյան