ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Սամվել Բալասանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերից մեկն է «օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը»:

Օրենքի նախագծում առաջարկվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի առաջին մասի «ժբ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ժբ» ազատազրկման դատապարտվելը»:

Նախագծի հեղինակների կողմից առաջարկվող փոփոխությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ երբ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ` տուգանքի նշանակմամբ, կամ ազատության սահմանափակում չնախատեսող այլ պատժատեսակներ, ապա դա չի կարող քաղաքացիական ծառայողին խոչընդոտել իր պարտականությունների կատարման համար: Նշվում է նաեւ, որ առաջարկվող փոփոխությունը վերադարձ կկատարի սկզբնական տարբերակին:

Օրենքի նախագիծը քննարկվել է երկու ասպեկտներով, որոնցից յուրաքանչյուրի պարագայում առկա են ինչպես դեմ, այնպես էլ կողմ հանգամանքներ:

1) Նախ` Օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի` պատժի նպատակների եւ տեսակների, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների եւ հատուկ կանոնների վերլուծությամբ, ինչը ենթադրել է նաեւ առանձին կատեգորիաների հանցագործությունների բնույթի եւ պատժողական քաղաքականության ուսումնասիրություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 49 հոդվածում նշված պատժատեսակները պայմանականորեն կարելի է բաժանել 2 մեծ խմբի`

ա) ազատազրկման հետ կապված պատժատեսակների

բ) ազատազրկման հետ չկապված պատժատեսակների:

Հարկ է նշել, որ այն պատժատեսակների մի մասը, որոնք ուղղակի կապված չեն ազատազրկման հետ, իրենց մեջ պարունակում են ազատության սահմանափակման տարրեր: ՀՀ քրեական օրենսգրքի 56 հոդվածի առաջին մասի համաձայն, օրինակ, «Ուղղիչ աշխատանքները նշանակվում են երկու ամսից երկու տարի ժամկետով, եւ դատապարտյալը, դատարանի դատավճռում տրված ցուցումի համաձայն, դրանք կրում կամ իր աշխատանքի վայրում, կամ ուղղիչ աշխատանքները տնօրինող մարմինների նշանակմամբ` դատապարտյալի բնակության շրջանի այլ վայրերում»:

Ինչ վերաբերում է ազատազրկման դատապարտմանը, ապա նման պատժատեսակները նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 57, 59 եւ 60 հոդվածներում:

Հեղինակների կողմից առաջարկված խմբագրությամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու դեպքում» օրենքի 33 հոդվածի առաջին մասի «ժբ» կետը փոփոխություն կատարելու դեպքում, այն կիրառելի կլինի ՀՀ քրեական օրենսգրքի 59 եւ 60 հոդվածների իմաստով: Իսկ կալանքը` որպես պատժի տեսակ, թեեւ կապված է ազատազրկաման հետ, սակայն ուղղակիորեն չի ներառվում այդ հասկացության մեջ:

Նշենք նաեւ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 62 հոդվածով նախատեսված են պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ մեղմ պատիժ նշանակելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի առանձին կատեգորիաների հանցագործությունների համար քրեական պատասխանատվության հնարավոր տեսակների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, օրինակ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 114, 115, 117, 118 123, 124, 128,132, 140-142, 177, 178 եւ բազմաթիվ այլ հոդվածներում, որպես այլընտրանքային սանկցիա, նախատեսվում են նաեւ տուգանքը կամ ուղղիչ աշխատանքները: Թվարկածները պատկանում են կյանքի եւ առողջության, սեռական անձեռնամխելիության եւ սեռական ազատության, ինչպես նաեւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կատեգորիաների շարքին:

Քննարկման են արժանի նշված եւ նմանատիպ հանցանքների համար դատապարտված անձանց` քաղաքացիական ծառայողի պաշտոններ զբաղեցնելու կամ պաշտոնավարումը շարունակելու թույլատրելիությունը կամ թույլատրելիության աստիճանը եւ հնարավոր հետեւանքները: Մեր կարծիքով, դա կարող է ստվերել քաղաքացիական ծառայության բովանդակությունը եւ քաղաքացիական ծառայողի պատասխանատվությանը վերաբերող օրենքի սկզբունքները:

2) Օրենքի նախագիծը քննարկվել է համակարգային տեսանկյունից, որի արդյունքում պատկերը հետեւյալն է: ՀՀ մի շարք օրենքներում («ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքներ) եւս նախատեսված է այն հիմքը, որն առաջարկվում է Օրենքի նախագծով: Դա նշանակում է, որ գործող եւ առաջարկվող հիմքերի առնչությամբ դեռեւս լիարժեք միասնականացված չեն մոտեցումները եւ գնահատականները:

Եթե հարցին նայենք նաեւ որոշ հանցագործությունների կատարման տեսանկյունից, որոնք հասարակական մեծ վտանգավորություն չունեն, չեն ստվերում քաղաքացիական ծառայությունը, ապա առաջ է գալիս մտահոգություն քաղաքացիական ծառայությունը վտանգի տակ դնելու առումով: Այսպես, քաղաքացիական ծառայողը կարող է կատարել այնպիսի արարքներ, ինչպիսիք են հարվածելը կամ ծեծելը, կամ վիրավորանք հասցնելը: Ճիշտ է, այդպիսիք կարող են որակվել իբրեւ հանցագործություններ, քաղաքացիական ծառայողը կարող է դատապարտվել եւ որպես նշանակված պատիժ` տուգանք վճարել, սակայն դա որեւէ կերպ չի կարող խոչընդոտել վերջինիս կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարմանը, մինչդեռ գործող հիմքի պարագայում քաղաքացիական ծառայողը պետք է ազատվեր աշխատանքից: Նման տիպի հանցագործություններ շատ կան նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքով, որոնց պարագայում իրոք կարող է վտանգվելքաղաքացիական ծառայության կազմակերպումը:

Ինչպես նկատում ենք, երկու ասպեկտներն էլ խնդրահարույց են: Ուստի անհրաժեշտ է բերված փաստարկների հաշվառմամբ` ցուցաբերել «ոսկե միջին» մոտեցում եւփորձելգտնելառավելնվազխնդրահարույցնորտարբերակ: Որպես քննարկման ենթակա տարբերակ, կարող ենք առաջարկել` սահմանազատել այն պատժատեսակները, որոնք իրենց բնույթով բացառում են քաղաքացիական ծառայությունը շարունակելու հնարավորությունը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Հայկյանց
Ա. Երեմյան