ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանիների եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության է ենթարկվել :

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Ստորեւ ներկայացնում ենք «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանիների եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագների մասին» ՀՀ օրենքի նախագիծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հետեւյալ դիտողությունները:

Նախագծի 6 հոդվածը պարունակում է դրույթներ բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման կարգի վերաբերյալ: Հոդվածը սահմանում է դրույթներ, որոնց համաձայն, օրինակ, կեղծված, չհիմնավորված, ակնհայտ, սուտ տեղեկատվության հիման վրա տրամադրված լիցենզիաների եւ կնքված պայմանագրերի հիման վրա իրականացված որսի արդյունքում սպանված կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սահմանված սակագների եռապատիկի չափով: Իսկ, օրինակ, ուղղակի ապօրինի որսի հետեւանքով կենդանատեսակի ոչնչացման համար վճարվում է սահմանված սակագինը: Այս դրույթները տարակարծության տեղիք են տալիս, քանի որ պարզ չէ թե Նախագծի հեղինակները, բարձրացնելով կենդանատեսակի ոչնչացման համար սահմանված սակագնի վճարման չափը, ի՞նչ նորմ են ուզում սահմանել` պատժատեսակ, պատժաչափ, թե` վնասի հատուցում:

Մեր կարծիքով, դա կենդանատեսակի ոչնչացման համար սահմանված սակագնի վճարման չափ է, այսինքն` վնասի հատուցում, եւ պետք էլինի նույնը, իսկ թե ի՞նչ միջոցներով կամ ձեւերով է դա կատարվել` վերաբերվում է մեկ այլ` քրեա-իրավական կամ վարչա-իրավական բնագավառին:

Հիշյալ առումով, անհրաժեշտ է, որ Նախագծի շարադրանքում հստակեցվի թե Նախագծի հեղինակները ի՞նչ են ուզում սահմանել:

Ըստ այդմ, առաջարկում ենք Նախագծի 6 հոդվածում ներառված դրույթների վերաբերյալ անցկացնել քննարկում, որի հետեւանքով ի հայտ կգա վերը բարձրացված հարցի պատասխանը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Սարգսյան
Ա. Գալստյան
Վ. Էլոյան
Յու. Խալաթյան