ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-05-18.01.2019-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տ. Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի ոչ միայն կիսամյակային, այլեւ ամսական վճարման մեխանիզմը, ինչը, ըստ Նախագծի հեղինակի, հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները: 

3. Նախագիծն ունի ընդգծված սոցիալական նշանակություն եւ տվյալ առաջարկության ընդունման դեպքում զգալիորեն կարող է թեթեւացնել ուսանողների ֆինանսական բեռը, մասնավորապես` հնարավորություն ստեղծելով խուսափելու ուսման վարձի վճարման նպատակով վարկեր վերցնելու անհրաժեշտությունից: Սակայն, կարծում ենք, նպատակահարմար կլինի հարցը քննարկել նաեւ ԲՈւՀ-երի տեսանկյունից, քանի որ ուսման համար գանձվող վճարները (հատկապես մասնավոր ԲՈւՀ-երի համար) եկամտային շատ ազդեցիկ հոդվածներ են նրանց բյուջեների ձեւավորման հարցում: Եթե խոսքը գնում է պետական ԲՈւՀ-երի մասին, ապա տվյալ առաջարկությունը, կարծում ենք, միանգամայն տրամաբանական է, քանի որ պետական բյուջեից ֆինանսավորման հանգամանքը հնարավորություն կտա «հարթեցնել» ուսման վարձերի ամսական պարբերականությամբ հավաքագրման հետ կապված դժվարությունները, իսկ մասնավոր ԲՈւՀ-երի պարագայում (երբ ուսման վարձերը այդ հաստատությունների ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկն են), կարող են առաջանալ ֆինանսական պլանավորման, ինչպես նաեւ կրթական վճարովի ծառայությունների մատուցման դադարեցման ժամկետի որոշման խնդիրներ (մասնավորապես, անհրաժեշտ կլինի սահմանել, թե ե՞րբ կարող է ԲՈւՀ-ը դադարեցնել իր կողմից ծառայությունների մատուցումը, եթե որեւէ ամսվա համար ուսանողը չի կարողացել վճարել ուսման վարձը):  

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                    Մ. Դալլաքյան 

25.01.2019թ.