ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-08-31.01.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գ. Պետրոսյանի, Դ. Մանուկյանի, Շ. Իսայանի եւ Ի. Տոնոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.    Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.    Նախագծով առաջարկվում է փոփոխել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը եւ սահմանել, որ համատեղությամբ աշխատանք կատարողների հետ որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են այն դեպքում, երբ աշխատողն ինքն է նման միջնորդություն ներկայացրել կամ էլ տվել է նման պայմանագրի կնքման գրավոր համաձայնություն:

3. Տվյալ գաղափարն, անշուշտ, բխում է համատեղությամբ աշխատողների շահերից եւ ուղղված է նրանց աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, աշխատատեղերի կայունությանը եւ համահունչ է ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Սակայն, Նախագծով առաջարկվող փոփոխության շարադրանքը, մեր կարծիքով, խնդրահարույց է մի քանի նկատառումներով, մասնավորապես`

ա) Նախագծով առաջարկվող փոփոխության տեքստում «ժամկետային աշխատանքային պայմանագիր» հասկացությունն անհրաժեշտ է փոխարինել «որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր» հասկացությամբ, քանի որ Աշխատանքային օրենսգիրքը «ժամկետային աշխատանքային պայմանագիր» հասկացություն չի պարունակում եւ օգտագործում է բացառապես «որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր» հասկացությունը,

բ)  առաջարկվող խմբագրությամբ Նախագծի տեքստը, կարծում ենք, չի ապահովում Նախագծի հիմնավորման մեջ նշված գաղափարի իրացումը, քանի որ եթե հանենք այդ տեքստի միջանկյալ բառերը եւ նախադասությունները, ապա կստացվի, որ որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաեւ. «համատեղությամբ աշխատողների հետ, … եթե աշխատողը գրավոր չի միջնորդել … ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու … վերաբերյալ.»: Այսինքն, այլ կերպ ասած, եթե աշխատողը գրավոր չի միջնորդում իր հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ, ապա նրա հետ կնքվում է հենց ժամկետային աշխատանքային պայմանագիր, այնինչ` պետք է հակառակը լիներ:

Այս կապակցությամբ, Նախագծի հիմնավորման մեջ նշված ընդունելի գաղափարի իրացման նպատակով, առաջարկում ենք Նախագծով ներկայացված փոփոխությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) համատեղությամբ աշխատողների հետ, բացառությամբ ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների, եթե աշխատողը գրավոր միջնորդել կամ գրավոր ձեւով համաձայնություն է տվել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրով փոխարինելու կամ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի ժամկետը կրճատելու վերաբերյալ.»:  

 

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության սոցիալական 

փորձաքննության բաժնի պետ`                                       Ա. ԳԱԼՍՏՅԱՆ 

08.02.2019թ.