ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-12-11.02.2019-ԳԿ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-121-11.02.2019-ԳԿ-011/0)  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
 


 

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հ. Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.    Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.    Նախագծերի փաթեթի նպատակն է արգելել սոցիալական ցանցերով եւ գովազդի տարբեր միջոցներով ռեֆերատներ, կուրսային, դիպլոմային եւ այլ ավարտական աշխատանքներ կատարելու, գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու ծառայությունների գովազդը, որի կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը:

Չնայած, Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ հեղինակը նշում է. «Պարզ է նաեւ, որ գովազդի արգելումը դեռեւս բավարար նախադրյալ չի կարելի համարել այս պրակտիկան սահմանափակելու համար: Սակայն, նախաձեռնությունը որոշակիորեն կարող է զսպել արատավոր, բայց սովորութային դարձած երեւույթը:», սակայն խնդիրը կայանում է նրանում, որ առանց բուն պատճառի վերացման (նշված ծառայությունների արգելման), այդ ծառայությունների գովազդի արգելման ազղեցությունը, մեր կարծիքով, բավականին թույլ կլինի: Հարկ է նկատի ունենալ նաեւ, որ, ի տարբերություն արտաքին գովազդի, սոցիալական ցանցերով տարածվող գովազդի նկատմամբ վերահսկողությունը եւ արգելքը շատ ավելի բարդ եւ գործնականում դծվար լուծելի խնդիր է: 

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծերի փաթեթը լրացնել եւս երկու նախագծով («Կրթության մասին» ՀՀ օրենքում եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում համապատասխան լրացումներ կատարելու մասին), որոնցով պետք է սահմանվեն նշված ծառայությունների մատուցման արգելքը (այն դիտարկելով որպես արգելված գործունեության տեսակ), ինչն էլ թույլ կտա համեմատաբար հեշտությամբ վերահսկել արատավոր տվյալ երեւույթի ամբողջ շղթան` ծառայության մատուցումից մինչեւ տարբեր միջոցներով դրա գովազդումը: Նշենք նաեւ, որ տվյալ երեւույթի տարածման եւ համապատասխան «պահանջարկի» ձեւավորման գործում իրենց դերն ունեն նաեւ ուսումնական եւ գիտական կազմակերպությունները, որոնց պատասխանատուները շատ հեշտությամբ կարող են բացահայտել ցանկացած աշխատանքի ինքնուրույնության մակարդակը, սակայն մինչ այժմ «չեն նկատում» նշված արատավոր երեւույթը: Ուստի, տվյալ խնդրի ամբողջական լուծման նպատակով, կարծում ենք, համապատասխան քայլեր են անհրաժեշտ իրականացնել նաեւ ուսումնական եւ գիտական հաստատություններում, ինչը, սակայն, դուրս է օրենքի կարգավորման շրջանակներից: 

 

 

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության սոցիալական 

փորձաքննության բաժնի պետ`                                          Ա. ԳԱԼՍՏՅԱՆ 

19.02.2019թ.