ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-13-12.02.2019-ՏՀ-011/0) եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-131-12.02.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ա. Սիմոնյանի կողմից ներկայացված «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը, ըստ դրա հեղինակի, կայանում է հասարակության հատկապես խոցելի շերտերի համար տոտալիզատորով հրապուրվելու վտանգը հնարավորինս նվազեցնելու մեջ, որի կապակցությամբ առաջարկվում է`

- սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորությունը,

- սահմանել տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրելու եւ ելքագրելու հնարավորություն` միայն վճարահաշվարկային համակարգերի միջոցով, բացառությամբ որոշ համայնքներում խաղասրահի միջոցով տոտալիզատորի կազմակերպման դեպքերի, 

- սահմանել այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի օրինական կարգով սահմանափակել մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իրեն եւ իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունը եւ այլն:

3. Նախագծերի փաթեթով հետապնդվող նպատակները, մեր կարծիքով, ունեն ընդգծված սոցիալական բնույթ, թեեւ նշված խնդիրները սերտորեն առնչվում եւ հակասում են նաեւ տոտալիզատորների եւ ինտերնետ շահումով մյուս խաղերի կազմակերպման (որպես տնտեսական գործունեության) ֆինանսատնտեսական ասպեկտին: Մյուս կողմից, ելնելով նաեւ մի շարք հայտնի հանգամանքներից, թերեւս կարելի է արդարացված համարել տվյալ հիմնախնդրի սոցիալ-հոգեբանական ասպեկտին առաջնություն տալու մոտեցումը, սակայն, կարծում ենք, դա կարելի է կատարել միայն այն դեպքում, երբ առաջարկվող նոր իրավակարգավորումներն իրականում կարող են ապահովել դրված խնդիրների լուծումը: Այս կապակցությամբ կցանկայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

4. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետով առաջարկվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր` 1.1-րդ մասով, ըստ որի վիճակախաղի. «Կազմակերպիչը ապահովում է հինգ հարյուր միլիոն դրամի չափով ֆինանսական երաշխիքի առկայություն, որը ապահովում է վիճակախաղերի կամակերպման գործունեության ողջ ընթացքը եւ ուղղված է մասնակիցների շահերի պաշտպանության ապահովմանը: Ֆինանսական երաշխիքը կարող է օգտագործվել միայն վիճակախաղի կազմակերպչի սահմանված եւ լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան` վիճակախաղի շահող մասնակիցների եւ պետության հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման նպատակով: Սույն օրենքի իմաստով ֆինանսական երաշխիք է համարվում բանկի կամ ապահովագրական կազմակերպության կողմից տրված երաշխիքը:»: 

Տվյալ նորմով բավականին մեծ ֆինանսական բեռ է դրվում վիճակախաղերի կազմակերպիչների վրա (ինչը հավասար է, օրինակ, ապահովագրական ընկերությունների կանոնադրական կապիտալի նվազագույն չափի կեսին), որը կարող է հանգեցնել այս ոլորտում մրցակցության թուլացմանը, մրցակցության կենտրոնացմանը եւ շուկայից որոշ կազմակերպությունների դուրս մղմանը: Կարծում ենք նաեւ, որ ամրագրվող ֆինանսական երաշխիքի չափը պետք է համաչափ լինի նաեւ վիճակախաղերի կազմակերպիչների կողմից իրենց պարտավորությունների չկատարման ռիսկին, որն էլ, դատելով այս ոլորտում առկա խնդիրների համալիրից, այնքան էլ մեծ չէ:

5. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող լրացման նոր` 5.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «Բուքմեքերային գրասենյակ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ եւ չափանիշներին համապատասխան տարածքներում:», իսկ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով էլ. «Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ «ԱՄ», «ՀԱՅ» դոմենային տիրույթներում:»: Այս դրույթները, կարծում ենք, բացասաբար կարող են ազդել նշված համայնքների զբոսաշրջային գրավչության մակարդակի վրա, քանի որ արտասահմանցի զբոսաշրջիկը, որը պարբերաբար խաղադրույքներ է կատարում ամբողջ աշխարհում գործող տոտալիզատորների միջոցով, ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածում զրկված է լինելու նման հնարավորությունից, իսկ հայկական տոտալիզատորների միջոցով խաղադրույքների կատարումն էլ քիչ հավանական կլինի` կապված լեզվական եւ այլ դժվարությունների հետ:  

6. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող լրացման նոր` 5.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով, բացառությամբ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման դեպքի: Նշված հաշիվները համալրվում են եւ հաշիվներից գումարը կանխիկացվում է միայն վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:»: Տվյալ մասի հետ կապված առկա են որոշ խնդիրներ, մասնավորապես` առաջարկվող նորմից հստակ չի հասկացվում, թե ու՞մ է ուղղված տվյալ արգելքը կամ կոնկրետ ու՞մ է արգելվում կանխիկի մուտքագրումն ու ելքագրումը: Եթե տվյալ արգելքը վերաբերում է տոտալիզատորի մասնակիցներին, ապա գործնականում անհնարին կլինի վերահսկել այդ գործընթացը` եթե մասնակիցը հնարավորություն ունենա որեւէ կերպ կանխիկի մուտքագրում կատարել իր հաշվին (օրինակ` տարբեր տերմինալների միջոցով), հետեւաբար` տոտալիզատորի մասնակիցների համար նման արգելքի սահմանումն անիմաստ է դառնում` առավել եւս, որ այդ արգելքի անտեսման համար որեւէ պատասխանատվություն չի սահմանվում: Ուստի, կարելի է ենթադրել, որ կանխիկ եղանակով տոտալիզատորի մասնակիցների հաշիվների համալրման եւ դրանցից կանխիկացման արգելքը պետք է վերաբերի այն կազմակերպություններին, որոնք ընձեռում են նման հնարավորություններ, օրինակ` նույն «TELCEL», «EASYPAY» եւ այլ տերմինալներ շահագործողներին, որոնց էլ պետք է պարտադրել` նախ վերացնելու (արգելափակելու) իրենց համակարգերի միջոցով տոտալիզատորների հաշիվներին կանխիկ գումարների հաշվեգրման հնարավորությունը, եւ երկրորդ` տոտալիզատորի մասնակցի բանկային հաշվեհամարին փոխանցելու մասնակցի շահումը (այլապես կարող է ստեղծվել այնպիսի վիճակ, երբ մասնակիցն իր շահումը կարող է կանխիկ ստանալ միայն ՀՀ չորս համայնքների` Ծաղկաձորի, Սեւանի, Ջերմուկի եւ Մեղրիի տարածքում գործող բուքմեյքերային գրասենյակներից):   

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

7. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման տեքստով սահմանվում է, որ. «Հանրային նշանակության օբյեկտները (սրճարան, բար, ռեստորան, հյուրանոց, ինտերնետ ակումբ (սրահ), գազալցակայան, առեւտրի սրահ, զվարճանքի եւ հանրային սպասարկման այլ վայրեր) շահագործող անձինք պարտավոր են արգելափակել ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի՝ համապատասխան սարքավորումներով հասանելիությունը:», որի հետ կապված հարկ է նշել հետեւյալը.

ա) նախ անհրաժեշտ է տվյալ մասի «պարտավոր են» բառերից հետո ավելացնել «իրենց օբյեկտների տարածքում» բառերը, այլապես տարընթերցում կարող է առաջանալ տվյալ պարտավորության կատարման տարածքային ընդգրկման առումով,

բ) առանձին քննարկման հարց է հանրային նշանակության օբյեկտներ շահագործողների կողմից ընդհանրապես որեւէ կայքի հասանելիության արգելափակման հարցը: Օրինակ` որեւէ բարում կամ վարսավիրանոցում դրված է «wifi» սարք, որի միջոցով  հաճախորդները միանում են ինտերնետին: Հարց է առաջանում. շահագործողն ինչպե՞ս պետք է արգելափակի այս կամ այն կայքի հասանելիությունը (գործնականում, այսպիսի արգելքի սահմանումը կարող է հանգեցնել նրան, որ շահագործողներն ընդհանրապես ինտերնետ հասանելիություն չեն ապահովի, ինչն էլ կարող է վնասել նրանց գործունեությանը): Կամ մեկ այլ դեպքում` հաճախորդն իր սարքի (հեռախոս, պլանշետ եւ այլն) միջոցով, որն ունի առանձին ինտերնետ հասանելիություն, բարի կամ վարսավիրանոցի տարածքում մուտք է գործում վիճակախաղի կազմակերպման որեւէ կայք եւ խաղում կամ տոտալիզատորի միջոցով խաղադրույք է կատարում: Հարց է առաջանում. արդյո՞ք հանրային նշանակության օբյեկտ շահագործողը տուգանվելու է այդ դեպքում (քանի որ նա պարտավոր էր իր օբյեկտի տարածքում արգելափակել համապատասխան կայքերին հասանելիությունը): 

գ) Բացի այդ, եթե նույնիսկ ենթադրենք, որ հնարավոր բոլոր դեպքերում նշված կայքերի հասանելիությունն արգելափակելը տեխնիկապես հնարավոր է դառնում, ապա հանրային նշանակության օբյեկտ շահագործողը ստիպված պետք է լինի հատուկ մասնագետներ վարձել, որոնք շարունակական մոնիտորինգ պետք է իրականացնեն նշված կայքերի եւ դրանց անվանումների, հասցեների եւ մյուս բաղադրիչների նկատմամբ, որոնք կարող են հաճախակի փոխվել եւ դուրս մնալ արգելափակման շրջանակներից: Ընդ որում, միայն այս գործառույթների իրականացումը հանրային նշանակության օբյեկտ շահագործողի համար կարող է ավելի ծախսատար լինել, քան բուն իր հիմնական գործունեությունը կամ ծառայությունը, ինչն էլ անհարկի խոչնդոտ կհանդիսանա տնտեսվարող սուբյեկտների համար:

դ) առաջարկվող լրացմամբ հանրային նշանակության օբյեկտներ շահագործողների վրա պարտավորություն է դրվում արգելափակել ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման միայն լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի՝ համապատասխան սարքավորումներով հասանելիությունը, իսկ լիցենզիա չստացած եւ անօրինական գործունեություն ծավալողների կայքերին (այդ թվում` նաեւ ոչ պաշտոնական) հասանելիության արգելափակման մասին խոսք չի գնում, ինչն էլ կարող է տնտեսավարողներին մղել ստվերային գործունեության դաշտ: Այս կապակցությամբ առաջարկում ենք տվյալ լրացման «ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի՝» բառերը փոխարինել «վիճակախաղի կազմակերպման գործունեություն ծավալող ինտերնետային կայքերի`» բառերով:

     

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

փորձաքննության վարչության պետ`                             Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

19.02.2019թ.