ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Խ-21-25.02.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 
 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.  Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.  Նախագծով առաջարկվում է անշարժ գույքի հարկից ազատել «գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում, տվյալ տարվա համար»: 

3. Այս կապակցությամբ, հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) Նախագծի բովանդակությունը որոշակի տարընթերցումների եւ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ` պայմանավորված հարկային արտոնությունից օգտվելու համար 1-ին հոդվածում ներկայացված պայմանների միաժամանակյա ապահովման պահանջի հետ: Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի. «Եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, ապա չի կարող կիրառվել «եւ» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով:»: Այս կապակցությամբ, կարծում ենք, որ տարընթերցումներից խուսափելու համար պետք է հստակ սահմանել, որ Նախագծով նախատեսվող անշարժ գույքի հարկից ազատումը վերաբերում է միայն այն հողամասին, որը կրել է առնվազն 50 տոկոս վնաս: Ելնելով նշվածից, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ պմբագրությամբ:

«17) գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ (կամ) այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) մշակաբույսերի կամ պտղատու այգիների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում` վնաս կրած հողերի գծով, տվյալ տարվա համար:»:

բ) Հարկ ենք համարում նշել, որ առաջարկվող հարկային արտոնությունն, ըստ էության, չի կարող դիտարկվել որպես գյուղատնտեսական նշանակության հողերի, տնամերձ եւ այգեգործական հողամասերի սեփականատերերին տրվող ամբողջական փոխհատուցում, քանի որ բնակլիմայական աղետների հասցված վնասի չափը եւ հարկային արտոնության տրամադրման արդյունքում չվճարված հարկի գումարը միմյանց հետ ուղղակի կապ չունեն մի քանի պատճառներով: Այսպես, համաձայն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք» ՀՀ օրենքի 224-րդ հոդվածի 1-ին մասի, անշարժ գույքի հարկը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողերի համար անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվում կադաստրային գնահատման կարգով հաշվարկված հաշվարկային զուտ եկամուտը, որն էլ հաշվարկվում է որպես գյուղատնտեսական նշանակության հողի մակերեսի (արտահայտված հեկտարներով) եւ գյուղատնտեսական նշանակության համապատասխան հողատեսքի, համապատասխան հողագնահատման շրջանի, համապատասխան գնահատման խմբի հաշվարկային զուտ եկամտի (մեկ հեկտարի հաշվարկով) արտադրյալ: Հետեւաբար, անշարժ գույքի հարկի գումարը կախված չէ մշակվող մշակաբույսերի եւ պտղատու այգիների արժեքից, ուստի նաեւ նրանց հասցված վնասից: Այս առումով, կարծում ենք, որ նշված նախաձեռնությունը պետք է դիտարկել ընդամենը որպես պետության կողմից գյուղատնտեսական նշանակության հողերի, տնամերձ եւ այգեգործական հողամասերի սեփականատերերին տրվող նվազագույն ֆինանսական աջակցություն, որը կապված կամ պայմանավորված չպետք է լինի կառավարության կողմից նման դեպքերում տրվող վնասի փոխհատուցման հետ (եթե նման որոշում կառավարության կողմից ընդունվում է): 

գ) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով գյուղատնտեսական նշանակության հողեր են համարվում գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված եւ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաեւ գյուղատնտեսական այլ նպատակների համար նախատեսված հողատեսքերը: Ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողատեսքերի, բաժանվում են վարելահողերի, բազմամյա տնկարկների, խոտհարքների, արոտավայրերի եւ այլ հողատեսքերի: Հետեւաբար, գյուղատնտեսական նշանակության հողերը կարող են օգտագործվել ոչ միայն մշակաբույսերի ու պտղատու այգիների մշակման նպատակով: Այս առումով, ներկայացված Նախագծում ամրագրված ձեւակերպումը առաջացնում է որոշակի հարցադրումներ: Մասնավորապես, գյուղատնտեսական նշանակության հողերի բնակլիմայական աղետների հետեւանքով միայն մշակաբույսերի եւ պտղատու այգիների վնասվելու դեպքում է տրամադրվելու հարկային արտոնություն, թե՞ նաեւ այդ հողերի այլ նշանակությամբ (օրինակ՝ խոտհնձի) օգտագործելու դեպքում: 

դ) Նախագծով բնակլիմայական աղետներ են դիտարկվում «կարկուտը, երաշտը, ցրտահարությունը եւ այլն», որը, մեր կարծիքով, հստակեցման կարիք ունի: Մասնավորապես, հարց է առաջանում` ցրտահարությունը, փոթորիկը, սելավը կամ հեղեղները հանդիսանու՞մ են բնակլիմայական աղետ, թե՞ ոչ: Հետեւաբար, տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով Նախագծում բնակլիմայական աղետների տեսակներն առաջարկում ենք սպառիչ սահմանել, քանի որ դրանք հարկային արտոնության տրամադրման կարեւոր պայմաններից մեկն են:

ե) Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 9-րդ մասի, Օրենսգրքի 11-րդ բաժինը, որը վերաբերում է անշարժ գույքի հարկին (բացառությամբ Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի) ուժի մեջ պետք է մտնի 2020 թվականի հունվարի 1-ից, իսկ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Այսինքն, Նախագծի ընդունման դեպքում 2019 թվականին հնարավոր չի լինի կիրառել առաջարկվող հարկային արտոնությունը, իսկ կիրառման նպատակով, կարծում ենք, համապատասխան լրացում պետք է կատարել նաեւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում, որն էլ կգործի մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Այս կապակցությամբ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 2-րդ հոդվածը եւ ամրագրել, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

զ) Նախագծի ընդուման դեպքում, ակնհայտորեն, համապատասխան համայնքների բյուջեներում տեղի կունենա տրամադրված արտոնությունների չափով եկամուտների կորուստ եւ կգործի «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի. «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները (այսուհետ` համայնքի բյուջեի կորուստներ) պետության կողմից փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին` սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:»: 

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության տնտեսական 

փորձաքննության բաժնի պետ`                                    Գ. Կիրակոսյան 

05.03.2019թ.